«4+4+4 ՖՈՐՄԱՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԿԼԻՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 16-20
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչեւ ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել: ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` նոր բանակցություններ գուցե լինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Իրավունքը» ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ պարզեց` ինչ բանակցությունների մասին է խոսքը, ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ինչ հարցեր պետք է քննարկվեն 4+4+4 ֆորմատի շրջանակներում:
- Քննարկումները շարունակվում են: Վաղն էլ դրանք կլինեն: Սեպտեմբերի 1-ից հետո կլինեն համաձայնեցված հայտարարություններ: Քննարկումների ժամանակ պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ ընտրություններին առնչվող բոլոր կասկածները կարողանանք փարատել եւ բարձրացնել հանրության վստահությունը:
– Փաստորեն, քննարկումները 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվում են:
– Այո:
– Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվող քննարկմանը:
– Այո, նաեւ նրանց հետ:
– ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը չի համարում իշխանության հայտարարություն: Այսինքն` Արամ Մանուկյանի խոսքից կարելի է ենթադրել` 4+4+4 ֆորմատի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը կարող է կյանքի կոչվել:
– Քանի որ քննարկումները շարունակվում են, Արամ Մանուկյանի կուսակցությունը այս ֆորմատում է: Քննարկումների ավարտից հետո, կարծում եմ, միասնական հայտարարություն կհնչի:
– ԸՕ-ի դրույթները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարների մասին հակասական տեղեկություններ կան: Արամ Մանուկյանը հայտարարել է` կան գումարները, իսկ իշխանության ներկայացուցիչները կարծես հակառակն են պնդում:
– Եթե ոչ այս ընտրություններին, ապա մյուս ընտրություններին պետք է ԸՕ-ի դրույթները կյանքի կոչվեն: Ինչ վերաբերում է գումարներին, ապա դրանք փաստացի մեր ձեռքի տակ չեն եղել:
– Ընդդիմադիր որոշ ուժեր վստահ են` ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվելու է: Հատկապես Գյումրիում եւ Վանաձորում ՀՀԿ-ի պարտությունը, որոշ ընդդիմադիրների խոսքով, անխուսափելի է...
– Թույլերն իրենց ուժը ոնց պետք է ցույց տան: Կարծում եք` պետք է հայտարարեն, որ մասնակցում են պարտվելու համա՞ր: Փոխանակ իրենց ուժերը գնահատեն, գնահատում են ՀՀԿ-ի ուժերը:
– Այս ամենը հաշվի առնելով` քաղաքական ի՞նչ աշուն եք կանխատեսում:
– Չեմ ցանկանում կանխատեսումներով առաջնորդվել: Ընտրությունները սարերի ետեւում չեն: Արդյունքներից ամեն ինչ պարզ կլինի: Մեզ համար կարեւորն այն է, որ լինի քաղաքական պայքար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ