«Այդ ո՞վ է ձեզ համոզել, որ կաշառակերության եւ ամենաթողության այլընտրանքը, այլասերությունն է...»
Արխիվ 16-20«Դատապարտելի է սրբապղծության ցանկացած դրսեւորում, վայր եւ ժամանակ, սակայն, առավել դատապարտելի է, երբ սրբապղծության վայր է ընտրվում պետության բարձրագույն օրենսդիր մարմնը` Ազգային ժողովը», - շեշտում է «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այսօր բոլորիս աչքերի առջեւ ՀՀ ԱԺ-ն դառնում է հայ ժողովրդի նկարագրից շեղված ինստիտուտ: Չգիտես` ինչու, Արարատ Միրզոյանին թվում է, որ ՀՀԿ-ի ապօրինություններին ու ամենաթողությանը պատասխան` ժողովրդի ցասումի եւ ատելության ֆոնին իշխանության եկած քաղաքական ուժն իրավունք է ստացել ո՛չ միայն հովանավորելու այլասերվածությունը, այլեւ ամենաբարձր ամբիոններից քարոզելու սրբապղծությունը, այն էլ մեր՝ քրիստոնեաներիս համար, այսքան կարեւոր մի ժամանակահատվածում՝ Մեծ Պահքի ընթացքում, Սուրբ Հարության տոներից առաջ:
ԱԺ-ն ոչ մեկի անձնական բոստանը չէ, ուստի՝ հորդորում եմ` զերծ մնալ ԱԺ ամբիոնը սրբապղծության հրովարտակներ արձակելու հարթակ դարձնելու ազգակործան մտադրությունից»:
Վ. Չախալյանը հորդորում է. «Տղե՛րք, լրջանալու ժամանակն է, մենք մեր այս պետականության համար շատ թանկ գին ենք վճարել` մեր ընտրյալ զավակների արյամբ, իսկ այն, ինչ այսօր անում եք դուք, ուրացում է, այն, ինչ ցանում եք այսօր, վաղը համեղ պտուղներ չի տալու: Ցանկանում եմ հուշել, որ հայ ժողովուրդը պատրաստ է` շատ բաներ ներելու ձեզ, սկսած «կոկորդիլոսներով», վերջացրած տանը «հեռուստացույց եւ լվացքի մեքենա չունենալու» շոուներով, բայց նա չի՛ կարող հանդուրժել եւ ներել սրբապղծությունը, դա մեր չէ, դա անհամատեղելի է մեր անցյալի հերոսական նկարագրի հետ: Հավատացնում եմ` եթե օր առաջ չսթափվեք ու կանգ չառնեք, ՀՀԿ մերժած ժողովուրդը շատ ավելի հանգիստ ձեզ էլ կմերժի: Վստահ եղեք` ցանկացած ոք պատասխան է տալու սեփական արարքների համար, ժամանակը հիշելու է բոլորիդ ...»:
Որպես հետգրություն՝ Վ. Չախալյանը հավելում է. «Այդ ո՞վ է ձեզ համոզել, որ կաշառակերության եւ ամենաթողության այլընտրանքը, այլասերությունն է...»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով: Լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել տրանսգենդեր, որը մասնավորապես նշել է. «Մի քանի ամիս առաջ անհնար էր երեւակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:
Տրանսգենդերը նշեց, որ պահանջում են օրենքներ ընդունել գենդերային հավասարության մասին՝ խոստովանելով, որ իրենք կապավինեն իշխանություններին: