Ովքեր են ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար-2019»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20
Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար» երգի ամենամյա միջազգային մրցույթի ազգային նախընտրական եզրափակիչ փուլը, որի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց մանկական եւ երիտասարդ կատարողներից մեկական հաղթող, ովքեր հուլիսի 8-ից 18-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք ամենամյա «Սլավյանսկի բազար-2019» միջազգային մրցույթ-փառատոնում կներկայացնեն Հայաստանը:
Մրցութային կատարումներից հետո 7 հոգուց բաղկացած ժյուրին գրեթե մեկ ժամ կայացրած քննարկումից հետո վերադարձավ դահլիճ` միասնական «վճիռը» հայտարարելու: Արդյունքում հայտնի դարձավ, որ «Սլավյանսկի բազար» մանկական կատարողների մրցույթում մեր երկիրը կներկայացնի 10-ամյա Անժելա Ալբերտյանը, որը սովորում է Երեւանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: Իսկ արդեն երիտասարդ կատարողների մրցույթում` Մոնիկա Մանուչարովան, ով հանրությանը հայտնի է «Մանկական Եվրատեսիլ-2008»-ից, երբ Հայաստանը ներկայացրեց «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Իսկ երկու տարիքային խմբերի բոլոր մասնակիցները, որոնք անցել էին ժյուրիի լսումների փուլը, արժանացան շնորհակալագրերի: Ազգային նախընտրական փուլ իրականացնող կազմկոմիտեի ղեկավար, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մինչ կհայտարարեր հաղթողների անունները, ասաց, որ ժյուրին բարդ ընտրության առաջ է եղել, եւ առաջնորդվել են մի քանի չափորոշիչներով. «Հաշվի է առնվել ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, անցած ճանապարհը, այլ նաեւ մրցույթի ինչպիսի պահանջներ ունենք եւ ինչ կարող ենք ներկայացնել այդ հեղինակավոր մրցույթում: Այսինքն` մասնակցի ընտրության գործում ոչ միայն նայել ենք պրոֆեսիոնալիզմի սկզբնակետը, այլ նաեւ հետագայում մեր ներկայացվելիք աշխատանքի արդյունքը, որովհետեւ այդ մասնակիցների հետ 4 ամիս աշխատելու է Երեւանի մշակույթի պետական քոլեջի մի ամբողջ հսկայական թիմ, սկսած մասնակիցների վոկալից մինչեւ բեմական խոսք, կեցվածք ու շարժում»:
Ազգային նախընտրական ժյուրիի կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը, երգիչ, ԵՄՊՔ կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյանը, երգիչ, ԵՄՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ռեժիսոր Համլետ Թադեւոսյանը եւ ոճաբան-պրոդյուսեր Հարություն Քելլեյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.