o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մինչ արտակարգ ռեժիմը` արդեն իսկ կարանտին էի սահմանել թատրոնում». Հռիփսիմե Առաքելյան

20.03.2020 13:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մինչ արտակարգ ռեժիմը` արդեն իսկ կարանտին էի սահմանել թատրոնում». Հռիփսիմե Առաքելյան

Վիրուսի տարածումը կանխարգելելու համար գրեթե մեկ շաբաթ է մշակութային հաստատությունները եւս դադարեցրել են իրենց աշխատանքը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության վերջին օրը` ապրիլի 14-ը: Սակայն, որոշ թատրոններ ու թանգարաններ գտել են այս մեկ ամսվա ընթացքում իրենց հանդիսատեսի ու այցելուի հետ կապը չկտրելու տարբերակը: Թանգարաններն առցանց` կա՛մ վիրտուալ ապահովում են այցելուի մուտքը դեպի թանգարան, որի արդյունքում այցելուն հնարավորություն է ունենում ծանոթանալու թանգարանի ցուցանմուշներին, կա՛մ` թանգարանի էջի հետեւորդներին հրամցվում է թանգարանի մասին հետաքրքիր տեղեկատվություն, ինտելեկտուալ խաղ-հարց ու պատասխան եւ վիկտորինաներ: Իսկ մի քանի թատրոններ էլ իրենց խաղացանկում եղած ներկայացումների տեսագրություններն են առցանց հեռարձակում: Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը եւս երեկվանից միացել է` «Մնա տանը եւ օնլայն ներկայացում դիտիր» նախաձեռնությանը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ. «Երեկվանից, «Տերն ու ծառան» ներկայացումով մենք նույնպես օնլայն ռեժիմով միացանք նախաձեռնությանը եւ մեր հանդիսատեսին առցանց տիրույթում հրամցրինք «Տերն ու ծառան» ներկայացումը: Այդ միջոցով այս մեկ ամսվա ընթացքում չենք կտրի մեր կապը հանդիսատեսի հետ, որովհետեւ օնլայն տիրույթում  ունենք բավականաչափ հետեւորդներ, որոնք նաեւ մեր ռեալ հանդիսատեսն են ու այս ընթացքում տանը գտնվելով, կարող են դիտել մեր խաղացանկում տեղ գտած ներկայացումները, որոնք շատ սիրելի են դարձել հենց հանդիսատեսի կողմից»,- ասաց թատրոնի տնօրենն ու շտապեց ցավով արձանագրել, որ ներկայացումներից բավականաչափ տեսագրություններ չունեն. «Դեռ 2 տարի չկա, որ նշանակված եմ այս թատրոնում որպես տնօրեն եւ ցավով պետք է արձանագրեմ, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը, 30-տարվա իր գործունեության ընթացքում, ցավոք, տեսաձայնագրված ներկայացումներ չի ունեցել, այդ թվում նաեւ նախկինում խաղացանկից դուրս եկած ներկայացումները չեն պահպանվել որեւէ տեսաձայնագրման միջոցով: Բայց այս երկու տարվա ընթացքում մեր խաղացանկում տեղ գտած ներկայացումների մեծ մասը տեսաձայնագրել եմ, ինչն էլ պահպանվել է թատրոնի արխիվում, որոնք էլ այս ընթացքում թատրոնի հետեւորդները հնարավորություն կունենան առցանց դիտելու»:

​​​​​​​«Իմ Քայլի» ներկայացրած նախագիծը պարունակում է մի կետ, ինչն էլ կասկածի տակ է առնում նրանց անկեղծությունը»

«ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻ` Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆԻ»

Ի դեպ, Հ. Առաքելյանը շեշտեց, որպես տնօրեն առաջիններից է եղել, որ մինչ երկրում հայտարարված արտակարգ դրությունը, մեկ շաբաթով «կարանտին» է հայտարարել իր ղեկավարած թատրոնի աշխատակիցների համար, ինչին էլ հաջորդել է ԿԳՄՍ նախարարի հրամանն ու երկրում` արտակարգ դրություն սահմանելը. «Պետք է արձանագրեմ, որ երբ մարտի 1-ին Հայաստանում արդեն իսկ հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը, հենց այդ օրը անմիջապես, իմ կողմից տնօրինվող թատրոնում նախաձեռնեցի վարակի դեմ կանխարգելիչ գործողություններ: Անմիջապես կապվեցի ՀՀ առողջապահության նախարարության հետ եւ ստացա իրազեկման մոտ 50 պաստառ, որոնք արդեն մարտի 2-ի առավոտյան փակցրի մեր թատրոնի երկու շենք-շինություններում` մեկը վարչական տարածքում, որտեղ նստում է մեր ադմինիստրատիվ կազմը, եւ մյուսը` Բաղրամյան փողոցի վրա գտնվող մեր թատրոնի դահլիճում եւ կուլիսներում: Դրան զուգահեռ նաեւ թատրոնն ապահովեցի ախտահանիչ միջոցներով: Թերեւս, դեռ երկու շաբաթ առաջ այդ միջոցների սղությունը կար, ինչպես եւ այսօր: Բայց, որպես Երեւանի ավագանու անդամ, այս հարցով ինձ օգնեց քաղաքապետարանի Առողջապահության վարչությունը: Անկեղծ պետք է արձանագրեմ, որ ավագանու գործառույթները ի նպաստ եւ ի բարօրություն մեր թատրոնի կարողացա օգտագործել, եւ բժշկական պարագաներ մատակարարող ընկերություններից մեկի հետ կապվելով, որպես պետական թատրոն, մեզ արտահերթ կարգով տրամադրեցին, քանի որ այդ օրերին մեր թատրոնում դեռեւս ընթանում էին ներկայացումները: Ճիշտ է, բավականին թանկ գնով, բայց մեզ հաջողվեց ձեռք բերել անհրաժեշտ ախտահանիչ միջոցները, որոնք ողջ շենքի տարածքում` մուտքի ու ելքի պատերին ամրացվեցին, որպեսզի ոչ միայն մեր դերասանների ու աշխատակազմի համար, այլ նաեւ հանդիսատեսի, որ անպայման ախտահանեին ձեռքերը` թատրոն մուտք գործելու, այնուհետեւ` ելքի ժամանակ: Սա մի պարտադիր պայման էր, որը խիստ սահմանել էի թատրոնում: Մարտի 2-ից մինչեւ 13-ը հենց այդ ռեժիմով էինք աշխատում, բայց մարտի 13-ի` «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացումը, որի բոլոր տոմսերը վաճառված էին, որոշում կայացրինք եւ անվտանգության նկատառումներից ելնելով` չեղարկեցինք: Իսկ բոլոր տոմսերի գումարն էլ վերադարձվեց հանդիսատեսին: Թեպետ բոլոր տոմսերը վաճառված էին, բայց մենք չգնացինք այդ ռիսկին, որովհետեւ արդեն մեր երկրում արձանագրված էին կորոնավիրուսով բավականաչափ վարակվածներ: Եվ հենց այդ օրը մեկ շաբաթով կարանտին հրաման ձեւակերպեցի, ու մեր թատրոնը մտավ այդ ռեժիմի մեջ: Դրանից հետո, նոր մարտի 14-ին, ԿԳՄՍ նախարարի կողմից հրաման իջեցվեց, որ մենք դադարեցնենք ներկայացումները, իսկ դրան էլ հաջորդեց արդեն երկրում արտակարգ դրություն սահմանելը մինչեւ ապրիլի 14-ը»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ

Թատրոնի տնօրենը, սակայն վստահեցրեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալուց հետո` ապրիլի 14-ին թատրոնում կհաջորդի բուռն աշխատանքային մթնոլորտ, քանի որ արդեն իսկ նախաձեռնել էին 4 առաջնախաղեր, որոնք եւս ստիպված մնացին անավարտ. «Առաջինը, ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությամբ` «Փրկության հրեշտակը» ներկայացումն էր, որի առաջնախաղը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին եւ 23-ին` նվիրված  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: Բայց, այս դադարի ընթացքում պարզապես հնարավորություն չունենք փորձեր անելու, եւ դրա արդյունքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված ներկայացումը նույնպես կհետաձգվի ինչ-որ ժամանակով: Սակայն, ես լավատես եմ, հուսով եմ, որ այս ամենը հաղթահարելուց հետո, փոքր-ինչ ավելի ուշացած, բայց անպայման նախատեսված 4 պրեմիերաները հերթականությամբ տեղի կունենան»:

«ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՎՍ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Է»

Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման․ Ռուստամ Բադասյան

Արտակարգ դրության ընթացքում նաեւ անորոշ է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը տեղի ունեցող ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Կամերային երաժշտական թատրոնից. «Ցավով պետք է արձանագրեմ, որ Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, պետք է տեղի ունենար «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը, ենթադրում եմ, չի կայանա, որովհետեւ արդեն իսկ մարտի 27-ը արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում է: Բնականաբար, շատ շահագրգռված էինք, քանի որ մեր թատրոնն էլ էր ներկայացված այդ  մրցանակաբաշխությանը` Երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում, որտեղ  «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման երկու դերասաններ Անահիտ Կիրակոսյանն ու Վիլեն Սարգսյանն են անվանակարգված: Կարծում եմ` մրցանակաբաշխությունը կհետաձգվի, բայց անպայման տեղի կունենա»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА