o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նրանք սարսափազդու տպավորություն էին թողնում, բոլորը զինված էին հավանաբար «Կալաշնիկովներով»

12.01.2020 18:26 ԻՐԱՎՈՒՆՔ
Նրանք սարսափազդու տպավորություն էին թողնում, բոլորը զինված էին հավանաբար «Կալաշնիկովներով»

Մարտի 1-ի գործով վկայի ցուցմունքը:

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների օրերին ԼՂՀ ՊԲ ծառայողները տեղակայվել են կենտրոնական հավաքակայանում։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Ինչպե՞ս է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ հետ

Պատասխան- 2008թ. փետրվարի վերջերին՝ 20-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում, կենտրոնական հավաքակայան է  եկել Ղարաբաղի բարբառով խոսող զինվորականների մի խումբ։ Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե նրանք որ քաղաքից, գյուղից կամ զորամասից էին, սակայն հստակ հիշում եմ, որ Ղարաբաղի բարբառով էին խոսում։ Նշեմ, որ իմ աշխատանքի վայրը գտնվում էր հենց «50552» զորամասի շենքում, որն առանձնացված էր հավաքակայանում գտնվող մյուս շենքերից, այսինքն՝ հավաքակայանում առկա էին մի քանի շինություններ, որոնք նախատեսված էին հավաքների համար օգտագործելու համար, օրինակ՝ զինվորների քնելու և դասընթացների համար նախատեսված շենք, ճաշարան, բուժզննման շենք։ 2008թ. փետրվարի 20-ից հետո հավաքակայան ժամանած Ղարաբաղի բարբառով խոսող զինվորականները «50552»  զորամասի շենք չեն մտել, նրանք տեղավորվել էին դասակի զինվորների համար նախատեսված շենքում։ Նշեմ, որ կենտրոնական հավաքակայանի հրամանատար Անդրանիկ Հակոբյանը, որը մահացել է 2017-ին, ինձ ու գործավարուհի Լիդային, ում ազգանունը չեմ հիշում, արգելել էր շփվել հավաքակայան ժամանած զինվորականների հետ, ասում էր՝ նրանց հետ գործ չունեք. ինչ էլ որ ասեն կամ անեն, նրանց չպատասխանեք, քանի որ վտանգավոր մարդիկ էին երևում։ Անդրանիկ  Հակոբյանը չի հայտնել, թե նրանք ովքեր են, ինչ նպատակով և որքան ժամանակով են եկել։ Պարզապես հրամանատար Ա. Հակոբյանը խիստ զգուշացրել էր, որ որևէ առնչություն չունենանք նրանց հետ։ Ես չեմ կարող ասել, թե նշված անձինք կոնկրետ քանի հոգի էին կամ էլ ինչ տրանսպորտային միջոցներով էին եկել։ Ես նրանց հանդիպում էի զորամասի մուտքի մոտ գտնվող նստարաններին նստած։ Նշեմ, որ այդ անձինք շատ լկտի էին իրենց պահում, զինվորականի շարժուձև չունեին, նույնիսկ իմ ու Լիդայի հետևից անդուր ռեպլիկներ էին անում ղարաբաղցու բարբառով, օրինակ՝ «քուրիկ ջան… վըրտեղ եք…», ինչից մենք եզրակացրինք, որ հավաքակայան եկածները Ղարաբաղից են։ Իհարկե, ես և Լիդան չէինք պատասխանում նրանց անդուր հարցերին, աշխատում էինք քիչ հանդիպել նրանց, չնայած ուզեինք, թե ոչ՝ հանդիպում էինք հավաքակայանի մուտքի մոտ, քանի որ նրանք հաճախակի այնտեղ էին լինում։ Ամեն անգամ նրանց հանդիպելիս վերջիններս եղել են 10-12 հոգի, սակայն ես չեմ կարող ասել, թե ընդհանուր քանի հոգով են եղել։ Նշեմ, որ այդ անձինք, իմ հիշելով, այն ժամանակվա սովորական դաշտային զինվորականի համազգեստով էին։

Նրանք սարսափազդու տպավորություն էին թողնում, քանի որ բոլորը զինված էին հավանաբար շագանակագույն «Կալաշնիկով» զենքերով, և զարմանալին այն էր, որ նրանք զենքերը ուսերից վայր չէին դնում և հենց հավաքակայանում զինված էին շրջում։ Նշեմ, որ իմ կարծիքով՝ այդ անձինք  իրենց հետ բերել էին այդ զենքերը, հավաքակայանում նրանց զենք չի բաժանվել, քանի որ նախ՝ հավաքակայանում զենք չկար, երկրորդ՝ զենքի տրման ցուցակը միշտ իմ կողմից է կազմվել, իսկ կոնկրետ այդ անձանց զենք տալու վերաբերյալ ցուցակ իմ կողմից հաստատ չի կազմվել։ Եթե նույնիսկ հավաքակայանում նրանց զենք է տրվել, ուրեմն ուրիշ տեղից են բերել, բայց ես նման դեպքի ականատես չեմ եղել։ Նշված զինվորականներն ունեին ոչ կոկիկ տեսք, ամեն անգամ հավաքակայանի մուտքի մոտով անցնելիս զգում էի նրանց վրայի գարշահոտը, համարյա բոլորի կրծքավանդակների կոճակներն արձակված վիճակում էին, «իսկական» զինվորականի տպավորություն չէին թողնում։ Նշեմ նաև, որ նրանք երիտասարդ ժամկետային զինվորներ չէին, բոլորն էլ տարիքով էին՝ ընդհանուր 35-50 տարեկան։ Կոնկրետ որևէ մեկի արտաքին տվյալները հստակ չեմ կարող ներկայացնել, ընդհանուր սանձարձակ պահվածքով, «մենք ենք ստեղի տերը» տպավորություն թողնող անձինք էին։

Ես չեմ կարող ասել, թե վերը նշված զինվորականները հավաքակայանից դուրս եղե՞լ են, թե՞ ոչ, կամ առհասարակ ինչով էին զբաղվում, քանի որ ես նրանց հանդիպում էի միայն աշխատանքից տուն գնալիս՝ հավաքակայանի մուտքի մոտ։ Ես չգիտեմ, թե նշված անձինք կոնկրետ որ զորամասից էին, նշեմ, որ նրանք ուսադիրներով չէին, քանի որ դաշտային համազգեստն ուսադիրներ չուներ։

Ես 2008թ. մարտի 1-ին, իմ հիշելով, սովորականի նման եղել եմ աշխատանքի վայրում, աշխատանքից դուրս եմ եկել մոտավորապես ժամը 16.00-ի սահմաններում, քանի որ այդ ժամին պետք է տղայիս վերցնեի մանկապարտեզից։  Անկեղծ ասած՝ ես չեմ հիշում, թե այդ օրը զորամասից դուրս գալիս Ղարաբաղի բարբառով խոսող անձանց հանդիպե՞լ եմ, թե՞ ոչ։ Ես չգիտեմ, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ այստե՞ղ են գտնվել նշված անձինք և ինչով են զբաղվել։ Ես տղայիս վերցրել եմ մանկապարտեզից և գնացել եմ տուն։ Ես չեմ հիշում նաև, թե Մարտի 1-ի իրադարձություններից հետո հիշյալ անձինք հավաքակայանում մնացե՞լ են, թե՞ ոչ։

Ինչպես են տեղի ունեցել զինված անձի և ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցությունները (Տեսանյութեր)

Հարց- Հայտնեք, խնդրեմ, թե որ մանկապարտեզն է հաճախել Ձեր որդին։ Նշեմ, որ 2008թ. մարտի 1-ին եղել է շաբաթ օր։ Շաբաթ օրն այդ մանկապարտեզն աշխատե՞լ է։

Պատասխան- Ես շփոթեցի, այդ ժամանակ տղաս արդեն երկրորդ դասարանում էր սովորում։ Առհասարակ շաբաթ օրերին հրամանատարն ինձ չէր կանչում, ասում էր՝ մնա երեխաներիդ մոտ։ Ես 2008թ. մարտի 1-ին կա՛մ տանն եմ գտնվել, կամ էլ աշխատանքի վայրում, հստակ չեմ հիշում։

Հարց- Առաջարկում եմ կենտրոնացնել Ձեր հիշողությունը և հայտնել, թե մինչև երբ են  ԼՂՀ-ից ժամանած զինվորականները մնացել կենտրոնական հավաքակայանում։

Պատասխան- Չեմ կարողանում հիշել։

Հարց- Բացի շագանակագույն «Կալաշնիկով» զենքից՝ այլ զենք եղե՞լ է նշված զինվորականների մոտ, թե՞ ոչ։

Պատասխան- Ես մոտիկից չեմ տեսել, թե ինչ զենքեր են գցված եղել նրանց ուսերին, ուստի կոնկրետ զենքի տեսակը չեմ կարող նշել, իսկ «Կալաշնիկով» զենքն ուղղակի ենթադրել եմ, նմանեցրել եմ։ Նշեմ, որ ինձ հանդիպած ղարաբաղցու բարբառով խոսող զինվորականներից յուրաքանչյուրը զինված էր։

Հարց- Հայտնեք, խնդրեմ, ԼՂՀ-ից ժամանած զինվորականներին որևէ մեկի կողմից գումար բաժանվե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Ես նման բան չեմ տեսել, չգիտեմ։

Հարց- Որտե՞ղ է տեղակայվել ԼՂՀ-ից ժամանած զինվորականների շտաբը, և ո՞վ է եղել նրանց ղեկավարը։

Պատասխան- Ինչպես արդեն նշեցի՝ նրանք տեղավորվել էին հավաքակայանում, զինվորների և զինակոչիկների համար նախատեսված շենքում։ Ես չգիտեմ, թե նրանց ղեկավարն ով էր։ Նշեմ, որ այդ զինվորականներից ես որևէ մեկին չեմ ճանաչում, չգիտեմ, թե ինչ պաշտոններ են զբաղեցրել և ինչ կոչումներ են ունեցել։

Հարց- Հայտնեք, խնդրեմ, հավաքակայան ԼՂՀ-ից ժամանած զինվորականներին տեսակցելու կամ նրանց հետ այլ գործողություններ կատարելու նպատակով որևէ պաշտոնատար կամ մասնավոր անձ կենտրոնական հավաքակայան եկե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Չգիտեմ, ես չեմ տեսել։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ում կողմից են կազմակերպվել ԼՂՀ-ից ժամանած զինվորականների սննդի ապահովումը, որտեղից էին սնվում նրանք։

Պատասխան- Չգիտեմ, ես ճաշարանում նրանց չեմ հանդիպել, ես ճաշարանից չեմ օգտվել, քանի որ այն նախատեսված էր միայն զորակոչիկների համար։ Ես չգիտեմ, թե այդ զինվորականները որտեղ  են սնվել, և ում կողմից է ապահովվել նրանց սնունդը։

Հարց- 2008թ. փետրվարի 20-ից հետո հավաքակայանի տարածքում, բացի Ձեր զորամասի ավտոմեքենաներից, այլ ավտոմեքենաներ նկատե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Չեմ հիշում։ Նշված զինվորականներին ես հանդիպել եմ միայն հավաքակայանի մուտքի մոտ, իսկ թե նրանք ինչ ավտոմեքենաներով են եղել՝ ես չգիտեմ, ոչ էլ հետաքրքիր է եղել։ Նշեմ, որ հավաքակայանի ավտոկայանատեղին զորամասի շենքից չի երևում, քանի որ ավտոկայանատեղիի և զորամասի միջև գտնվում էր դասակի զինվորների համար նախատեսված շենքը։ Զորամասն ունի անցագրային կետի հերթապահներ, որոնք ավելի հստակ կարող են պատասխանել Ձեր հարցին, քանի որ նրանք են թույլ տվել հավաքակայանի մուտքն ու ելքը։ Նշեմ, որ այդ ժամանակ մեզ մոտ ծառայել են մոտ 20 ժամկետային զինծառայողներ, և հերթապահները նրանցից են եղել, իսկ թե կոնկրետ նշված ժամանակահատվածում ովքեր են հերթապահել, բնականաբար, ես չեմ կարող ասել։

Հարց- 2008թ. մարտի 1-ին ԼՂՀ-ից ժամանած զինվորականները կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարել։

Պատասխան- Չգիտեմ։ Կրկին նշեմ, որ ես նույնիսկ հստակ չեմ հիշում, թե նշված օրն աշխատանքի՞ եմ եղել, թե՞ տանը։

Հարց- Հայտնեք, խնդրեմ, որևէ խոսակցություն ԼՂՀ-ից կենտրոնական հավաքակայան ժամանած զինվորականների կողմից 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու կամ որևէ կերպ առնչություն ունենալու վերաբերյալ լսե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Նշեմ, որ 2008թ. մարտի 1-ից հետո ընդհանուր խոսակցություններից լսել եմ, որ կենտրոնական հավաքակայան ԼՂՀ-ից ժամանած զինվորականները եկել էին ժողովրդի կողմից կազմակերպվող հավաքները ճնշելու նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ գործողություններ են կատարել՝ ես չգիտեմ։

Հարց- Հայտնեք, խնդրեմ, վերը նշված ժամանակահատվածի դրությամբ կենտրոնական հավաքակայանի անձնակազմի տվյալները։

Պատասխան- Զորամասի հրամանատարն է եղել Անդրանիկ Հակոբյանը, ով մահացել է 2017թ., դասակի հրամանատար՝ Արսեն Ուզունյան, ճաշարանի պետ՝ Մարտին Դուրգարյան, պահեստապետ՝ Կարապետ Ղարիբյան, վարորդ՝ Գևորգ (ազգանունը չեմ հիշում), հավաքարարներ՝ Հրանուշ  (ազգանունը չգիտեմ), մյուս 2 հավաքարարների անունները չեմ հիշում, կաթսայատան աշխատողներ՝ Հարութ և Սուրիկ (ազգանունները չգիտեմ)։

Նրանք այսօր կերտում են պատմություն. Էդուարդ Շարմազանով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА