o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պահպանում ենք լավատեսություն՝ մնալով իրատես.ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ Իվան Տելեգին

30.04.2020 15:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պահպանում ենք լավատեսություն՝ մնալով իրատես.ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ Իվան Տելեգին

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հարցազրույցը

- Ինչպե՞ս եք գնահատում COVID-19-ի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը։ Արդյո՞ք սա գլոբալ տնտեսական ճգնաժամ է, թե՝ ոչ։

- Իր բնույթով իրավիճակը, որում ներկայումս գտնվում է ամբողջ աշխարհը, տնտեսական առումով եւս դյուրին չէ։ Այլ հարց է, որ վերջինիս զարգացման սցենարները բավականին բարդ է հաշվարկել, քանի որ այն ոչ թե կոնկրետ տնտեսական իրադարձությունների կամ փոփոխությունների, այլ վիրուսի մասշտաբային տարածման հետեւանք է, որի զարգացումը դժվար է կանխատեսել։ Փաստացի ներկայիս իրավիճակն ազդում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա՝ դադարեցնելով այնպիսի ոլորտների գործունեություն, ինչպիսիք են առեւտուրը, արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը, տուրիզմը եւ շինարարությունը, որոնք հանդիսանում են ցանկացած երկրի եւ, հատկապես, Հայաստանի ՀՆԱ-ի շարժիչ ուժը։ Հայաստանի պարագայում իրավիճակը վատթարացնում է նաեւ արտերկրից եկող դրամական փոխանցումների ծավալի անկումը։

- Ազդե՞լ է արդյոք ճգնաժամը բանկային համակարգի վրա եւ արդյո՞ք ներկայիս իրավիճակը Ձեզ համար սովորական է ճգնաժամի զարգացման տեսանկյունից։

- Որոշ չափով ներկայիս իրավիճակն արդեն անդրադարձել է բանկային համակարգի վրա: Առեւտրի, արդյունաբերության, ծառայությունների, տուրիզմի եւ շինարարության ոլորտների գործունեության դադարեցման եւ, որպես հետեւանք, բնակչության եկամուտների կորստի հետեւանքով, բանկերը ստիպված եղան հայտարարել իրենց թե՛ ֆիզիկական, եւ թե՛ իրավաբանական անձ հաճախորդների համար վարկային արձակուրդներ՝ հետաձգելով վերջիններիս պարտավորությունների գծով վճարումները երկամսյա ժամկետով։ Ընդ որում, ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ պետք է նշել, որ մեր վարկառուների մեծամասնությունը, այն է՝ ֆիզիկական անձանց 62%-ը եւ իրավաբանական անձանց 46%-ը կատարել են իրենց պարտավորությունների դիմաց ամենամսյա վճարումները համաձայն ստանդարտ ժամանակացույցի՝ չօգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից։ Երկրում Արտակարգ դրության հայտարարման եւ տանը մնալու Կառավարության կարգադրության հետեւանքով՝ բանկային գործառնությունների ծավալը նվազել է մոտ 50%-ով։ Մենք նկատում ենք նաեւ սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի անկում։ Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը հասկանալի է․ բնակչության համար ներկայումս առաջին հերթին կարեւոր է ապահովել գործող վարկերի սպասարկման հարմարավետ պայմաններ, ստանալ վարկային արձակուրդներ եւ նախկինում ստանձնած պարտավորությունների վերակառուցման այլ տարբերակներ։

- Իրադարձությունների ինչպիսի՞ հետագա զարգացում եք տեսնում։

- Լավատեսական սցենար է համարվում համաճարակի ավարտը և, որպես հետևանք, Հայաստանում կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը այս տարվա մայիս ամսից։ Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ վիրուսի հնարավոր նոր ալիքի եւ կրկնակի տարածման մասին, հետեւաբար, վատատեսական սցենարը ենթադրում է կարանտինային միջոցառումների երկարաձգում՝ տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներով  եւ ավելի երկար ժամանակահատվածով՝ մոտավոր մինչ այս տարվա աշնան վերջ կամ մինչ մասսայական պատվաստանյութի ստեղծումը։ Ես ավելի հակված եմ սցենարի դրական զարգացմանը, սակայն ժամանակը ցույց կտա։

- Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության կողմից ցուցաբերված աջակցության միջոցառումները եւ արդյո՞ք բավարար են հատկացված միջոցները։

- Կառավարության կողմից ֆիզիկական անձանց գծով ցուցաբերված աջակցության միջոցառումները ձեռնարկվել են ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով։ Եվ պակաս կարեւոր չէ այն փաստը, որ Կառավարությունն ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ ձեռնարկում է լրացուցիչ գործողություններ։

Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով ներգրավված է հսկողության, կարգավորման եւ օգնության տրամադրման գործընթացում, այդ թվում նաեւ՝ բանկային համակարգին։

Ներկայումս Կառավարության աջակցության ծավալներն ու ոլորտները համարում ենք բավարար, սակայն հնարավոր է ապագայում կպահանջվի ավելի ուժեղացնել տնային տնտեսություններին ուղիղ սոցիալական վճարների տեսքով հատկացվող օգնությունը։ Կառավարությունը եւ Հայաստանի Կենտրոնական բանկը պահում են իրավիճակն ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ հենց բանկերի տեղեկատվության աղբյուրների միջոցով, հասկանալով, որ հնարավոր է առաջանա լրացուցիչ աջակցության տրամադրման անհրաժեշտություն։

Ֆիզիկական անձանց հրատապ միանվագ նպաստների տրամադրման գործընթացը կազմակերպված է օպերատիվ եւ ճկուն։ ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով  Կառավարության միջոցառումների շրջանակներում ապրիլի 29-ի դրությամբ նպաստներ են վճարվել 50 հազար քաղաքացիների 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով։

- Որքա՞ն հաճախ են իրականացվում խորհրդատվություններ բանկային համակարգի հետ։

- Կենտրոնական բանկը կանոնավոր պարբերականությամբ անցկացնում է բանկերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություններ: Այս փորձը ցույց տվեց լավ արդյունքներ եւ առավելագույնս ներգրավեց բոլոր բանկերին փոփոխություններին արագ արձագանքման գործընթացում։

- Ինչպե՞ս եք կանխատեսում ռիսկերի աճը։

- Եթե մենք ձեզ հետ խոսում ենք ֆիզիկական անձանց մասին, ապա ֆիզիկական անձանց սեգմենտում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմում է 4․5%։ Ներկայիս տնտեսական իրավիճակի, բնակչության եկամուտների ժամանակավոր ամբողջական կամ մասնակի կորստի, ինչպես նաեւ արտերկրից դրամական փոխանցումների անկման պարագայում, կանխատեսում ենք NPL-ի աճ՝ մինչեւ 6,5%, ինչը ներկայիս իրավիճակում համարում ենք բավականին կառավարելի ծավալ։ Փոքր բիզնեսի պորտֆելի փաստացի NPL-ը կազմում է 1,5%: Ներկայիս տնտեսական իրավիճակի պարագայում մինչև տարեվերջ կանխատեսում ենք ցուցանիշի աճ մինչև 2.5%, որը Բանկի ռիսկի ախորժակի շրջանակներում է:

- ՎՏԲ-Հայաստան բանկը դադարեցրե՞լ է արդյոք վարկավորումը։

- Ոչ, մենք շարունակում ենք ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վարկավորումը բոլոր վարկատեսակներով՝ ներառյալ հիփոթեքային, ավտո եւ սպառողական վարկերը։ Հարկ է նշել, որ երկրում հայտարարված Արտակարգ դրությունը զգալիորեն բարձրացրել է մեր հեռահար հարթակների միջոցով սպասարկման պահանջարկը, ինչպիսիք են՝ մոբայլ բանկինգը, ինտերնետ բանկինգը, ինքնասպասարկման գոտիները եւ Կոնտակտային կենտրոնը։

- Կփոխվի՞ արդյոք հետագայում բանկերի համար ցանկալի վարկառուի նկարագիրը։

- Ֆիզիկական անձանց գծով՝ այո։ Իհարկե, բանկերը կսկսեն նախապատվություն տալ ավելի ապահովված վարկերի տրամադրմանը։ Վերջին 2,5 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք բավականին մեծ հաճախորդների բազա՝ 500 հազար ֆիզիկական անձ հաճախորդ, որոնցից մոտ 20%-ը հաստատված աշխատավարձերով։ Հնարավոր է խնդիրներ առաջանան ժամկետանց պարտավորությունների հավաքագրման հետ, բայց դա կլինի ավելի ուշ եւ մենք հուսով ենք՝ բանկերի համար կառավարելի ծավալներով։

Ինչ վերաբերվում է իրավաբանական անձանց վարկերին, որոնց քանակը հասնում է 10 հազար հաճախորդի, ապա այստեղ ամեն ինչ բավականին անհատական է։ Մեզ մոտ վերջիններիս հայտերի դիտարկման շրջանակներում յուրաքանչյուրի համար մշակված է հասցեական մոտեցում։

Բացի այդ, COVID-19-ի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության երեք ծրագրերի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվել են համաձայնագրեր, որոնց շրջանակներում մենք կանխատեսում ենք 1 մլրդ․ ՀՀ դրամի չափով վարկերի տրամադրում։ Վերջիններիս նպատակը ընկերությունների կողմից՝ աշխատավարձերի, հարկերի, կոմունալ վճարների եւ բիզնեսի այլ ուղղությունների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման ապահովումն է։

- Ձեր կարծիքով որքանո՞վ էր Հայաստանը տնտեսապես պատրաստված այս ճգնաժամին։

- Թեեւ Հայաստանը դեռեւս գերռեսուրսների չի տիրապետում, այնուամենայնիվ, Հայաստանի Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների ծավալը եւ այն միջոցները, որոնք հատկացվում են տնտեսության տարբեր ոլորտներին եւ բնակչությանը, բավարար են եւ ժամանակին, ինչը ցույց տվեց պետության բարձր պատրաստվածությունը չնախատեսված իրավիճակներին։

- Նախատեսո՞ւմ է արդյոք Բանկը բարեգործական օգնություն տրամադրել պետությանը՝ համաճարակի դեմ պայքարի համար։

- Այո, մենք արդեն հատկացրել ենք մոտ 30 մլն․ ՀՀ դրամ վիրուսի դեմ պայքարի աջակցության համար։

Մենք աջակցեցինք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան նախաձեռնությունը՝ ռուսաստանաբնակների վերադարձը հայրենիք կազմակերպելու հարցում։ Մենք մեզ վրա վերցրեցինք հարմարավետ ավտոբուսների ծախսերը եւ մոտակա օրերին Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, կկարողանան վերադառնալ հայրենիք։

- Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Բանկի աշխատանքի կազմակերպման հարցում ներկայիս իրավիճակում։

- Փոխվել է մասնաճյուղերի աշխատանքը․ կիրառվում են զգուշավորության ընդունված միջոցառումները, պահպանվում է տարածություն։ Համաճարակի տարածման առաջին իսկ օրերից աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով եւ հակասեպտիկ նյութերով, իսկ մասնաճյուղերի եւ Գլխամասային գրասենյակի տարածքում պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ։

Գլխամասային գրասենյակի 40% աշխատակիցների եւ մի շարք թոփ-մենեջերների համար մենք ստեղծել ենք հեռահար աշխատատեղեր՝ գրասենյակից դուրս։ Հաճախորդների սպասարկման գործընթացում մեծամասամբ ներգրավվել են մեր հեռահար սպասարկման հարթակները, նախ եւ առաջ Կոնտակտային կենտրոնը, որն օրական սպասարկում է հաճախորդների մոտ 5 հազար մուտքային զանգեր եւ 500 էլեկտրոնային հաղորդագրություններ։ Մեր Կոնտակտային կենտրոնը տրամադրում է ծառայությունների ոչ միայն ստանդարտ փաթեթ։ Վիդեոբանկ ծառայությունը պահանջված է եւ հնարավորություն է տալիս հաճախորդներին առանց տանից դուրս գալու վիդեոզանգի միջոցով իրականացնել բոլոր բանկային գործարքները, ինչպես նաեւ հեռահար եղանակով բացել քարտեր եւ ավանդներ։

- Ինչպիսի՞ առավելություններ եք տեսնում հեռահար աշխատանքում։

- Բանկի աշխատանքը ենթադրում է հաճախորդի հետ առավելապես անձնական շփում, սակայն ներկայիս իրավիճակում առավել արդիական է դառնում ֆիզիկական անձ հաճախորդի հետ հատկապես հեռահար կապը եւ սպասարկումը։ Door-to-Door  եղանակով պրոդուկտների վաճառքն արդեն գործարկվել է, որն իրականացնում են Բանկի հաստիքացուցակում գտնվող մեր ուղիղ վաճառքի գործակալները։ Ծառայությունը լայն  պահանջարկ է վայելում, հետեւաբար, մենք ամբողջովին պատրաստ ենք պրոդուկտի եւ տեխնոլոգիական առումով։

- Ի՞նչ է այժմ տեղի ունենում նախկին ժամանակահատվածներում ձեւավորված խնդրահարույց ակտիվների հետ։

- Մեզ հաջողվել է իրացնել խնդրահարույց ակտիվների գրեթե 70%-ը Բանկի համար նախաճգնաժամային շահավետ պայմաններով, ինչը, ամենայն հավանականությամբ, ներկայիս իրավիճակում հնարավոր չէր լինի իրականացնել։ Մենք դեռ մի շարք նախագծեր ունենք, որոնց վրա ներկայումս  ակտիվորեն աշխատում ենք եւ համարում ենք վերջիններս գրեթե լուծված խնդիրներ։

- Ինչպես նշեցիք բանկը տրամադրում է վարկային արձակուրդներ եւ տարբեր տեսակի հետաձգումներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Օգտագործո՞ւմ եք արդյոք դուք ինքներդ ստեղծված իրավիճակը։

- Մենք ունենք ընդունված որոշումներ ներկայումս ոչ արդիական որոշ նախագծերի գծով ծախսերի կրճատման եւ նվազեցման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք ներդրումները տեխնոլոգիաների զարգացման մեջ։

 - Կարո՞ղ եք օրինակներ բերել։

- Նոր մոբայլ բանկինգ, CRM, անցում Մուլտիկարտայի նոր պրոցեսինգային կենտրոնին։ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման նպատակով զգալի ներդրումներ են կատարվել Բանկի IT ենթակառուցվածքի զարգացման գծով։

Նոր նախագծերի շարքից են նաեւ միասնական օֆերտայի եւ էլեկտրոնային ստորագրությունների ներդրման նախագծերը՝ հաճախորդների սպասարկման անթուղթ տեխնոլոգիայի անցման նպատակով։

- Դրամի փոխարժեքը ցածր է, բարձր թե թերագնահատված։

- Դրամի անկայունություն, իհարկե, գրանցվել է եւ դա ամբողջ աշխարհում տիրող խուճապային տրամադրությունների հետեւանք էր։ Ներկայումս փոխարժեքը կայունացել է եւ գտնվում է հարմարավետ մակարդակում։ Կարծում եմ, որ կմնանք 485-500 միջակայքում։

- Շահույթի եւ բիզնես ցուցանիշների ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք։

- Առաջին եռամսյակի արդյունքներով Բանկը գերակատարել է շահույթի պլանը 2,5 անգամ եւ աշխատել 1 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունավետության ցուցանիշները աճել են բիզնեսի բոլոր տեսակներում՝ մանրածախ եւ փոքր եւ միջին բիզնեսում, ինչպես նաեւ բոլոր հոդվածներով՝զուտ տոկոսային եկամուտներ, զուտ ոչ տոկոսային եկամուտներ, գործառնական շահույթ նախքան դուրսգրումներ եւ դուրսգրումներից հետո։ Մենք գերակատարել ենք նաեւ ֆիզիկական անձանց վարկային եւ իրավաբանական անձանց պասիվային պորտֆելների պլանները։

Ժամանակը ցույց կտա: Մենք արագ արձագանքում ենք փոփոխություններին։ Գոյություն ունի իրավիճակի զարգացման մի քանի սցենար։ Ամբողջ բանկային համակարգը կարող է հայտնվել մարտահրավերների առջեւ, որոնց մի մասին մենք արդեն պատրաստ ենք, մնացածներին պատրաստ կլինենք տենդենցների եւ նախադրյալների փոփոխություններին զուգահեռ։

Խմբագրության կողմից։ ՎՏԲ-Հայաստան բանկն առաջինն է շուկայում բանկային համակարգի հետեւյալ առանցքային ցուցանիշներով՝
•    Մասնաճյուղերի, բանկոմատների եւ ինքնասպասարկման գոտիների քանակ,
•    Ֆիզիկական անձ հաճախորդների քանակ,
•    Ընդհանուր քարտերի քանակ, աշխատավարձային եւ թոշակային քարտերի քանակ, քարտերի շրջանառություն,
•    Ֆիզիկական անձանց վարկային պորտֆել եւ սպառողական վարկերի պորտֆել,
•    Արագ դրամական փոխանցումների եւ պետական ծրագրերի սպասարկման ծավալ:

- Հնարավո՞ր է բանկին անհրաժեշտ լինի լրացուցիչ բաժնետիրական կապիտալ։

- Ներկայումս ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը 14.5% է, հետևաբար, մենք չենք պատրաստվում խնդրել լրացուցիչ կապիտալ։

- Ճգնաժամային իրավիճակներում տեղի է ունենում ավանդների արտահոսք։ Առկա՞ է արդյոք արտահոսք Ձեր բանկում։

- Մենք չենք նկատում արտահոսք։ Իհարկե, արժույթների միջեւ հաճախորդների միջոցների տեղաշարժեր նկատվում են, բայց երկրում Արտակարգ դրության հայտարարման պահից Բանկի պասիվների պորտֆելը գրեթե չի փոխվել։ ՎՏԲ բանկն իրեն դրսեւորել է որպես հուսալի խոշորագույն բանկ ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլ նաեւ Արեւելյան Եվրոպայում, ինչը գրավիչ է ավանդատուների համար պայմանների եւ հուսալիության տեսանկյունից։ Եթե նայենք տարվա սկզբից գրանցվող դինամիկային, ապա ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելը եւ նոր ավանդատուների քանակն աճել է 3%-ով։

Խմբագրության կողմից։ Համաձայն Moody's միջազգային վարկանիշային գործակալության գնահատականի՝ Բանկին շնորհվել է երկարաժամկետ ավանդների գծով Բ1 վարկանիշ՝ «Կայուն կանխատեսմամբ»։ Բանկը ռուսական ֆինանսական ՎՏԲ Խմբի անդամ է, որի մեջ ներառված են ֆինանսական շուկայի բոլոր հիմնական ոլորտներում գործունեություն ծավալող ավելի քան 20 վարկային եւ ֆինանսական կազմակերպություններ։

- Կփոխվի՞ արդյոք Բանկի կառուցվածքը։

- Բանկի կառուցվածքը մշտապես փոփոխվում է, այն նման է կենդանի օրգանիզմի եւ մշտապես թարմացման կարիք ունի։ Էլ ավելի կուժեղանան հաճախորդների հեռահար սպասարկման եւ վաճառքի զարգացման հետ կապած բիզնես-առաջադրանքները եւ արդի ուղղությունները։ Առավել արդի կդառնան աութսորս եղանակով եւ հեռահար աշխատող աշխատակիցների ներգրավման հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ բիզնես գործառույթները կընդլայնվեն, իսկ իրենց արդիականությունը աստիճանաբար կորցնող ուղեկցող գործառույթները ներկայումս եւ ապագայում, անհրաժեշտությունից ելնելով, կնվազեն։ Մեր նպատակն ավելի հարթ կառուցվածքի ստեղծումն է՝ հիերարխիկ մակարդակների նվազեցմամբ։ Դա թույլ կտա մեզ լինել ավելի ճկուն եւ դինամիկ եւ համապատասխանել շուկայական պահանջներին։

Երկրում տիրող արտակարգ իրավիճակն ապացուցեց, որ Բանկը կարող է արդյունավետ աշխատել  հեռահար եղանակով։ Այնուամենայնիվ, ինձ համար սկզբունքորեն կարեւոր է շփվել հաճախորդների հետ, տեսնել բիզնեսը, հասկանալ տիրող տրամադրությունը եւ զգալ մթնոլորտը։ Առանց այս ամենի չեմ պատկերացնում հաճախորդի հետ աշխատանքը՝ առանց բնական շփման, ինչպես բոլորին, ինձ եւս դժվար է։

- Ինչպիսի՞ նոր հնարավորություններ է ստեղծում ներկայիս իրավիճակը բիզնեսի եւ անհատ ձեռներեցների համար։

- Ներկայիս իրավիճակը, ինչ խոսք, ստեղծել է նոր հնարավորություններ, եւ որոշ ընկերություններ COVID-19 համաճարակի տարածման պարագայում սրընթաց աճում են: Օրինակ, այն ընկերությունները, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքով, մատակարարմամբ եւ ոչ միայն, ինչպիսիք են Amazon, Alibaba, Netflix կամ հայաստանյան իրականության վառ օրինակ՝ Menu.am-ը։ Չինաստանում, օրինակ, համաճարակային միջոցառումներից հետո կտրուկ աճել է բժշկության, գեղեցկության եւ բոլոր այն ոլորտների պահանջարկը, որոնք կապված են խնամքի հետ։ Ամենայն հավանականությամբ նման իրավիճակ մեզ մոտ եւս կգրանցվի։ Այս ամենից հետո, կարծում եմ, արդեն կպահպանվեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ռեստորաններից սննդի առաքումը, սակայն, ես հավատում եմ, որ մարդկային հաղորդակցությունը կշարունակվի։ Մարդիկ կհարմարվեն, եւ բոլոր ոլորտները աստիճանաբար կգտնեն իրենց ուրույն տեղը։

- Հաշվի առնելով այն ամենն, ինչ քննարկեցինք, ավելի շատ լավատավե՞ս եք թե՞ հոռետես։

- Ես կասեի, որ պահպանում եմ լավատեսական մտածելակերպը, միեւնույն ժամանակ մնալով իրատես։ Մենք գործելու ենք՝ ելնելով իրավիճակի զարգացման նախադրյալների պատկերացումից։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս ճգնաժամը Ձեզ համար։ Ինչպե՞ս է այն ազդել Ձեր կյանքի վրա։

- Ծնվում են նոր մտքեր, կենտրոնացվում են ուժերը, ի հայտ են գալիս գիտելիքների եւ մասնագիտական փորձի նոր ձեւաչափեր, որոնք նախկինում, հնարավոր է, անհրաժեշտ չէին, սակայն օգտագործում եմ այս շրջանում։ Սա արտասովոր իրավիճակ է, որից ցանկալի էր խուսափել, սակայն սա յուրօրինակ փորձ ձեռք բերելու հնարավորություն է։ Նույնիսկ 90-ամյա Warren Buffett-ը՝ ներդրումների գուրուն, խոստովանել է, որ իր ողջ կյանքում չի տեսել նման իրավիճակ և սա նրա համար բացարձակապես նոր երևույթ է (ծիծաղում է)։

- Սովորությունների մեջ որեւէ բան փոխվե՞լ է, արտառոց ի՞նչ եք անում։

- Ձեռքերս ավելի հաճախ եմ լվանում, չգիտես ինչի սկսել եմ ավելի վաղ արթնանալ, պատասխանատվությունս է ավելացել: Տնային պայմաններում շարունակում եմ սպորտով զբաղվել։ Է՞լ ինչ: Աշխատանքից ազատ ժամանակ այգում ծառերն եմ սպիտակեցրել (ծիծաղում է):

- Ի՞նչ եք կարծում այսպես կոչված «սոցիալական հեռավորությունը» կմտնի մարդկանց առօրյա կյանք արտակարգ դրությունից հետո։

- Համաճարակը լիովին հաղթելուն պես՝ երկու մետրանոց հեռավորություն պահպանելու սովորությունը կվերանա, հատկապես՝ Հայաստանում, որտեղ ընդունված են պինդ ձեռքսեղմումները (ժպտում է), գրկախառնությունները, ընտանեկան ջերմ ավանդույթների եւ ընկերական հարաբերությունների պահպանումը, ինչն ինձ մշտապես դուր է եկել եւ ընդգծել է հայ ժողովրդի լավագույն հատկանիշները:

Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА