o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՏՄ-Ն «EHRMANN»-Ի «ALPENLAND» ՅՈԳՈՒՐՏԻ ՄԱՍԻՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԱՀԱԶԱՆԳԻՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՎԵԼ

18.02.2020 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԱՏՄ-Ն «EHRMANN»-Ի «ALPENLAND» ՅՈԳՈՒՐՏԻ ՄԱՍԻՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԱՀԱԶԱՆԳԻՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՎԵԼ

«Իրավունք» թերթը անդրադարձել էր օրերս խմբագրությունը դիմած սպառող Նոնա Ադամյանի ահազանգին: Հիշեցնենք` սպառողը Բանգլադեշ թաղամասում գտնվող «Etalon» սուպերմարկետից գնել է «Ehrmann» ընկերության երկու տուփ «Alpenland» յոգուրտ, որը, տանելով տուն, բացել է, որպեսզի կերակրի 2.5 տարեկան փոքրիկին: Բայց բացելուն պես պարզվել է, որ տարայի մեջ, բացի յոգուրտից, ամեն ինչ կա` բորբոս, բորբոսափոշի, սպիտակ չոր զանգված: Իսկ մյուս տարայի միջի յոգուրտն էլ թեեւ բորբոսնած չէր, բայց թթված էր: Այն դեպքում, երբ ըստ մակնշման` յոգուրտը ժամկետի մեջ էր մինչեւ մարտի 17-ը: Նոնան յոգուրտները տարել է սուպերմարկետ: Սակայն ո՛չ վաճառակետից եւ ո՛չ էլ՝ ապրանքը մատակարարող «Դերժավա» ընկերությունից հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի ստացել: Ավելին, մենք եւս փորձեցինք հստակ պարզաբանում ստանալ տվյալ արտադրատեսակը ՀՀ ներմուծող «Դերժավայից»: Սակայն ընկերության իրավաբան Արթուր Մարտիրոսյանը նախ մեզ սկսեց ակնարկներով մեղադրել, թե օգնում ենք իրենց մրցակիցներին, այնուամենայնիվ, նաեւ այս միտքն ընդգծեց. ««Ehrmann» ապրանքատեսակի յոգուրտները, ամսական կտրվածքով, միջինը 200-300 հազար հատ իրացվում է: Կաթնամթերքը հիմնականում ուղարկվում է Մոսկվայից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե իմ նշած ծավալով ապրանքի մեջ մեկ կամ երկու յոգուրտը ինչ աննշան թիվ է կազմում. այնպես որ, մեկ-երկու փչացած ապրանք միանգամայն հնարավոր է»:

Սակայն այստեղ մեկ պարզ հարց կա. իսկ ո՞վ է ասել, ո՞ր օրենքն է սահմանել մի այնպիսի նորմ, որը թույլատրում է անգամ միլիոնավոր տուփերի մեջ մեկ-երկու հատը լինի փչացած եւ հայտնվի սպառողի մոտ: Սպառողը խանութից ապրանք է գնում եւ պետք է ստանա նորմալը, չփչացածը, անգամ եթե դրա արտադրողը կամ ներմուծող-տարածողը գործ ունենա միլիոնավոր տուփերի հետ: Նույնն է, թե ասես՝ հարյուր-հազարավոր տուփ ապրանք եմ արտադրում, եւ ոչինչ, որ մեկ-երկուսը լինի թունավոր եւ մարդու առողջությանն անուղղելի վնաս պատճառի: Կարճ ասած, բոլոր օրենսդրական նորմերը սահմանում են, որ մարդուն պարտավոր են վաճառել պիտանելիության եւ անվտանգության ցանկացած նորմի խստիվ համապատասխանող ապրանք, եւ դա անկախ արտադրածի կամ վաճառվածի քանակից: Սա տրամաբանորեն: Իսկ օրենսդրորեն՝ հնարավո՞ր է արդյոք, որ պարոն Մարիտրոսյանի հնչեցրած պարզաբանումը իրականություն լինել: Այսինքն` կա՞ն հստակ չափորոշիչներ, որ, օրինակ, իքս քանակով յոգուրտի մեջ թույլատրելի է, որ մեկ-երկուսը լինի փչացած: Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմով է դա սահմանվում: Հարցերի պատասխանը ստանալու համար պաշտոնական պարզաբանում խնդրեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ¥ՍԱՏՄ¤, որտեղից մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Միաժամանակ տեղեկացրին. «Սպառողի ահազանգին ՍԱՏՄ-ն ընթացք է տվել 12.02.2020-ին` հոդվածը հրապարակվելուն պես: Արդյունքների մասին կտեղեկացնենք»:

Իհարկե լավ է, որ պատկան մարմինը չի հապաղել՝ ահազանգը հնչելուն պես գործի Է անցնել: Այնուամենայնիվ, մեր հնչեցրած վերջին հարցադրումները օրենսդրական հարթությունում են, ուսումնասիրությունների ընթացքի հետ կապ չունեն: Այնպես որ, մեր գրավոր հարցերը կուղարկենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА