o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի թիզ հող անգամ չի կարելի տալ խաղաղության դիմաց». Մադլեն Ասրյան (Տեսանյութ)

12.03.2019 12:05
«Մի թիզ հող անգամ չի կարելի տալ խաղաղության դիմաց». Մադլեն Ասրյան (Տեսանյութ)

«Պետությունը պետք է սիրի, շատ գումարներ ներդնի մշակույթի վրա, այն էլ` մեր դարերով եկած մշակույթի»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հայաստանի երգիչների միավորման նախագահ, երգահան, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ` անդրադառնալով նաեւ երգիչների հարկեր վճարելուն, զենքերը զարդերի վերածելու գաղափարին, շեշտելով, որ զարդերով ու հող հանձնելով խաղաղություն ձեռք չեն բերում:

 

«ԵԹԵ ՀԱՅ ԱԶԳԸ ՉԵՂԱՎ, ԵՐԿԻՐԸ ԿԿՈՐԾԱՆՎԻ»

Ես էլ եմ համաձայն, որ խաղաղություն լինի, բայց ոչ հողերը հանձնելով: Եթե երկկողմանի խաղաղություն է լինելու, իսկ ո՞վ չի ուզում, բայց մի թիզ հող անգամ չի կարելի տալ խաղաղության դիմաց: Զարդեր էլ կարելի է պատրաստել, երբ դիմացինդ վայր է դնում իր զենքերը եւ չի ուզում պատերազմ: Բայց նա աչքերը չռած սպասում է, թե մենք երբ պետք է թույլ լինեք, որ հարձակվի եւ հողերը գրավի: Իսկ ո՞ւմ հողերը գրավի, հայկակա՞ն: Իրենք, որ ապում են, դա արդեն հայկական հող է, մեր Բակուրակերտի, մեր Ատրպատական հողի վրա են ապրում ու մի բան էլ բողոքում: Նույնն է, որ հիմա մեկը գա, մտնի իմ տունն ու ասի` վեր կաց գնա, սա իմ տունն է... Այս տարիները մեզ համոզել են, որ պետք է ապրենք եւ ապրում ենք  մեր ազգը, մեր հողերը պահպանելու համար: Ամենքս մեր գործն ենք արել ու շարունակում ենք անել: Մշակույթը, եկեղեցին շատ կարեւոր դեր են կատարում ազգի եւ պետության պահպանման համար: Իսկ ընտանիքը պետության հիմքն է, բայց փոխարենը այսօր տարբեր գաղափարներ են առաջ բերում: Որքան ուզում է կուսակցություններ, աղանդավորներ լինեն, մենք միայն մի գաղափարի շուրջ պետք է համախմբվենք` մեր ազգի, պետության պահպանման, որպեսզի ոչ մի ոտնձգություն չլինի: Հռոմի պապը, երբ եկավ մեր երկիր, հայտարարեց, որ Հայաստանը սուրբ երկիր է, իսկ մենք դա չենք պահում, ինչո՞ւ: Եթե Հայաստանը սուրբ երկիր է, ապա պետք է չեզոք երկիր լինի, որ ոչ մեկը չմտածի` ոտք դնի ու մի թիզ հող վերցնի: Մենք սուրբ հող ունենք, հերիք չէ՞, որ ծովից ծով Հայաստանը ինչ-ինչ պատճառներով կորցրինք ու եկանք հասանք մի բուռ հողի: Մեր ազգը ամենահին ազգն է, պետք է ապրենք, գոյատեւենք, եթե հայ ազգը չեղավ, երկիրը կկործանվի, որովհետեւ հայն է ողջ աշխարհի մարդկության դոնորը: Մեր հերոսներին պետք է մեծարենք, քանի որ սահմանները նրանք են պահել, ինչպես նաեւ մեր մատաղ սերունդը, որոնք անմնացորդ նվիրվել են մեր հողին, մեր սահմաններին: Պետք է մեր հայրենիքը հզորանա, ուժեղ լինենք, որ վախենան մեզնից: Մեր գիտնականներին կոչ եմ անում այնպիսի զենքեր պատրաստեն, որ մեր թշնամու մտքով անգամ չանցնի` մեզանից հող ուզի: Իսկ մեր իշխանություններին էլ կոչ եմ անում` սատար լինեն նրանց, քանի որ մեր գիտնականները գնում ու ուրիշ երկրներում են իրենց գիտական աշխատանքներն անում, ափսոս է, մեր երկրում պետք է դա լինի, հզորանանք այնքան, որ ոչ մեկի մտքով չանցնի` մեզ հետ նույնիսկ պատերազմել:

 

«ԵԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՀԱՅ ԱԶԳԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԼԱՎ ԱՉՔՈՎ ՆԱՅԵՔ»

- Տիկին Ասրյան, այսօր մշակույթը կարծես թիրախավորված է հենց երկրի կառավարության կողմից:

- Խնդրում եմ, մշակույթին լավ աչքով նայեք, եթե սիրում եք հայ ազգը, պետք է մշակույթին մեծ տեղ տաք, քանի որ դա է մեր ազգի փրկությունը: Ազգը պահում է մշակույթն ու լեզուն, դրա համար շատ կուզենայի, որ մշակույթի մարդիկ ուշադրության կենտրոնում լինեն, մշակույթին մեծ գումար տրամադրվի, որ մշակույթի գործիչները ապահովված լինեն` լավ հագնվեն, լավ օծանելիքով օծվեն, քանի որ հանրային մարդկանց նիստուկացը պետք է օրինակելի լինի հանրության համար: Էլ չեմ ասում նրանց խոսքը, որն աղավաղված է հնչում նույնիսկ եթերից` ֆիլմերում, սերիալներում, հաղորդումներում: Փոխարենը` ավելի հաճելի կլիներ, որ հնչեր գրագետ խոսք, փողոցային ժարգոնը չմտներ մեր բնակարանները, դա մեզ չի սազում:

- Պատճառաբանում են, որ դա է պահանջված հանրության կողմից:

- Դա պահանջված չէ, եթե դուք գաք մեր տուն, ես ձեզ ինչ կհյուրասիրեմ, այն էլ` կճաշակեք: Կոչ եմ անում հեռուստաընկերություններին` մի քիչ զուսպ, մի քիչ գեղեցիկ, հայեցի խոսք հրամցրեք, ախր, այնքան գեղեցիկ խոսքեր ունենք, բայց, չգիտես ինչու, մեր լեզուն տանում են դեպի օտարացման: Ինչո՞ւ օգտագործենք օտար բառեր, երբ մեր լեզուն շատ հարուստ է, գեղեցիկ է: Մեր ազգը ամենահին ազգն է, պետք է պահպանենք, մեր պապերը դարերով փոխանցել են մեզ, եւ մենք պարտավոր ենք պահպանել եւ փոխանցել մեր հաջորդ սերնդին:

«ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄՏԱԾԻ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

- Վերջին շրջանում ողջ հանրության քննարկման թեման երգարվեստի ներկայացուցիչների հարկային դաշտ մտնելն ու եկամուտները հայտարարագրելն է: Երգիչների միավորման դիրքորոշումը ո՞րն է:

- Չեմ կարծում, որ աշխատող երգիչը չցանկանա մտնել հարկային դաշտ, բայց ի՞նչ կառույց պետք է լինի, ինչպե՞ս եւ ինչպիսի՞ մոտեցում պետք է լինի երգիչներին, մենք աշխատում եք այդ ուղղությամբ, որպեսզի երգիչների շահերը պաշտպանված լինեն, քանի որ Երգիչների միավորումը ստեղծվել է որպեսզի առաջին հերթին երգիչների շահերը պաշտպանի:

- Երբ ՊԵԿ-ը հայտարարեց այդ մասին, որ երգիչներն էլ պետք է հարկեր վճարեն, մի մասը գտավ տարբերակ` որեւէ ռեստորանային համալիրում, ակումբներում գրանցվելով` հարկեր վճարելու, իսկ անհատ կատարողների դեպքում այդ բարդությանը ինչպիսի՞ լուծում է տրվելու:

- Օրինակ` երգիչներ կան, որ աշխատում են Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող երաժշտական խմբերում եւ հարկային դաշտ են մտած: Դրա համար պետք է ստեղծվի մի մեխանիզմ, որ այն երգիչները, ովքեր աշխատում են ռեստորաններում եւ գումար են վաստակում, նրանք եւս հարկային դաշտ մտնեն, որպեսզի ծերության տարիքում էլ թոշակ ստանան: Բայց թե ինչպես պիտի հարկվեն երգիչները, մենք այս պահին այդ հարցով ենք զբաղվում: Ցանկալի է, որ պետությունն էլ մտածի այն երգիչների մասին, որոնք աշխատանք չունեն ու այս ու այն հաստատությունում չեն տեղավորվել: Շոու բիզնեսի երգիչները կարողանում են, այսպես ասած, իրենց գլուխը պահել, ինչու չէ, մի մասն էլ հարկային դաշտ կմտնեն` կվճարեն, որպեսզի ժամանակին թոշակ ստանան: Կան շատ երգիչներ, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն, բա դրանք ի՞նչ պետք է անեն: Այ, պետությունը պետք է այդ մասին մտածի:

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԷԼ ԱՎԵԼԻՆ ԱՆԵՄ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ»

Ի դեպ, վերջերս ընթերցողների շրջանում անցկացված հարցումների ու խմբագրակազմի որոշմամբ արցախյան հայուհու համահավաք կերպարով երգչուհի, երգահան ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ համարվել է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ` ռազմահայրենասիրական դիրքորոշումների եւ համերգային ակտիվ գործունեության համար: Մինչ զրույցը սկսելը, «Իրավունքը» կատարելով իր առաքելությունը, պատվոգիրը հանձնեց Մադլեն Ասրյանին: Մի քիչ հուզված, մի քիչ պարտավորված, պատվոգիրը ձեռքերում տիկին Ասրյանն ասաց. «Անչափ շնորհակալ եմ գնահատանքի համար: «Իրավունքի» կողմից տրված այս պատվոգիրն ինձ համար բավականին խոստումնալի ու մեծ պատասխանատվություն է, որ ես էլ ավելին անեմ իմ կյանքում: Ճիշտ է, վաստակավորի կոչումը ես ստացել եմ պետության կողմից, բայց ամեն մի այսպիսի մոտեցումը, ինձ համար մեծ պատասխանատվություն է: Շնորհակալ եմ, որ ինձ գնահատեցիք, ուզում եմ, որ հայոց աշխարհիս` Արցախիս հետ միասին, խաղաղություն լինի»:

Զրուցեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://www.youtube.com/watch?v=J6wOopjLpMg&t=999s

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА