o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՎԻ ՄՍԻՑ ՄԵԾ ՍԿԱՆԴԱԼԻ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ

05.02.2020 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՎԻ ՄՍԻՑ ՄԵԾ ՍԿԱՆԴԱԼԻ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ

« Ուկրաինական հավի միսը 0 դրամ մաքսատուրքո՞վ են բերում Հայաստան» վերտառությամբ հրապարակման մեջ օրերս անդրադարձել էինք հետեւյալ փաստին: Մեր ձեռքի տակ առկա ոչ պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ մասնավորապես անցած տարվա ընթացքում 3-րդ երկրներից, այն է՝ ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծված հավի մսի հետ կապված բավականին տարօրինակ պատկեր է ֆիքսված: Այսպես, տարբեր ներմուծողներ հավի միս են ներկրել մի շարք երկրներից, հիմնականում՝ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ընդ որում, որպես ներմուծման երկիր, որոշ դեպքերում ներկայացված է նաեւ Վրաստանը, սակայն ցուցակից պարզ է, որ խոսքը այլ երկրների արտադրանքի մասին է: Սակայն հիմնական ներմուծումը կարծես թե բաժին է ընկնում Ուկրաինային: Բայց եթե այլ երկրներից հավի միսը ներկրելիս ընկերությունները վճարել են այս կամ այն չափով մաքսատուրք, ուկրաինականի պարագայում ներմուծման մաքսատուրքը կազմել է 0 դրամ: Այն դեպքում, երբ Ուկրաինան ամենեւին էլ ԵՏՄ անդամ չէ: Ուրեմն, այդ ինչո՞ւ է Ուկրաինայից բերված հավի միսն այլ երկրների համեմատ (ոչ ԵՏՄ անդամ) նման առավելություն ստացել: Եվ երկրորդը` որքանո՞վ է Ուկրաինայի այդ զրոյական մաքսատուրքը համապատասխանում ԵՏՄ կանոնակարգերին: Ի վերջո դա կարող է առաջացնել սողանցք, որ ուկրաինական հավի միսը, առանց ներմուծման մաքսատուրքի մտնելով Հայաստան, այնուհետեւ հայտնվի ԵՏՄ երկրներում, որը հազիվ թե նրանց ուրախացնի: Թե ինչու է այդպիսի վիճակ, գրավոր հարցումով դիմել էինք ՊԵԿ-ին: Եվ ահա երեկ ՊԵԿ փոխնախագահ ՇՈՒՇԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալ գրավոր պարզաբանումը

- ԱՊՀ անդամ պետությունների կողմից 18.10. 2011թ. Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասինե համաձայնագրի 2-րդ կետի համաձայն՝ Համաձայնագրի շրջանակներում անդամ պետությունների տարածք անդամ պետություններից ծագած ապրանքների ներմուծման եւ արտահանման դեպքում տրամադրվում է մաքսատուրքերի առանձնաշնորհային ռեժիմ: Համաձայն նույն համաձայնագրի 4-րդ կետի՝ Կողմերի միջեւ առեւտրային շրջանառության մեջ գտնվող կողմերից ծագած ապրանքների ծագման երկրի որոշման համար կողմերն առաջնորդվում են 2009թ. նոյեմբերի 20-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասինե համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող ապրանքների ծագման երկրի կանոններով, որի դեպքում ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ անդամ պետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրվում է CT-1 ձեւի ծագման հավաստագիր: ԱՊՀ անդամ պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց կողմից ԱՊՀ անդամ պետությունների տարածք ԱՊՀ անդամ պետություններից ծագած ապրանքների ներմուծման/արտահանման մաքսային ձեւակերպումների ժամանակ վերոհիշյալ CT-1 ձեւի ծագման հավաստագիր ներկայացնելու դեպքում՝ ապրանքներին տրամադրվում է մաքսատուրքից ազատման առանձնաշնորհում: Ըստ Ձեր կողմից նկարագրվածի՝ Ուկրաինայից ներմուծված ուկրաինական ծագման հավի մսի արտադրանքների նկատմամբ կիրառվել է մաքսատուրքի 0 ական դրույքաչափ: Հայաստանի Հանրապետության եւ/կամ ԵԱՏՄ շրջանակներում Ձեր կողմից թվարկված մյուս պետությունների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր չեն գործում (բացառությամբ Վրաստանի), հետեւաբար ՀՀ ներմուծված հավի մսի արտադրանքի նկատմամբ կիրառվել են մաքսատուրքի գործող դրույքաչափերը: Ինչ վերաբերում է Վրաստանից ներմուծված հավի մսի արտադրանքին, ապա ազատ առեւտրի ռեժիմ կարող է տրամադրվել, եթե այն ունի վրացական ծագում, եւ վաճառող կողմը հանդիսանում է Վրաստանի ռեզիդենտ՝ համաձայն 14.08.1995թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի Հանրապետության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասինե համաձայնագրի:

Վրաստանին մի կողմ թողնենք, խնդիրը վրացիները չեն: Ուկրաինայի հետ կապված ի՞նչ է ստացվում, որ ուկրաինական ցանկացած ապրանք, եթե ունի CT-1 ձեւի ծագման հավաստագիր, որ իրոք ուկրաինական է, կարող է առանց որեւէ մաքսատուրքի Հայաստա՞ն բերվել: Բայց չէ՞ որ Հայաստան Ուկրաինայի ապրանքների մեծ տեսականի է գալիս, արդյոք դրանք բոլո՞րն են ազատված մաքսատուրքով, թե՞ միայն հավի միս ներկրողներն են «գլխի ընկելե, որ ժամանակին եղել է ԱՊՀ-ի ինչ-որ մի նորմ: Բայց մյուս կողմից` այդ համաձայնագրից անցել է 10 տարի, եւ այս ընթացքում շատ բան է փոխվել: Նախ` Ուկրաինան քանիցս հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին, չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին, վճարումներ չի կատարում: Երկրորդը` Հայաստանն էլ պարտավորություն է ստանձնել ԵՏՄ-ի հանդեպ, այդ թվում, որ պետք է երրորդ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ պահպանի ԵՏՄ պայմանավորվածություններին համահունչ տնտեսական քաղաքականություն, ընդ որում, անկախ մինչ այդ եղած առեւտրային հարաբերությունների բազայից: Ընդ որում, այդ գործընթացի արդյունքում Հայաստանը գումարներ է ստանում ԵՏՄ տիրույթ երրորդ երկրներից մուտք գործած ապրանքների համար: Մինչդեռ, կրկնենք, զրոյական դրույքաչափով Հայաստան ներմուծված հավի միսը (եւ ցանկացած ապրանք) կարող է հանգիստ հայտնվել ԵՏՄ մյուս երկրներում: Եվ այսքանից հետո ԱՊՀ ինչ-որ հնացած պայմանավորվածություն կարո՞ղ է հիմք դառնալ՝ զրոյական դրույքաչափով ուկրաինական ապրանք բերելու համար: Չմոռանանք, որ ավտոմեքենաների ներկրման միջոցով արդեն փորձել են ԵՏՄ երկրներին «էշի տեղ դնելե, բայց վերջում հենց մեր երկիրը հայտնվեց խայտառակ վիճակում: Եվ հիմա ի՞նչ, պարզվում է մեր տեղական նման «շուստրի խաղերըե նաեւ այլ ապրանքների՞ն է վերաբերում: Կարճ ասած, այստեղ դեռ պարզելու շատ հարցեր կան, եւ կփորձենք ավելի հոդաբաշխ բացատրություն ստանալ ՊԵԿ-ից: Այդ թվում՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեզ թույլ տալի՞ս է կոնկրետ Ուկրաինայից զրոյական մաքսատուրքով ապրանքներ ներկրել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА