« 4+4+4 ֆորմատի շրջանակներում, կարծում եմ, կլինի միասնական հայտարարություն». Վահրամ Բաղդասարյան
Արխիվ 16-20
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչև ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։ ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` նոր բանակցություններ գուցե լինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ:
«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզեց` ինչ բանակցությունների մասին է խոսքը, ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ինչ հարցեր պետք է քննարկվեն 4+4+4 ֆորմատի շրջանակներում: «Քննարկումները շարունակվում են: Վաղն էլ դրանք կլինեն: Սեպտեմբերի մեկից հետո կլինեն համաձայնեցված հայտարարություններ: Քննարկումների ժամանակ պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ ընտրություններին առնչվող բոլոր կասկածները կարողանանք փարատել եւ բարձրացնել հանրության վստահությունը»,- ասաց Բաղդասարյանը:
- Փաստորեն, քննարկումները 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվում են:
- Այո:
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվող քննարկմանը:
- Այո, նաև նրանց հետ:
- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը չի համարում իշխանության հայտարարություն: Այսինքն` Արամ Մանուկյանի խոսքից կարելի է ենթադրել` 4+4+4 ֆորմատի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը կարող է կյանքի կոչվել:
- Քանի որ քննարկումները շարունակվում են, Արամ Մանուկյանի կուսակցությունը այս ֆորմատում է: Քննարկումների ավարտից հետո կարծում եմ միասնական հայտարարություն կհնչի:
- ԸՕ-ի դրույթները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարների մասին հակասական տեղեկություններ կան: Արամ Մանուկյանը հայտարարել է` կան գումարները, իսկ իշխանության ներկայացուցիչները կարծես հակառակն են պնդում:
- Եթե ոչ այս ընտրություններին, ապա մյուս ընտրություններին պետք է ԸՕ-ի դրույթները կյանքի կոչվեն:Ինչ վերաբերում է գումարներին, ապա դրանք փաստացի մեր ձեռքի տակ չեն եղել:
- Ընդդիմադիր որոշ ուժեր վստահ են` ՀՀԿ-ը ՏԻՄ ընտրություններում պարտվելու է: Հատկապես Գյումրիում եւ Վանաձորում ՀՀԿ-ի պարտությունը, որոշ ընդդիմադիրների խոսքով, անխուսափելի է...
- Թույլերն իրենց ուժը ոնց պետք է ցույց տան: Կարծում եք` պետք է հայտարարեն, որ մասնակցում են պարտվելու համա՞ր: Փոխանակ իրենց ուժերը գնահատեն, գնահատում են ՀՀԿ-ի ուժերը:
- Այս ամենը հաշվի առնելով` քաղաքական ի՞նչ աշուն եք կանխատեսում:
- Չեմ ցանկանում կանխատեսումներով առաջնորդվել: Ընտրությունները սարերի ետեւում չեն: Արդյունքներից ամեն ինչ պարզ կլինի: Մեզ համար կարեւորն այն է, որ լինի քաղաքական պայքար:
Սոնա Դավթյան