««Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք»
Արխիվ 16-20«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որի եղբայրն ու նրա ընտանիքը վարձով բնակվում են Արտաշատում սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Մինչ Երեւան տեղափոխելը, Արտաշատի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժիշկը նախապես տեղեկացրեց ինձ, որ Արտաշատից Երեւան բերելու համար պետք է վճարենք 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց նա:
Արսեն Արսենյանը` Լարիսա Արսենյանի եղբայրը, հիմա «Նորք Մարաշ ԲԿ-ում է, 2-րդ կարգի հաշմանդամ է (ոտքն անդամահատված), «Փարոս» համակարգի շահառու: «Հնարավորություն չունենք ստենդ դնելու, քանի որ դա մեծ գումար է: Դիմել ենք առողջապահության նախարարություն երկու անգամ, սակայն մերժում ենք ստացել: Խնդրում եմ` եթե կարող են, թող օգնեն մեզ: Եղբորս վիճակն այնպես է, որ չենք կարող նրան տուն տանել»,- օգնություն է հայցում Լարիսա Արսենյանը:
«Իրավունք»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ` պարզաբանում ստանալու: «Անվճար ստենդավորում ՀՀ-ում կատարում են «Փարոս» համակարգում 36 եւ ավելի միավորներ ունեցողների համար: Իսկ ձեր նշած հիվանդը ունի 30 բալ: Բայց կարող են առողջապահության նախարարի անունով գրավոր դիմում ուղարկել: Հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, ու եթե հնարավոր է, պետությունն կաջակցի»,- ասաց ԱՆ-ի մամլո խոսնակը:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Արսենյան ազգանունով քաղաքացու իրենք չեն տեղափոխել: «Գուցե «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյո՞ւղն է տարել: Դիմեք նրանց»,- հորդորեց տիկին Ժամկորյանը: Այդպես էլ արեցինք: Սակայն հստակ պատասխան չլսեցինք: Մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը խնդրեց հրապարակել հիվանդին տեղափոխողի անուն-ազգանունը: «Ե՞ս եմ տարել հիվանդին: Նման բան չեմ արել: Անուն-ազգանունով ասեք` ով է տարել, որ իմանամ` ինչ անել: Կամ ասեք հիվանդին, թող մեզ հետ կապ հաստատի, որ այդ հարցը իր հետ լուծենք: Կոնկրետ դեպքերի համար ենք գումար վերցնում, կասսա ենք մուծում»,- ասաց բաժնի վարիչը:
Հարցին` հիվանդի հարազատները գնացուցակի մասին որտեղից կարող են տեղեկանալ, Չիբանյանի խոսքով` բոլոր հիվանդանոցներում կա փակցված գնացուցակը: Իսկ ինչո՞ւ «Շտապօգնությունը» կտրոն չի տվել, մասնաճյուղի բաժնի վարիչն ասաց. «Դա պետք է ճշտել: Տեղափոխված հիվանդների ցուցակն ինձ մոտ չէ»:
Փաստորեն, հիվանդի հարազատները հիվանդին թողած, պետք է հարցնեին տեղափոխողի անունը ազգանունը, ծնչակտուր վազեին հիվանդանոց` գները ճշտելու, որից հետո որոշեին` ի վիճակի՞ են օգտվելու շտապօգնության ծառայությունից, թե՞ ոչ:
Սոնա Դավթյան