o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

31.03.2020 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

Ազգային ժողովում առավոտյան երկրորդ ընթերցմամբ` չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով կառավարությունը մտադիր էր երկիրը վերածել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու գաղտնալսել ամենքին: Ընդդիմությունն այս հարցում միասնական էր, իսկ իշխանությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ ձայները: Բայց արի ու տես, որ իշխանությունը հետ չկանգնեց դրանից ու գաղտագողի երեկոյան ժամը` 17:00-ին կրկին նույն նախագիծը բերեց խորհրդարան: Ընդ որում` ընդդիմությունն այդ մասին իմացավ ընդամենը նիստի սկսվելուց րոպեներ առաջ, որոշները` նույնիսկ նիստի արդեն իսկ սկսվելուց հետո: Նախ առաջին, ապա 4,5 ժամ հետո երկրորդ ընթերցմամբ՝ իշխանությունն անցկացրեց չարաբաստիկ օրինագիծը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

«Ժողովուրդ»․ Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել

«ՆԱԽԱԳԻԾԸ ԼՈՒՐՋ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԻՄԱՍՏ Է»

– Տիկին Զոհրաբյան, վերոնշյալ նախագծով կառավարությունը փաստացի օրինականացնում է իշխանության կողմից անձանց գաղտնալսումը: Մի՞թե սա ամենակարեւոր քայլն էր համավարակի դեմ պայքարում:

– Իհարկե, իրենք անունը «գաղտնալսում» չեն դնում, այլ ասում են` տեղականխորոշում, բայց հասկանալի է, թե ինչ կա դրա տակ: Նաեւ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը նշեց, որ այս նախագիծը լուրջ հետընթաց է ժողովրդավարությունից: Եթե անգամ այս պահին մի կողմ դնենք մարդու իրավունքները, որոնք, այո՛, Սահմանադրությամբ նման իրավիճակներում կարող էին եւ որոշակիորեն սահմանափակել, միեւնույնն է, սա բացարձակ անիմաստ օրենքի նախագիծ է: Նախ ուշացած է, որովհետեւ մենք արդեն գործ ունենք համավարակի բավականին մեծ ծավալների հետ: Ի վերջո, եթե ինչ-որ մեկի մոտ ռիսկեր կան, ապա շատ հանգիստ կարելի է դիմել օպերատորին եւ պահանջել կոնկրետ անձի տվյալները, նրա հեռախոսազրույցների շրջանակը: Բայց համատարած բոլորին դնել այդ ռեժիմի տակ, ուղղակի անթույլատրելի է: Այս նախագիծը բացարձակապես ոչինչ չի տալու, ընդամենը հսկայական ռեսուրսներ են ծախսվելու դրա վրա: Մինչդեռ այդ ռեսուրսները պետք է ուղղել շատ ավելի կարեւոր տեղ: Օրինակ` մի ազատամարտիկ ինձ նամակ է գրել, որ եթե եւս մի քանի օր այսպես շարունակվի, խանութ է թալանելու: Երեկ ինձ էլի մի տղամարդ էր գրել, որը 4 անչափահաս երեխա ունի, տեղեկացնում էր, որ իր երեխաների հետ գնում է Հաղթանակ կամրջից իրեն գցի: Երեւի, մի ամբողջ ժամ ծախսել եմ, որպեսզի նրան հորդորեմ, որ նման քայլ չանի: Մարդիկ հուսահատ վիճակում են, եւ փոխանակ այդ հարցերը լուծեն` թիթեռ են նկարում: Ես առաջարկեցի, որ այս նախագիծը հետ տանի կառավարությունը, բայց, ինչպես հասկացանք, իրենք այն հետ տանելու մտադրություն չունեն: Ուստի` այդ նախագծին քվեարկեցինք դեմ, որովհետեւ այդտեղ շտկելու բան անգամ չկա, բացարձակ աբսուրդային եւ անիմաստ է: Սա ճանապարհ չէ, սա լուծում չէ, որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե վաղը կամ 10 օր հետո մենք համաճարակի ինչպիսի պատկեր կունենանք: Իսկ դատելով դինամիկայից` դեռ երեկ 52 նոր վարակակիր ունեինք, ինչը նշանակում է, որ պետք է գնալ շատ ավելի ռացիոնալ քայլերի:

– Մյուս նախագիծն էլ պակաս խնդրահարույց չէր: Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, ապա հետ կանչեց Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չանել: Այս դեպքում` որքանո՞վ կարելի վստահել պաշտոնական տվյալներին, թե այսքան կամ այնքան մարդ մահացել է հենց այդ վիրուսից:

– Խոսել եմ բավականին լուրջ ախտաբանաանատոմների հետ: Նրանք այս նախագիծը եւս համարում են բավականին ռիսկային: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ այդտեղ միգուցե հնարավոր չլինի կոնսերվացնել վարակը, դրա համար էլ գնացինք այս նախագծին կողմ քվեարկելու տարբերակով: Ամեն դեպքում, ես շատ կարեւոր առաջարկով հանդես եկա եւ հույս ունեմ` այն կընդունվի: Առաջարկել եմ, որ լիազոր մարմինը մշակի բուժաշխատողների սոցիալական աջակցության փաթեթ: Չեմ ուզում հիմա խուճապ տարածելու մեջ մեղադրվել, բայց այսօր ունենք բավականաչափ լուրջ թվով բուժաշխատողներ եւս, ովքեր վարակված են, կորոնավիրուսակիր են: Այսօր համաշխարհային պատերազմ է, եւ այս պատերազմի առաջնագծի զինվորը բուժաշխատողն է, ուստի` նրանք եւ նրանց ընտանիքները պետք է օգտվեն այն արտոնություններից, ինչից օգտվում են պատերազմական գործողությունների ժամանակ հաշմված կամ, Աստված մի արասցե, զոհված մեր զինվորների ընտանիքները:

«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԻՐԱՐ ՎՐԱ «ԲՈՉԿԱ» ԳԼՈՐԵԼ, ԱՅԼ` ԻՍԿԱՊԵՍ ՄԻԱՆԱԼ»

– Վարչապետ Փաշինյանը հենց ԱԺ ամբիոնից ասաց, որ օրավարձով աշխատողներ չկան, իսկ վարկային արտոնություններին անդրադառնալով` նյարդայնացավ. «Ձե՞ռք եք առնում»: Հիմա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, որտեղ առաջարկվում էր օրավարձով աշխատողների համար նախատեսել սոցիալական աջակցության, վերացնել վարկառուների, այսպես կոչված, «սեւ ցուցակները», ձեռնարկությունների աշխատողներին սուբիսդավորում տալ եւ այլն: Փաստորեն, ըստ Փաշինյանի տրամաբանության, հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւնն է «ձեռք առնում»:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

– Մենք ոչ մեկին ձեռք չենք առնում, այլ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է ոչ թե իրար վրա «բոչկա գլորել», իրար վրա ինքնահաստատվել, այլ` իսկապես միանալ: Այս ծայրահեղ իրավիճակում պետք է մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, որոնք, բնականաբար, հետո էլ կարելի է քննարկել: Իսկ այսօր այն 7 առաջարկը, որ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը», պոպուլիզմ չէ, այլ խիստ իրատեսական եւ իրականանալի առաջարկներ են` հենց մեր պետական բյուջեի շրջանակում: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ օրավարձով աշխատողներ չկան, հենց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը հաստատեց, որ` այո, կան, եւ վարչապետի խոսքը մանիպուլացվել եւ կոնտեքստից կտրվել է: Օրական ստանում եմ ինձ ուղղված մի քանի հազար նամակներ, իմ փորձագետներին փոխանցում եմ, իրենք էլ չեն հասցնում մշակել, եւ այդ նամակներն ուղարկողների 99 տոկոսը հենց օրավարձով աշխատողներ են, ովքեր այսօր զրկված են աշխատանքից: Կրկնում եմ` վիճակն իսկապես ծայրահեղ ծանր է, եկեք զբաղվենք ոչ թե ինչ-որ անլուրջ գործերով, փորձենք սայլը ձիուց առաջ դնել եւ անկարեւոր խնդիրներ փորձել լուծել, որոնք ուղղակիորեն մինուս անսահմանություն արդյունավետություն ունեն, այլ բռնենք թիրախային խնդիրները եւ փորձենք դրանք միասնաբար լուծելու ճանապարհով գնալ: Մենք չենք չարախնդում, այլ առաջարկում ենք այդ մարդկանց հարցերի լուծումները: Վաղը եթե այս մարդկանց դժգոհությունը հասնի կրիտիկական սահմանի, մենք մեզ չենք մեղադրելու, որովհետեւ զգուշացրել ենք, որ իրավիճակը բարդ է, հետո չընկնենք եւ մեղավորներ փնտրենք:

«ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է, ԹԵ ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ»

– Կիրակի օրը կայացավ Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը, իսկ այսօր կկայանան ընտրությունները: Ի՞նչ տպավորություններ ունեք նախագահի թեկնածուներից եւ ինչպիսի՞ սպասումներ` այսօրվա ընտրությունից:

– Ցավոք, բանավեճին չեմ հետեւել, որովհետեւ հանդիպում էի հենց օրավարձով աշխատող հայրենակիցներիս հետ, ովքեր ուղղակի հուսահատության եզրին հասած` եկել էին մեր տուն: Ինչ վերաբերում է ընտրություններին, մոտավորապես ինձ համար, կանխատեսելի է, թե ինչ արդյունք ենք ունենալու Արցախում, որովհետեւ, ցավոք, գործընթացները չգնացին այնպես, ինչպես պետք է գնային: Բայց հույս ունեմ, որ գոնե ընտրական տեղամասերում ընտրությունները կլինեն իրավունքի եւ օրինականության սահմաններում:

– Արցախի նախագահական ընտրություններում ունե՞ք նախապատվելի թեկնածու:

– Ունեմ, բայց կարծում եմ, որ նա, ցավոք, որեւէ շանս չունի հաղթելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА