o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ փոփոխության է ենթարկվելու հետկորոնավիրուսային աշխարհակարգը․ մաս 2-րդ

10.04.2020 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի՞նչ փոփոխության է ենթարկվելու հետկորոնավիրուսային աշխարհակարգը․ մաս 2-րդ

Սկիզբը՝ այստեղ։

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

Այս վիրուսի ի հայտ գալուց հետո կտրուկ ուժգնացան նաև տարատեսակ դավադրության տեսություններն այդ խնդրի շուրջ: Սկսեցին խոսել այն մասին, թե իբր այս վիրուսի առաջ գալը ոչ թե բնական, այլ արհեստական բնույթ է ունեցել:

Այս հարցը դեռ ճշգրիտ պատասխան չունի: Սակայն այս հարցադրման մեջ դավադրության սցենար տեսնելը շահագրգռություն է առաջացրել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների մոտ:

Այսպես, օրինակ, երբ այն սկզբից սկսեց տարածվել Չինաստանում, Ռուսաստանում, մահմեդական աշխարում և նույն Չինաստանում այն վարկածն էր տարածված, թե իբր այս վարակը Չինաստան է ներմուծվել ԱՄՆ-ի կողմից, որպեսզի կազմաքանդի նրա հիմնական տնտեսական մրցակցին՝ Չինաստանին: Այս վարկածը սրընթաց զարգանում էր տնտեսագետների, քաղաքագետների և այլ գործիչների շրջանում: Այս վարկածի մասին նույնիսկ արտահայտվեց Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն իր ճեպազրույցներից մեկի ժամանակ՝ նշելով, որ հավանաբար այս վիրուսը տարածվել է Ուհան քաղաքում ամերիկացի զինվորականների կողմից, երբ 2019-ի նոյեմբերին, նրանք այդ քաղաքում մասնակցում էին միջոցառմանը: Որից հետո տնտեսագետները սկսեցին հիմնավորել, թե իբր ամերիկացիները խիստ մտահոգված էին, որ Չինաստանը՝ իր 13 տրլն դոլարի հասնող ՀՆԱ-ով, մի քանի տարի անց առաջ էր անցնելու ԱՄՆ-ին, ինչից հետո ԱՄՆ-ի թիվ մեկ գերտերության հարցն օրակարգից դուրս կգար:

Դրան զուգահեռ, տնտեսագետները այն հիմնավորումն էին բերում, թե իբր, ԱՄՆ-ն՝ իր 20 տրլն-անոց ՀՆԱ-ով, կանգնած է 22 տրլն-անոց պարտքի խնդրի լուծման առջև, որն անլուծելի է, քանի դեռ Չինաստանն իր հզորության տեմպերով պատրաստվում է գերազանցել ԱՄՆ-ին: Ահա թե ինչու պնդում էին սույն վերլուծաբանները՝ այս կորոնավիրուսը ստեղծվել էր ԱՄՆ-ի լաբորատորիաներում, որպեսզի կազմաքանդվի Չինաստանի տնտեսությունը և դրանով իսկ չեզոքացվի «դեղին վտանգն» ԱՄՆ-ի համար:

Երբ այս վիրուսի խնդիրը հաջողությամբ լուծվեց Չինաստանում և այն տեղափոխվեց Եվրոպա ու ԱՄՆ, այս խոսակցությունները պրակտիկորեն դադարեցին, քանզի վերը նշված «հիմնավորումներն» արդեն անհամոզիչ էին թվում:

Իհարկե հիմա էլ կան վերլուծաբաններ, որոնք այս թեզն են առաջ քաշում և նշում, որ ԱՄՆ-ն ընկավ իր իսկ լարած թակարդը, սակայն այս վարկածի կողմնակիցները այժմ զգալիորեն պակասել են: Պատճառն այն է, որ ներկա պահին այս վիրուսից հիմնական տուժողը հենց Միացյալ Նահանգներն է: Դժվար թե ամիրակիցիները վիրուս ստեղծեին իրենց իսկ տնտեսությունը հարվածի տակ դնելու համար:

Այսօր էլ առաջ են եկել ամերիկյան մի շարք վերլուծաբաններ, որոնք համոզված նշում են, որ այս վիրուսը ստեղծել են չինացիները, որպեսզի կազմալուծեն իրենց գլխավոր մրցակցի՝ ԱՄՆ-ի տնտեսությունը:

Ավելին, այս վերլուծաբանների կարծիքով, Չինաստանի տնտեսությունը գտնվում էր լուրջ ճգնաժամի մեջ: Ունենալով մոտ 13 տրլն-ի ՀՆԱ՝ Չինաստանի ներքին և արտաքին պարտքն արդեն գերազանցել էր 35 տրլն դոլարի սահմանները: Եվ այդ պարտքը հեշտ փակելու համար Չինաստանին անհրաժեշտ էր, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կազմալուծվի: Արդյունքում, նշում են այս վերլուծաբանները, հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգում Չինաստանն է դառնալու գլխավոր գերտերությունը: Նա է իրականացնելու իր «Մարշալի» օգնության ծրագիրը, որի արդյունքում կարողանալու է ամբողջովին փակել իր պարտքը արևմտյան բանկերին:

Այսպիսով, ըստ այդ վերլուծաբանների, այս կորոնավիրուսով Չինաստանը մեկ կրակոցով փաստացի կկարողանա սպանել երկու նապաստակ: Հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգում կդառնա գլխավոր գերտերությունը՝ օգնելով աշխարհի մյուս երկրներին ճգնաժամից դուրս գալու և միաժամանակ կկարողանա փակել իր հսկայական 35 տրլն-անոց պարտքը:

Արդյունքում, վախեցնում են այս վերլուծաբաններն իրենց հանրություններին, ԱՄՆ-ն աշխարհի գլխավոր գերտերության իր դիրքը կզիջի կոմունիստական Չինաստանին, ով կփորձի իր տոտալիտար արժեքները, օգնության հետ միասին, տարածել նաև այլ երկրների վրա:

Հասկանալի է, որ այս երկու իրարամերժ դավադրության տեսությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ: Պարզապես զգալով, որ կորոնավիրուսը էապես փոխելու է նաև ողջ աշխարհակարգը՝ այս դավադրության տեսություններով կողմերը նախապես սկսել են իրենց գաղափարական պայքարը նոր ստեղծվող աշխարհակարգի վրա ազդեցության համար:

Ակնհայտ է, որ այս պայքարում դիրքային առավելություն է ունենալու Չինաստանը: Քանի որ նա է կարողացել էֆեկտիվ ձևով պայքարել այս վիրուսի դեմ՝ միաժամանակ աշխատեցնելով իր տնտեսական հզորությունների մոտ 75 տոկոսը:

Պարզ է նաև, որ 2020-21 թվականներին համաշխարհային ՀՆԱ-ն լուրջ անկում է արձանագրելու: Թվերը տատանվում են 5-ից մինչև նույնիսկ 10 տոկոսի սահմաններում: Եվ հասկանալի է, որ այդ 4-ից 8 տրլն դոլարի շուկաների վերաձևավորումը էապես ազդելու է աշխարհի հիմնական խաղացողների վրա:

Պարզ է, որ աշխարհը պատրաստ չի լինելու ընդունել Չինաստանի տոտալիտար արժեքները, բայց և միաժամանակ բոլորի համար էլ պարզ է դարձել, որ արևմտյան արժեքներն այլևս հին ձևով հրապուրիչ չեն լինելու:

Աշխարհը նոր մոտեցումների փնտրտուքի մեջ է լինելու, որտեղ գերակա դեր են կատարելու սինթեզված արժեքները:

Նախկին գլոբալիզացիան այլևս չի աշխատելու, բայց միևնույն ժամանակ բոլորի համար ակնհայտ է լինելու նոր անդրազգային կառույցների ձևավորումը, որպեսզի նման արհավիրքներից, ինչպիսին այս վիրուսն է, զերծ պահի մարդկությանը հետագայում: Ինչը չկարողացան այսօրվա կառույցները՝ ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, և այլն:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА