o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխատող ե՞ք, արա…». 24-ամյա երիտասարդը դանակի մի հարվածով սպանել է երկու եղբայրներից մեկին

16.02.2020 14:00 ԻՐԱՎՈՒՆՔ
«Աշխատող ե՞ք, արա…». 24-ամյա երիտասարդը դանակի մի հարվածով սպանել է երկու եղբայրներից մեկին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Սերիկ Կ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Սերիկ Կ.-ն 24 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության, թեթև մարմնական վնասվածք պատճառելու և բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով:

Նոր մանրամասներ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի լույս 19-ի գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում Սերիկ Կ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի բակերից մեկում վիճաբանել է եղբայրներ Վահե և Վոլոդյա Ք.-երի հետ, ապա պայմանավորվել ու վիճաբանությունը շարունակել է «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ: Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Սերիկը հարվածել է Վահեի գլխին, վայր է գցել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ քերծվածքներ, արյունազեղումներ:

Այնուհետև Սերիկ Կ.-ն, ըստ մեղադրանքի, դանակի մեկ հարված է հասցրել Վոլոդյա Ք.-ի կրծքավանդակի առաջակողմնային մակերեսին ու սպանել է նրան:

Բացի այդ, Սերիկ Կ.-ն դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Գ.-ի ձախ ոտքին՝ պատճառելով առողջության թեթև վնաս:

Սերիկ Կ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ մինչև դեպքը տուժողներին չի ճանաչել: Դեպքի օրն իր ծանոթի հետ մեքենայով գնացել է Վանաձորի Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակ, ծանոթը մտել է շենքի մուտքերից մեկը, ինքը սպասել է նրան:

Իրեն անծանոթ երիտասարդը՝ Վահեն կամ Վոլոդյան, ում ինքը չէր ճանաչում, մոտեցել ու թակել է մեքենայի ապակին: Ինքը իջեցրել է ապակին, նա հարցրել է՝ բա՞ն ես ասում: Ինքը պատասխանել է՝ չէ, ի՞նչ պիտի ասի: Երիտասարդն ասել է, թե իրեն թվացել է՝ բան է ուզում ասել: Ինքը մինչև վերջ իջեցրել է ապակին ու նորից է կրկնել, թե ասելու բան չունի, գիշերվա այդ ժամին ի՞նչ պիտի ասի: Քանի որ իր մեքենայի առջևի համարանիշը տրանզիտ էր, իսկ հետևի համարանիշը չկար, մտածել է, թե երիտասարդը ոստիկանության աշխատող է, հարցրել է՝ օրգանի աշխատո՞ղ է: Իր հետ խոսողը բորբոքվել է: Ինքը փորձել է բացատրել, որ չի վիրավորում, ուղղակի իմաստով է հարցնում: Հետո նկատել է, որ այդ տղան մենակ չէ, մի քանի հոգով են, նրանցից օղու հոտ էր գալիս: Այդ տղան իրեն առաջարկել է իջնել մեքենայից, այդ ժամանակ ծանոթը երեխայի հետ նստել է իր մեքենան: Ինքը այդ տղաներին ասել է, թե հետը աղջիկ ու երեխա կա, իր իջնելը հարմար չէ, առաջարկել է մինչև առավոտ հետաձգել պարզաբանումը: Նույնիսկ իր հեռախոսահամարն է տվել: Բայց նրանք չեն համաձայնել: Ինքն էլ առաջարկել է, որ սպասեն՝ ինքը ուղևորներին տանի իջեցնի ու վերադառնա: Նրանք համաձայնել են: Ուղևորներին տարել, իջեցրել ու զանգել է երկու ընկերներին, նրանց հետ է գնացել հանդիպման: Հանդիպել են 9/9 բարի մոտ: Պայմանավորվել են ավելի հանգիստ տեղ գնալ խոսելու: Գնացել են «քույրական ուսումնարանի» մոտ: Սկզբում ինքն է հասել այնտեղ, կայանել է մեքենան, հետո եկել են նրանք, իջել են մեքենայից, մոտեցել ու ասել են՝ դու էի՞ր ասում, թե օրգանի աշխատող եմ: Ինքն ասել է՝ հա, ու հարվածել է Վահեին: Նա ընկել է: Սկսվել է քաշքշուկը: Հանկարծ կողքից լսել է՝ դանակը, դանակը: Նայել է ձախ ու տեսել է, որ մեկը դանակը ձեռքին մոտենում է: Իր մոտ բանալիներից կախված «բաբըչկա» տեսակի դանակ կար, ինքը բացել ու առաջ է գնացել: Իրեն թվացել է, թե հարվածել է տուժողի ուսին, քանի որ մութ էր: Վոլոդյան զգացել է, որ խփվել է, ասել է. «Էս խփեցի՞ր, արա», վազել է իր հետևից, ինքը փախել է:

Սերիկ Կ.-ն պնդել է, թե միայն Վոլոդյային է դանակով հարվածել, չգիտի, թե մյուս տուժողի ոտքին ինչ հանգամանքներում է դանակի հարվածից վնասվածք առաջացել: Ինքը որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, Վոլոդյայի ուսին է հարվածել՝ վախեցնելու նպատակով, քանի որ նրա մոտ դանակ կար, դանակը նրա ձախ ձեռքին էր, այդ ձեռքը բարձրացրած՝ նա դեպի իրեն էր գալիս:

Տուժող Վահե Ք.-ն ամբաստանյալի ցուցմունքից հետո հայտարարել է, որ այդ ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, իր եղբայր Վոլոդյան դանակ է վերցրել մեքենայից այն բանից հետո, երբ Սերիկը նրան արդեն խփել էր դանակով, նույնիսկ Սերիկի ընկերները չեն ասել, թե Վոլոդյայի ձեռքին դանակ են տեսել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի հայրը, նշել է, թե կրտսեր որդին՝ Վահեն, աշխատում էր Երևանում, դեպքի նախորդ օրը վերադարձել էր Վանաձոր: Վոլոդյան իր ավագ որդին էր: Ժամը 23-ի սահմաններում որդիների ընկերը եկել էր Վահեին տեսնելու: Տղաները դուրս էին եկել բակ՝ զրուցելու: Ինքը իմանալով, որ նրանք բակում նստած զրուցում են, չի անհանգստացել, պառկել է քնելու: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում իրենց դուռը թակել են ոստիկանները, ասել են, որ ավագ որդուն՝ Վոլոդյային, տեղափոխել են հիվանդանոց՝ դանակով սրտին հասցված վնասվածքով: Չեն ասել, որ Վոլոդյան մահացել է: Ինքն անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ իմացել է, թե Վոլոդյան վերակենդանացման բաժանմունքում է: Հետո գնացել է ոստիկանություն, մինչև առավոտ այնտեղ է եղել, առավոտյան է իմացել, որ Վոլոդյան մահացել է:

Գողականներով տարված 20-ամյա երիտասարդը գիշերը մտել է ոստիկանության Արմավիրի բաժին ու դանակահարել հերթապահ ոստիկանին

Տուժող Վահե Ք.-ն հայտնել է, թե դեպքից առաջ եղբոր՝ Վոլոդյայի, ու ընկերոջ հետ իրենց բակում էին: Մի սև «Գրանդ Չերոկի» է եկել, կանգնել եղբոր մեքենայի դիմաց: Այդ մեքենայի դուռը բացվել, որոշ ժամանակ բաց է մնացել, հետո մեքենան կանգնել է իրենց շքամուտքի առաջ: Մի աղջիկ է իջել մեքենայից, մտել է մուտք: Եղբայրը մոտեցել է այդ մեքենային ու վարորդին հարցրել է. «Բա՞ն էիր հարցնում, երկար նայում էիր»: Այդ ընթացքում ինքն էլ է մոտեցել: Վարորդը կոպիտ պատասխանել է. «Աշխատող ե՞ք, արա, խի՞ եք հարցնում»: Հետո ավելացրել է՝ եթե բան ունենար ասելու, կասեր: Նաև ասել է, թե հետը մարդ կա, կտանի, կիջեցնի, կգա ու կխոսեն: Նա քիչ հետո հեռացել է իրենց բակից, ապա վերադարձել ու «նենգ ձևով» առաջարկել է, որ խոսակցությունը շարունակեն «Քիմպրոմի» տարածքում: Նա շարժվել է իր ասած վայրը, հետո իրենց ընկերոջ մեքենան է եղել, հետո՝ եղբոր:  Եղբայրը դեռ դեպքի վայր չէր հասել, երբ իրենք մեքենաներից իջել էին: Սերիկն իրեն հարցրել է՝ ի՞նքն էր խոսում հետը: Ինքն ասել է, որ եղբայրն էր, բայց տարբերություն չկա: Սերիկը ձեռքով հարվածել է իր դեմքին: Եղբայրն արդեն տեղ էր հասել ու տեսնելով, որ ինքն ընկած է, Սերիկն իրեն հարվածում է, վազելով մոտեցել է: Ինքը տեսել է, որ Սերիկը դանակ հանեց, հետո լսել է եղբոր գոռոցը. «Էս խփի՞ր, արա»: Այդ պահին ոչ մեկի ձեռքին, բացի Սերիկից, դանակ չկար: Եղբայրը դանակը հետո է վերցրել՝ խփվելուց հետո: Սերիկն ընկերների հետ փախել է: Ինքն ու ընկերը նստել են ընկերոջ մեքենան, Վոլոդյան՝ իր մեքենան: Իրենք շարժվել են, բայց ինքը տեսել է, որ եղբոր մեքենան չշարժվեց: Մոտեցել ու տեսել են, որ Վոլոդյան գլուխը ղեկին է դրել, վատ է զգում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նա ասել է, թե սիրտը ցավում է, շունչը կտրվում է…

Վահե Ք.-ն նշել է, որ եղբորը խփելու պահը չի տեսել:  Իրենք չեն մտածել, որ խոսակցությունը նման ընթացք ու վերջաբան կունենա…

Դատարանը հաստատված է գնահատել Սերիկ Կ.-ին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 117 և 118 հոդվածներով:

Սերիկ Կ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման և տուգանքի՝ 150 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ից:

Սերիկ Կ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  2 միլիոն 42 հազար 880 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА