o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻ° ՄԵՂԱԴՐԵՔ ՆԻԿՈԼԻՆ, ՆԱ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է

24.03.2020 21:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻ° ՄԵՂԱԴՐԵՔ ՆԻԿՈԼԻՆ, ՆԱ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է

Եվ այսպես, կրկին բախտ ունեցանք լսելու մեր զրուցասեր եւ դատարկաբանառատ վարչապետ կոչեցյալի անիմաստ զեղումներն ամեն ինչի, իսկ իրականում ոչնչի մասին: Նա երկար փորձում էր համոզել, որ հնարավոր չէր թույլ չտալ կորոնավիրուսի մուտքը Հայաստան: Մոտ տասը անգամ կրկնեց, թե. «Չկա եւ չի կարող լինել երկիր, որը կխուսափի կորոնավիրուսից»: Այն դեպքում, որ աշխարհում կան մի քանի տասնյակ երկրներ, որոնք գոնե մինչ այսօր այդ չարաբաստիկ վիրուսից խուսափել են: Հայաստանի նման փակ երկրում դա առավել քան հնարավոր էր անել:

Մի՛ մեղադրեք Նիկոլին, նա փնտրտուքի մեջ է

Իսկ Նիկոլը շարունակում էր համոզել իր պողոսիկներին, որ չկա մի երկիր, որ պատրաստ լիներ հիվանդության տարածմանը, իմանար` ինչպես պայքարել դրա դեմ, կամ ինչքան է շարունակվելու իրենց մոտ վարակի տարածումը: Սակայն փաստը մնում է փաստ, որ շատ երկրներում իշխանությունները դրսեւորում են հանգիստ եւ հստակ գործողությունների ծրագիր, որով եթե ոչ ամբողջությամբ են վերացրել վարակը, ապա ակնհայտորեն այն սահմանափակել են, օրինակ` Չինաստանը: Սակայն Նիկոլին պետք էր ապացուցել իր պողոսիկներին, թե հարցը ոչ թե իր եւ իր մանկապատանեկան անփորձ ու անգրագետ պատգամավորանախարարական կորպուսի մեջ է, այլ ընդհանրապես ոչ ոք ոչ մի տեղ չգիտի եւ չի էլ կարող իմանալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել եւ այլն: Այնուհետեւ Նիկոլը արտահայտեց դարի հանճարեղ միտքը, որը բացի նրանից ոչ ոք երբեք չի ասել եւ չէր էլ կարող ասել: Նա բառացի երկնեց հետեւյալը. «Ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ կորոնավիրուսից հետո հստակ է, որ մարդիկ շարունակելու են սնվել»: Միայն Նիկոլի հանճարն է, որ կարող էր հասնել մտքի այդպիսի բարձունքների: Եվ դրանից հետո կոչ է անում բոլորին՝ զբաղվել գյուղատնտեսությամբ: Ավելին, ժողովրդական եւ ժողովրդասեր վարչապետը ասում է, որ ունեն ինչ-որ ծրագրեր, որ եթե ասենք, որոշեք զբաղվել կաթիլային ոռոգմամբ, ձեզ կարող են տալ անտոկոս վարկ: Մի ծրագիր էլ կա, թե` եթե կոլխոզ ստեղծեք, ապա նույնպես ինչ-որ մի աջակցություն անտոկոս վարկի տեսքով կստանաք: Թե ե՞րբ այդ ծրագրերը կդառնան խոստումներից գործ, եւ քանի հոգի Հայաստանում կկարողանան օգտվել անտոկոս վարկերից, եւ ընդհանրապես մի երկրում, որտեղ ամեն ինչ հնարավոր է փակ է, ըստ նույն վարչապետի, քանի՞ հոգի կհամարձակվեն վարկ վերցնել: Ժամանակին նույն ժողովրդասեր եւ ոչխարասեր վարչապետը կոչ էր անում ժողովրդին զբաղվել ոչխարաբուծությամբ: Կոչը մնաց կոչ, իսկ որեւէ իրական քայլ այդ ուղղությամբ, որպեսզի կազմակերպվի անասնապահության այդ ճյուղը, իսկ անասնապահները ստանան իրական օգնություն, չարվեց: Եթե չհաշվենք, իհարկե, սպանդանոցների խայտառակ պատմությունը, որը անասնապահներին մղեց երկրի ճանապարհների փակմանը, որից էլ վախեցած Նիկոլը հարցը հետաձգեց կես տարով: Սեփական կառավարության ապաշնորհ լինելուց տուժած փոքր եւ միջին ձեռնարկատերերին Նիկոլը սփոփեց արտոնյալ վարկեր տալու խոստումով, սակայն արտոնյալ վարկերի մեխանիզմը գործում էր մինչեւ այս խայտառակ իրավիճակը, եւ, վարկ տալով, առանց Նիկոլի էլ զբաղվում են բանկերը: Սակայն վարկով տնտեսություն չես փրկի, այլ միայն կխորացնես անդունդի եզրին գտնվող հազարավոր մանր եւ միջին ձեռնարկատերերի վիճակըՓաստորեն, հարգե՛լի քաղաքացիներ, դուք տներումդ նստած, չեք էլ նկատել, որ այս օրերին երկրում բացվում են նոր աշխատատեղեր: Եթե ինչ-որ մեկը նկատել է, խնդրում ենք, գոնե մեկ այդպիսի աշխատատեղի մասին տեղեկացնել հանրությանը: Իսկ ինչ վերաբերում է փակված աշխատատեղերին, ապա Նիկոլը ավետեց բարի մեծ լուր, որ նրանք սկսել են մտածել գործազուրկ դարձած քաղաքացիների համար ինչ-որ մի նոր փաթեթ մոգոնելու մասին: Իհարկե, շատ լավ է, որ սկսել են մտածել, միայն թե չստացվի այնպես, որ մինչեւ առուն ջուր գա, դե, գորտի վիճակի մասին չենք ասում, որ խուճապ չստեղծենք: Մի խոսքով, բոլոր նրանց, ում թվում է, թե մեր վարչապետն ու նրա նազիր-վեզիրները զբաղված են փիփերթից ճաշ եփելով, եղինջ ծամելով, խանութ-մանութ, դեղատուն ֆռֆռալով ու էկրաններից ձեռքեր լվանալու մասին երկար ու ձիգ մտքեր արտահայտելով, այդպես չէ: Նիկոլը ասաց, որ նրանք փնտրտուքի մեջ ենՀա, մի բան էլ ասաց` այն էլ հպարտությամբ արձանագրեց, որ ապրանքների դեֆիցիտ չկա, եւ շնորհակալություն հայտնեց մեր գործարարներին, այդ նույն գործարարներին, որոնց երկու տարի առաջ անվանում էր ստոր օլիգարխներ, ժողովրդի արյունը ծծողներ, հանցագործներ, թալանչիներ եւ այլ հակահիգիենիկ երեւույթներ: Այսօր Նիկոլը նրանց շնորհակալություն է հայտնում եւ ստիպում էր անբան, դեղնակտուց նախարարներին ծափահարել, միայն թե պարզ չէ` ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Նիկոլը: Չէ՞ որ լիներ Նիկոլը, թե չլիներ Նիկոլը, գործարարները իրենց ապրանքը կբերեին, ժողովրդի վրա թանկ-թանկ կծախեին, իրենց շահույթը կառնեին ու կյանքը կվայելեին: Եվ դա կանեին առանց նայելու, թե Նիկոլը ծափ է տալիս, թե չի տալիս: Անգամ, եթե Նիկոլը օլիգարխների առաջ տրնգի պարի, միեւնույնն է` դրանից որեւէ բան չի փոխվիԵվ, վերջապես, կարելի է միայն զմայլվել, թե ինչպիսի քնքշությամբ, հոգատարությամբ Նիկոլը խոսում է թոշակառուների մասին: Ընդ որում, նա դա անում է ոչ թե միայն այսօր, այլ արդեն մեկ շաբաթ անընդհատ խոսելով, որ իր կառավարությունը մտածում է, որ անթույլատրելի են կուտակումները թոշակներ ստանալու նպատակով, չէ՞ որ այդ կուտակումների ժամանակ Նիկոլի կողմից այդքան սիրված, հարգված ու պաշտված տարիքավոր մարդիկ կարող են վարակվել: Սակայն այդ մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չի ստեղծվել թոշակառուներին տներով թոշակը բաժանելու համակարգը: Դա, իհարկե, չի խոսում այն մասին, որ Նիկոլը չի մտածում թոշակառուների մասին: Նա պարզապես չգիտի ի՞նչ անել, ինչպե՞ս անել եւ դեռեւս փնտրտուքի մեջ է: Բայց հանկարծ Նիկոլին չիմանալու համար չմեղադրեք, Նիկոլը ասաց, թե աշխարհում, ոչ մի երկրում ոչ ոք ոչինչ չգիտի:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА