КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 09. 12. 2019 : :
«Իրավունք» թերթի ընթերցողների ակտիվ քվեարկության, ինչպես նաեւ հեռախոսազանգերի եւ խմբագրությանն ուղղված նամակների արդյունքում` հիվանդներին լավագույնս սպասարկելու համար 2018 թվականի տարվա լավագույն բժշկական կենտրոն է ճանաչվել «Նորք-Մարաշ» բկ-ն: Վերոնշյալ պատվոգիրը հանձնեցինք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԻՆ, ով շնորհակալություն հայտնեց իր կողմից ղեկավարվող բկ-ին նման կոչման արժանացնելու համար` նշելով, որ պատվոգիրը առաջին հերթին պարտավորեցնող է իրենց համար:
«ԼԻՆԵԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ` ԻՐ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ, ԳԵՐՀԱԳԵՑՎԱԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ»
Ապա, անդրադառնալով իր տնօրեն նշանակվելուց հետո վերջին մի քանի ամիսներին կատարված դրական փոփոխություններին, նկատեց.
- Նախ պետք է արձանագրել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցները մշտապես փորձել են լավագույնս ներկայացնել բկ-ն: Պարզապես այս ամիսների ընթացքում փոխեցինք աշխատաոճը, մենենջմենթի մեջ փոփոխություն իրականացրինք, որն էլ իր արդյունքները սկսեց տալ:
- Կմանրամասնեք` կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են իրականացվել բժշկական կենտրոնում:
- Հիմնականում հերթագրումների կարգն է փոխվել, իրականացվել են փոփոխություններ առաջարկվող ծառայությունների մեջ եւ այլն: Անկեղծ ասած, այս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները բավականին շատ են, բայց կարեւորն այն է, որ համենայնդեպս այսօր արդյունքն ակնհայտ է:
- Ժամանակակից բուժսարքավորումներով հագեցվածության խնդիր կա՞ այսօր բկ-ում:
- ԲԿ-ն Ավստրիական բանկի վարկային ծրագրով 2017թվականին ձեռք է բերել բավականաչափ նոր, ժամանակակից բուժսարքավորումներ, որոնք տեղադրվել եւ սկսել են կիրառվել արդեն 2018 թվականի սկզբին: Եվ այսօր, լինելով պետական կլինիկա, իր հագեցվածությամբ չի զիջում մասնավոր, գերհագեցված հիվանդանոցներին: Ասեմ ավելին, ունենք սարքավորումներ, որոնք իրենց առկայությամբ ՀՀ-ում յուրահատուկ են եւ առկա են միայն «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
- Պարոն Ադամյան, անդրադառնանք նաեւ սրտանոթային հիվանդություններին, ինչպիսի՞ դինամիկա է նկատվում Հայաստանում:
- Ցավոք, պետք է նշել, որ սրտանոթային հիվանդությունները բավականին երիտասարդացել են, ըստ այդմ` հիվանդների քանակը բավականին շատ է:
- Հետաքրքի՞ր է` մանուկների շրջանում սրտանոթային հիվանդությունների վիճակագրությունը ինչպիսին է:
- Չեմ կարող ասել, որ հստակ ստատիկա կա, որ մանկական սրտային հիվանդությունները շատացել են: Հաշվի առնելով, որ մեր կլինիկան առաջատարն է հենց մանկական սրտաբանության առումով` կարելի է ասել միակը: Ըստ այդմ, հաշվի առնելով, համենայնդեպս, մանկական վիրահատությունների քանակը` չի կարելի ասել, որ մանուկների շրջանում սրտանոթային հիվանդությունների քանակը շատացել է Հայաստանում:
- Կան սրտի հետ կապված այնպիսի վիրահատություններ, որոնք չեն իրականացվում Հայաստանում:
- Այո, Հայաստանում հիմնականում չեն իրականացվում այն վիրահատական միջամտությունները, որոնք որ բավականին թանկարժեք են: Սակայն այս տարի արդեն պլանավորում ենք իրականացնել այդ վիրահատությունները եւս: Արդեն ունենք պայմանավորվածություններ մի շարք արտասահմանյան կոլեգաների հետ, ինչպես նաեւ ունենք տեղի մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են այդ առումով: Պլանավորում ենք 2019 թվականին զարգացնել նաեւ այդ առումով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ