o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլական հերթական «շուստրիությունը» եւս նրան արցախյան պատասխանատվությունից չի ազատի

25.01.2020 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլական հերթական «շուստրիությունը» եւս նրան արցախյան պատասխանատվությունից չի ազատի

Այսպես, այսօրվա ասուլիսում Փաշինյանն էլի պտտվեց-պտտվեց, եւ որոշեց հերթական անգամ սեփական մեղքերը բարդել նախկին իշխանությունների վրա, ու այս անգամ` արցախյան հարցի հետ կապված: Այսինքն, ըստ նրա. «Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց։ Հիմա գիտեք, առիթ է հազիվ, եկեք տեսնենք ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցով։ Վերջերս լրատվամիջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը․․․ Ինչ է թողել բովանդային Սերժ Սարգսյանը սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Երեք հիմնական պարբերություն...»: Երկար-բարակ չկրկնենք Փաշինյանի ասածը, քանի որ խոսքն այն մասին է, ինչը նույնիսկ մանկապարտեզներում արդեն անգիր գիտեն: Այսինքն, սա նախկին ԼՂԻՄ-ին հարակից, այսպես ասած, ազատագրված տարածքները վերադարձնելու, ՀՀ-ի հետ կապող միջանցք թողնելու, Արցախի կարգավիճակի հետագա ճանաչման ու մինչ այդ խաղաղարար ուժեր տեղակայելու հայտնի ծրագիրն է: Միայն թե, այդ ի՞նչ նոր հեքիաթների գնաց-հասավ Փաշինյանը` «վերջերս լրատվամիջոցներից մեկում մի հոդված տպվեց... »: Ինչո՞ւ վերջերս, ի՞նչ լրատվամիջոց. մեկ տարի առաջ անգամ Մինսկի խումբն է այդ նույն բանը պաշտոնապես հրապարակել, թե հենց դա է համանախագահ երկրների կողմից աջակցություն ունեցող օրակարգային փաստաթուղթը: Իսկ եթե Նիկոլը միայն վերջերս է կարդացել ու զարմացել, այ, դա լավ չէ:

Փաշինյանը սկսեց արցախյան խաղաքարտերը բացել

Բայց իհարկե, բուն խոսքն այդ ներածական հեքիաթը չէ։ Հիմնական իմաստը, որ Նիկոլը որոշեց նորից հիշել նախկին իշխանություններին, նրա խոսքի այս հատվածի տակ է. «Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Ուզում եմ ասել հետեւյալը. որ պահին, այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունն ուզենա շարունակել բանակցությունները, հենց այս նույն կետից, միջազգային հանրությունը ոչ մի պռոբլեմ չի ստեղծի բացարձակապես (ու ինչո՞ւ պետք է ստեղծի, եթե դա միջազգային հանրության պահանջն է- Հեղ․)։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Թող Արցախի ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է այն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը, որ սա է բանակցությունների բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին։ Ոչ մի պռոբլեմ չենք ունենա բացարձակ, հիմա ես առաջարկում եմ, եւ պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Սա չափազանց կարեւոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան, որովհետև, երբ որ ես դարձել եմ վարչապետ ինձ առաջարկվել է, որ նույն կետից շարունակեմ բանակցային գործընթացը, որ կետից ընդհատել է Սերժ Սարգսյանը։ Իմ պատասխանը եղել է 2019թ. Ստեփանակերտում մարտին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում... »։

Սկսենք Ստեփանակերտի նիկոլյան պատասխանից: Սա բլեֆ է, Ստեփանակերտի այդ նիսում նա ոչ մի հստակ պատասխան էլ չի տվել: Հիշեցնենք, այդ նիստը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՄԽ-ն ներկայացրեց հիշատակված բանակցային օրակարգը, եւ հայկական կողմը պետք է պատասխան տար: Պաշտոնական Արցախը, ի դեպ, նույն նիստում հստակ պատասխան տվեց, ու հիմա հարկ չկար նախագահի թեկնածուներից «պահանջել»: Ավելի ստույգ, Բակո Սահակյանը Արցախի անունից հայտարարեց, որ իրենց օրակարգում ոչ թե ՄԽ-ի այդ առաջարկն է, այլ աշխատում են բացառապես ներկայիս սահմաններով Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Իսկ ահա Փաշինյանը սար ու ձոր ընկավ, թե` թող նախ բացատրեն, թե ինչ է նշանակում «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթը, որն է դրա այս կամ այն կետի իմաստը: Ընդունո՞ւմ է, թե՝ ոչ, բառ անգամ չասեց ոչ այդ նիստին եւ ոչ էլ դրանից հետո: Այն դեպքում, երբ համանախագահ երկրների տարբեր բարձր ներկայացուցիչներ քանիցս բաց տեքստով հայտարարեցին, թե` Փաշինյանի ուզած բացատրությունները տրված են:

Աննկուն նիկոլական Գեւորգ Բաբայանի ոդիսականը

Բայց ամենացնցողն այն է, որ Փաշինյանը, որ արդեն գրեթե երկու տարի իշխանության ղեկին է, երկու տարի ինքն է առաջ տանում արցախյան բանակցությունները, նոր հանկարծ որոշեց Արցախի կարծիքը հարցնել, երբ այդ կարծիքը հստակ գիտի։ Ու նորից չասելով, թե ի՞նքն ինչ է մտածում՝ որպես պետության վարչապետի եւ հիմնական բանակցող, ինչպե՞ս է պատկերացնում խնդրի կարգավորումը: Վերջապես, եթե նոր է որոշել նախկին իշխանություններից եւս մեկ անգամ տրտնջալ ու կարծիք հարցնել, բա երկու տարի շարունակ այդ ի՞նչ էին անում, օրինակ անձամբ ինչի՞ց էր Ալիեւի հետ խոսում ասենք՝ Դուշանբեում կամ մեկ տարի առաջ` Դավոսում: Իսկ ԱԳ նախարար Մնացականյանը, որ այցած տարի քանիցս մի քանի ժամանոց հանդիպումներ ունեցավ Մամեդյարովի հետ, այդ ի՞նչ էին քննարկում: Վերջապես, եթե սեփական կարծիք, ավելին` երկիրն առաջնորդող կամ ժողովրդին ուղղություն ցույց տվող կարծիք չունես, ինչո՞ւ ես մտել բանակցային գործընթաց: Իսկ ժողովուրդը, իհարկե, իր ունեցած տեղեկատվության մակարդակով դեմ է ՄԽ-ի պահանջած լուծմանը: Բա որ մերժի, ու մյուս օրը պատերազմ վերսկվի, ո՞վ է դրա պատասխանը տալու...

Չնայած, իրականում հասկանալի է, թե որն է Փաշինյանի այս հերթական ցրողական ճառի իմաստը: Համանախագահ երկրները քանիցս խորը անհանգստության նշաններ են ցույց տվել, որ այդպես էլ իրեցն ներկայացրած օրակարգային փաստաթղթի հետ կապված հստակ պատասխան չկա: Բանը հասավ մինչեւ իսկ Նիկոլին ուղղված բաց մեղադրանքների, թե նա արհեստականորեն ձգձգում է բանակցությունները: Իսկ դրան, անշուշտ, կհաջոդեն արդեն բանակցությունները ձախողողի մեղադրանքներ: Այսինքն, կավարտվեն ադրբեջանական ընտրությունները, եւ նորից առաջին պլան կվերադառնա նույն հարցը` հիմա հստակ ասենք` կո՞ղմ եք, թե` դեմ: Փաշինյանն ինչ էլ ասի, ստիպված է ամբողջական պատասխանատվություն ստանձնել, ինչից երկու տարի համառորեն խուսափում է: Ու հիմա պարզապես ազդակներ է պոկում արցախյան նախագահացուներից, որ վաղը-մյուս օրը հայտարարի` բա դուք չուզեցի՞ք:

Բայց ահա արցախյան նախագահացուները Բակո Սահակյանի օրինակով հայտարարեցին, որ դեմ են ՄԽ-ի 6 կետանոց ծրագրին: Դե ուրեմն տեսնենք` Փաշինյանն էլ իր հերթին պաշտոնապես դեմ կարտահայտվի՞, նաեւ հաշվի առնելով, որ նման պատասխանն անձամբ է ներկայացնելու համանախագահ երկրներին, այսինքն՝ պատասխանատվությունը, ամեն դեպքում, իր վրա է մնալու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА