o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զապի» քրոջորդու՝ գյումրեցի «օրենքով գող» Արտյոմի մասնակցությամբ սպանության փորձ կատարելու գործով Վերաքննիչը որոշում է կայացրել

23.02.2020 13:30 ԻՐԱՎՈՒՆՔ
«Զապի» քրոջորդու՝ գյումրեցի «օրենքով գող» Արտյոմի մասնակցությամբ սպանության փորձ կատարելու գործով Վերաքննիչը որոշում է կայացրել

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան, Ս. Մարաբյան կազմով ավարտվեց Արտյոմ Ղազարյանի և Կարեն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝  քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Ա. Սողոյանի քրոջորդի, «գյումրեցի  «օրենքով գող» համարվող, նախկինում չդատված 35-ամյա Արտյոմ Ղազարյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել 9 մմ տրամաչափի առնվազն 4 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն:

Ցանկացած օրենք, որոշում՝ իրավական ակտ, չպետք է խաչընդոտի լրագրողի աշխատանքը. փաստաբան

2017 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, գտնվելով Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ, «գործով չպարզված շարժառիթով» վիճաբանության ժամանակ Արտյոմ Ղազարյանն իր մոտ եղած ակոսափող հրազենից, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձը՝ «Կալաշնիկովի» «կոնստրուկցիայի» հրազենից  30-ամյա Գեորգի Հ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիների առկայության պայմաններում, կրակոցներ են արձակել Գեորգի Հ.-ի ուղղությամբ:

Արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ՝ որովայնի աջ կեսի հրազենային գնդակային չթափանցող վիրավորման ձևով՝ փափուկ հյուսվածքների վնասումով, որովայնի առաջնային պատի ձախ կեսի հրազենային գնդակային թափանցող վիրավորման ձևով՝ բարակ աղեգալարների ու նրանց միջընդերքի վնասումով:

Միջադեպից անմիջապես հետո Արտյոմ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, նստել է «ԲՄՎ X5» մեքենան, որը վարել է Կարեն Սարգսյանը, և հեռացել է դեպքի վայրից:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Հ.-ին սպանելու՝ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ քանի որ ծանր վնասվածք  ստացած տուժողին անմիջապես տեղափոխել են  բժշկական կենտրոն, բժշկական միջամտության արդյունքում նրա կյանքը փրկվել է:

31-ամյա Կարեն Սարգսյանը մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ կրակոցներից անմիջապես հետո կրակողներին ու հանցագործության գործիք զենքերը իր վարած մեքենայով հեռացրել է դեպքի վայրից՝ այդ կերպ օգնելով նրանց ու պարտակում կատարելով:

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել  խմբի կազմում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքից հետո Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել է 2017 թվականի օգոստոսին՝ դեպքից մոտ մեկուկես ամիս անց: Գտնվել է կալանքի տակ, ապա ընդհանուր իրավասության դատարանը նրան 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի: Արտյոմ Ղազարյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նորից կալանքի տակ է առնվել:

Դատարանում Արտյոմ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե գործով տուժող Գեորգի Հ.-ն իր բարեկամն է, նրա հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը՝ 2017 թվականի հունիսի  25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում ինքը Գյումրիի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ չի եղել, տուժողին  վնասվածքներ չի պատճառել:

Կարեն Սարգսյանը, ում «Չախալ Կարեն» են ասում,  նախաքննական ցուցմունքում հայտարարել էր, թե ինքն է կրակոցներ արձակել, նա նույնիսկ իրեն մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե շուրջ 4 ամիս գտնվում է ՔԿՀ-ում, խիղճը հանգիստ չի տալիս, քանի որ տեսնում է՝ իր արածի համար ուրիշն է մեղադրվում: Նա պնդել է, թե ինքն է Գեորգի Հ.-ին մարմնական վնասվածքներ պատճառել: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության պարտակման համար    առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Կարեն Սարգսյանը դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Գեորգի Հ.-ն (Գոգան) հայտնել է, թե դեպքի պահին ինքը կանգնած է եղել «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, երբ իր ուղղությամբ կրակոց է հնչել, գնդակը դիպել է իր փորին, կրակողն իրեն անծանոթ անձ էր: Մինչև օրս իր համար անհասկանալի է՝ ով է եղել իր վրա կրակողը, ինչու է կրակել, քանի որ ինքը թշնամիներ չուներ ու չունի, որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի եղել: Մեղադրվում է  իր բարեկամ Արտյոմը, բայց իրենց հարաբերությունները նորմալ են, իր կարծիքով՝ իր վրա կրակողը հաստատ Արտյոմը չի, իրենց մեջ թշնամանք չի եղել ու չկա:Կարեն Սարգսյանին չի ճանաչում, իր վրա կրակողը Կարենն էլ չի եղել, ինքը տեսել է կրակողին, դա անծանոթ մեկն էր:

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու միջնորդություն. Ամրամ Մակինյան

Այս գործով եղել են վկաներ, ում նկատմամբ  պաշտպանության միջոց է կիրառվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ դատարանը հաստատված է գնահատել, որ անհայտ պատճառով վիճաբանության ընթացքում Արտյոմ Ղազարյանը իր մոտ գտնվող ակոսափող հրազենն ուղղել է Գեորգի Հ.-ի որովայնին ու մոտ տարածությունից՝ մոտ 1,5 մետրից, առնվազն 2 կրակոց է արձակել՝ Գեորգի Հ.-ին որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք:  Կրակոցներից հետո Արտյոմ Ղազարյանը նստել է սրճարանի դիմաց կայանված մեքենայի դիմացի աջ նստատեղին ու հեռացել է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը եղել է տուժողին սպանելը: Այդ դիտավորությունն ավարտին չի հասցվել՝ տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արտյոմ Ղազարյանին մեղսագրված արարքը: Չփարատված կասկածները մեկնաբանելով ամբաստանյալի օգտին՝ դատարանը նրա մեղադրանքը փոքր-ինչ մեղմացրել, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով՝  խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի, այլ՝ պարզապես սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Արդյունքում՝ Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով, դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ նրա գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի 5 ամիս 5 օր ազատազրկում: Պատժի սկիզբը՝  2018 թվականի նոյեմբերի 14-ից:

Կարեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 28-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել փաստաբան Ե. Սարգսյանը, ամբաստանյալ Կարեն Սարգսյանը և գործով մեղադրող դատախազը:

Պաշտպանը իր բողոքում միջնորդել էր բեկանել դատավճիռը, Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի  վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: Սպանության փորձի մեղադրանքում Արտյոմ Ղազարյանին չարդարացնելու դեպքում պաշտպանը միջնորդել էր մասնակիորեն՝ այդ մեղադրանքի մասով, բեկանել դատավճիռը, վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու նշանակել արդարացի պատիժ:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանն իր բերած բողոքով միջնորդել էր իր մասով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ քրեական դատարանի նիստերին իրենց կամքով ու ցանկությամբ չէին ներկայանում կալանքի տակ գտնվող  ամբաստանյալներ Արտյոմ Ղազարյանն ու Կարեն Սարգսյանը:

Վերաքննիչ դատարանում իր բողոքը հիմնավորելով՝  Արտյոմ Ղազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը պնդել է, թե գործի նախաքննությամբ ու առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել իր պաշտպանյալի մեղավորությունը հաստատող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ  ապացույցների անհրաժեշտ համակցություն:

Փաստաբանը տարակուսել է, որ առաջին ատյանի դատարանը արժանահավատ է համարել պաշտպանության տակ գտնված երկու վկաների ցուցմունքները: Միևնույն ժամանակ դատարանն անարժանահավատ է համարել ամբաստանյալների ու տուժողի ցուցմունքները: Որպես Արտյոմ Ղազարյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ՝ դատարանը թվարկել է այնպիսի ապացույցներ, որոնցում Արտյոմ Ղազարյանի մասին խոսք անգամ չկա:

Ըստ պաշտպանի՝ Կարեն Սարգսյանը, ինչպես և Արտյոմ Ղազարյանը ենթակա են այս գործով արդարացման, քանի որ մեղադրանքները հիմնավորող ապացույցները բավարար չեն:

Եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հաստատված գնահատի, որ Արտյոմ Ղազարյանը կրակոցներ է արձակել տուժողի վրա, ապա, ըստ պաշտպանի, արարքը պետք է վերաորակվի: Տվյալ գործով ամբաստանյալի՝ սպանության ուղղակի դիտավորություն ունենալը, ըստ պաշտպանի, հաստատված չէ: Եթե անգամ ընդունենք, որ տուժողի դիմաց կանգնած ու կրակոցներ արձակած անձը եղել է Արտյոմ Ղազարյանը, ապա մոտ տարածությունից կրակելով՝ նա կարող էր կրակել, ասենք, տուժողի գլխին, սրտին ու հաստատապես մահ պատճառել: Նախաքննական մարմինն արձանագրել է, թե Արտյոմ Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ ավարտին չի հասցրել տուժողին սպանելու դիտավորությունը, քանի որ տուժողին անհապաղ բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն, ըստ պաշտպանի,  դա վիճելի հանգամանք է՝ կրակոցները մոտ տարածությունից  արձակվել էին տուժողի հենց որովայնի շրջանին նրան ոչ թե սպանելու, այլ՝ առողջությանը վնաս պատճառելու նպատակով:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չի կայանա

Պաշտպանը նշել է՝ արարքը պետք է որակվեր որպես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Պիվազյանը միջնորդել է իր պաշտպանյալ Կարեն Սարգսյանի մասով կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչել և հռչակել նրա անմեղությունը՝ նրա մասնակցությունը կատարված հանցավոր արարքին ապացուցված չլինելու հիմքով:

Գործով մեղադրող դատախազն իր վերաքննիչ բողոքով պահանջել էր անհիմն ու անօրինական ճանաչել առաջին ատյանի դատարանի կողմից Արտյոմ Ղազարյանի արարքը սպանության՝ ավելի մեղմ մասով վերաորակելը: Գյումրի քաղաքում գործող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմացի հատվածը բանուկ, մարդաշատ վայր է, այնտեղ արձակված կրակոցներն ակնհայտ վտանգ էին ներկայացնում ինչպես անցորդների, այնպես էլ մոտակայքում գտնվողների կյանքի և առողջության համար: Դատախազը պահանջել էր Արտյոմ Ղազարյանին մեղավոր ճանաչել  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով, և սահմանել ա՛յդ արարքին համաչափ՝ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժից ավելի խիստ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց այս գործով կայացրած որոշումը: Մեղադրանքի ու պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքները մերժվեցին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց օրինական ուժի մեջ անփոփոխ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА