o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 14-ից հետո իրավիճակն ավելի է բարդանալու. Երջանիկ Ղազարյան

01.05.2020 23:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 Մայիսի 14-ից հետո իրավիճակն ավելի է բարդանալու. Երջանիկ Ղազարյան

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ելնելով ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակից՝ այս տարի  Մայիսի 1-ին չկազմակերպեց ավանդական բողոքի երթը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

- Ամեն դեպքում, մեր մայիսմեկյան հայտարարության մեջ իշխանություններին եւս մեկ անգամ հորդորել ենք, որ այս ընթացքում առաջնահերթ պահպանվի աշխատավոր ժողովրդի եւ սոցիալապես անապահով խավերի իրավունքները: Ինչպես նաեւ ընդգծել ենք, որ այս իրավիճակում իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց չեն արդարացնում, քանի որ աջակցության ծավալները անբավարար են եւ ոչ ամբողջական։ Քանի որ այդ աջակցության փաթեթները թիրախավորված են, շատերը չեն կարողանում օգտվել դրանցից: Արդյունքում բնակչության մեծ մասը ոչ իր մեղքով հայտնվել է ծանր իրավիճակում, որովհետեւ արդեն երկրորդ ամիսն է, ինչ տնտեսությունը հիմնականում կազմալուծված է:

- Բայց, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոմունալ ճգնաժամի հարցը համարվում է փակված, քանի որ կառավարությունն արդեն իսկ 4-5 մլրդ դրամ է ծախսել քաղաքացիների կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են մնալ սոցիալական ծանր խնդրի առաջ: Վարչապետը, երբ ուղիղ եթերով զանգում էր այն մարդկանց, որոնց հեռախոսի համարները նրան տրվել էր, եւ հարցնում հոսանքի անջատման եւ այլնի մասին, փաստեցին այդ ամենը: Իհարկե, շատերի հոսանքն անջատվել է, քանի որ վարձավճարն ավելի մեծ է եղել, եւ դրա համար գտնում ենք, որ կառավարության աջակցությունը պետք է լիներ բոլոր բաժանորդներին: Ընդ որում՝ ոչ թե մարտ եւ ապրիլ ամսվա համար, այլ նաեւ առաջիկա երեք ամիսների, քանի որ մայիսին էլ, միեւնույն է, անապահով խավը, որը ոչ մի հնարավորություն չի ունեցել իր կոմունալ վարձերը վճարելու, մայիսին էլ չի ունենալու: Ավելին՝ մայիսի 14-ից եթե նույնիսկ դուրս գանք կարանտինից, մեր համոզմամբ՝ ավելի է բարդանալու իրավիճակը, խնդիրներն ավելի են շատանալու, եւ մարդիկ ավելի վատ վիճակում եմ հայտնվելու: Ի վերջո, եթե թեկուզ ամեն ինչ սկսի աշխատել, միեւնույն է, ժամանակ է պետք, որպեսզի որոշակի չափով իրավիճակը հունի մեջ մտնի: Երկրում ստեղծված այս վիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս կապիտալիզմի էությունն ու հակաժողովրդական բնույթը, որովհետեւ որ երկիրն էլ  նայենք, կտեսնեք, որ այն երկրներում, որտեղ գերիշխում է կապիտալիզմը, ավելի շատ մտածում են շահառուի, բանկերի, գործատուի շահերի պաշտպանության մասին, քան աշխատավորի:

- Ըստ Ձեզ, կարանտինի ավարտից հետո՝ կարո՞ղ է սոցիալական բողոքի ալիք բարձրանալ Հայաստանում:

- Հնարավոր է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, երբ շատերի մոտ առկա է օրվա հացի խնդիր, քանի որ օրավարձով աշխատողներ են եղել կամ առանց այդ էլ գործազուրկ էին կամ միայնակ մայր, իրենց պահող չունեին եւ այլն, իսկ կառավարության աջակցության ծրագրերից չեն օգտվում: Հիմա էլ կառավարության դիմաց սոցիալական ցույցեր, բողոքի ակցիաներ իրականանում են եւ չի բացառվում, որ այս իրավիճակում այդ ամենը շարունակվի, եթե մարդիկ չգտնեն ուրիշ ձեւ՝ հացի խնդիր լուծելու համար: Էլի եմ ասում՝ մայիսի 14-ից հետո՝ միեւնույն է, ճգնաժամը չի ավարտվելու: Սա է կապիտալիստական համակարգի էությունը, մինչդեռ սոցիալիստական համակարգի դեպքում նման հարցերը լուծվում են շատ ավելի արագ եւ ճիշտ ձեւով: Ի դեպ, երկրում ստեղծված իրավիճակն ի ցույց դրեց նաեւ  առողջապահական համակարգի թերությունները: Մենք, իհարկե, մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր այն բժիշկներին, ովքեր ամենօրյա իրենց պայքարում փրկում են մարդկանց կյանքերը, բայց այսօրվա խնդիրները արդյունքն են 90-ականների սեփականաշնորհման անվան տակ թալանի եւ օպտիմալացման՝ հանուն մոնոպոլ շահերի, ինչը շարունակվում է մինչեւ օրս էլ:

- Ամփոփելով զրույցը՝ ի՞նչ  շնորհավորական խոսք եւ մաղթանք ունեք Մայիսի 1-ի կապակցությամբ:

- Շնորհավորելու ոչինչ չկա, ինչպես արդեն ասացի, եթե չլինեին այս սահմանափակումները, մենք պետք է բողոքի երթ անցկացնեինք եւ պահանջեինք՝ աշխատատեղերի ստեղծում, աշխատավորների շահերի պաշտպանություն, անդրադառնայինք բանկային թալանին, որոնք անգամ այս իրավիճակում դեռեւս բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում ու ավելի խստացրել են պահանջները: Այնպես որ, մաղթում եմ համբերություն եւ ցանկանում, որ մեր ժողովուրդը, որը միշտ եղել է շինարար, կառուցել է եւ արարել, շուտափույթ կարողանա այս իրավիճակից դուրս գալ եւ անցնել բնականոն աշխատանքի: Ամեն դեպքում, այս իրավիճակում պետք է կարողանանք մեկս մյուսին թեւ ու թիկունք լինել եւ օգնություն ցուցաբերել նաեւ սոցիալապես անապահով խավերին: Իսկ բարեգործներին պետք է ոչ թե փնովել կամ ձեռք առնել, այլ գովեստի արժանացնել, որովհետեւ շատ ժամանակ իրենց վրա են վերցնում պետության դերը՝ օգնելով կարիքավորներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА