o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«3 տեղից շատ ծանր վիրավորվեցի». 97-ամյա թատերագետի հուշերը՝ Հայրենական մեծ պատերազմից

08.05.2020 22:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«3 տեղից շատ ծանր վիրավորվեցի». 97-ամյա թատերագետի հուշերը՝ Հայրենական մեծ պատերազմից

Անհերքելի փաստ է, որ երջանիկ սերունդ ենք, քանի որ նախ ունեցանք հերոս պապեր, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ պայքարում: Ապա մեր հայրերն իրենց արյունով ազատագրեցին Շուշին ու այսօր ունենք Պաշտպանության բանակ եւ, իհարկե, 28-ամյա ազատ ու անկախ Արցախ: Իսկապես, մայիսի 9-ը ԵՌԱՏՈՆ է, ոչ միայն տոնացույցում ամրագրված, այլ գրված յուրաքանչյուրիս ընտանիքի պատմության մեջ ու այն էլ` ոսկե տառերով: Այս երկու պատերազմներին մասնակցած յուրաքանչյուր զինվոր ՀԵՐՈՍ է` իր ուրույն ճակատագրով ու անուրանալի սխրագործությամբ:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

Վաղը կլրանա Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը, ցավոք, այսօր այդ պատերազմի մասնակիցներից քչերն են ապրում մեր կողքին: Բայց չզլանանք խոստովանել, որ նրանք մեր պարծանքն են`արժանի բոլորիս ուշադրությանն ու գնահատանքին: Նրանցից մեկն էլ 97-ամյա վետերան, թատերագետ ՀԱՅԿԱԶ ԵՐԱՆՈՍՅԱՆՆ է, ում հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու:

- Բարձր եմ գնահատում Հայրենական պատերազմի հաղթանակը: Պատերազմի ժամանակ` հատկապես Ստալինգրադի շրջանում, Թուրքիան 26 դիվիզիա էր բերել Հայաստանի սահմանում կանգնեցրել եւ սպասում էր. եթե սովետական բանակը պարտվեր, թուրքերն անմիջապես կանցնեին հարձակման: Դա նշանակում է, որ Հայաստանում քարը քարին չէին թողնի, որովհետեւ նրանց միակ երազանքն էր` Հայաստանը վերացնել` միանալ Ադրբեջանին եւ տիրանալ նրանց նավթին: Դրա համար այս 75-ամյա հաղթանակը հայերիս համար եռակի հաղթանակ է, մենք 2-րդ ցեղասպանությունից ազատվեցինք: Եթե այս հաղթանակը չլիներ` Հայաստանը գոյություն չէր ունենա: Միայն կլիներ սփյուռք, գուցե եւ սփյուռքն ուժեղանար դրանից, բայց Մայր Հայաստան չէր լինի: Այս հարցի ամենամեծ խնդիրն այն էր, որ կարողացանք հաղթել, մեզ համար հաղթանակը եռակի նշանակություն ուներ:

– Իսկ ինչպե՞ս մեկնեցիք ռազմաճակատ:

– Գրեթե տասը օր էր անցել, որ ավարտել էի Լենինականի թիվ 51 դպրոցի 10-րդ դասարանը, երբ ինձ կանչեցին զինկոմիսարիատ, թե ուզում ենք Լենինականից մոտ 15 հոգու ուղարկել Թբիլիսի` հրետանային ուսումնարանում սովորելու: Իհարկե, անմիջապես համաձայնեցի: Վեց ամիս անց գերմանացիները հասան Օրջոնիկիձե, այսինքն` Բաքվից մի թիզ էին հեռու, հարկավոր էր Բաքուն պահպանել, որովհետեւ այդ տարիներին միակ նավթ ու բենզին տվողը Բաքուն էր, Սիբիրի նավթահանքերը դեռ չկային: Այդ պատճառով մեզ չթողեցին, որ ավարտենք, կուրսանտ վիճակում տարան առաջին գիծ: Օրջոնիկիձեի մոտ պաշտպանության գիծ ստեղծեցինք` քողարկեցինք` ինչպես որ պետք էր, որ գերմանացին չտեսնի, թե մենք ինչեր ենք սարքել ու սպասեցինք: Մեր խնդիրն էր, որ գերմանացիներին չթողնեինք առաջ շարժվել: Այդպես սպասում էինք, մեկ էլ տեսնեմ` դիմացի բլուրից 2 գերմանական տանկ բարձրացան, ես հրետանավոր էի, մայորին կանչեցի` տավարիշչ մայո՛ր, տավարիշչ մայո՛ր, բայց նրանից արձագանք չկար, ու ես ստիպված, իմ  նախաձեռնությամբ ուղիղ նշանառությամբ հրետանին ուղղեցի դեպի այդ տանկերից մեկը եւ կրակեցի: Դիպուկ կպավ մի տանկին, իսկ երկրորդը պտտվեց ու հետ գնաց: Հինգ րոպե անց մայորը եկավ ու ուրախացած բացականչեց` օ՛, այս ինչ հրաշք բան է տեղի ունեցել... Ու այդպես խոստացավ ինձ բարձր պարգեւ նշանակել, եւ մեկուկես ամիս անց հենց ճակատում` առաջին գծում, ստացա «Արիության համար» մեդալ:

– Քանի՞ մեդալ ունեք:

– 2 շքանշան եւ 23 մեդալ, բայց «Արիության համար» մեդալն ամենաբարձրն եմ գնահատում:

– Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ Լենինգրադում արժանացաք մեդալի:

– Այո, Հայաստանում այդ մեդալից դեռ ոչ ոք չունի: Լենինգրադում Ազգային ժողովի պատվիրակությունների հանդիպում էր, մեր ԱԺ-ից 12 պատգամավոր էին մեկնել, իրենց հետ նաեւ ես էի` որպես վետերան: Եթե մյուս հանրապետությունները մինչեւ տասը վետերանի հետ էին եկել, Հայաստանից միայն ես էի: Մի խոսքով, Սանկտ Պետերբուրգ քաղաքի Լենինգրադի մարզի առաջին նահանգապետի` Վալենտինա Մատվեենկոյի ձեռքով ստացա, նա անձամբ մեդալը փակցրեց կրծքիս, գնահատանքի խոսքեր ասաց ու գրկախառնվեցինք:

– Պարոն Երանոսյան, որքա՞ն ժամանակ մնացիք առաջին գծում:

– Առաջին գծում ընդամենը 3 ամիս 8 օր եղա, դրանցի հետո 3 տեղից շատ ծանր վիրավորվեցի` ուսս, կուրծքս եւ ձեռքիս մատները: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ, եւ 3-4 ամիս բուժվեցի: Հետո ինձ 6 ամիս արձակուրդ տվեցին, եկա Հայաստան: Այդ ժամանակ հայտարարվեց, որ Երեւանում բացվում է Թատերական ինստիտուտ` դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով, ես եկա Թատերական ինստիտուտ: Մինչ բանակ գնալս էլ, որպես սկսնակ դերասան, Լենինականի թատրոնում անխոս դերեր էի խաղում, եւ պատահականություն չէր թատրոնի ուղղությունն ընտրելը: Մի խոսքով` եկա Թատերական ինստիտուտ, 5 տարի այնտեղ սովորեցի ու էլ չվերադարձա պատերազմի դաշտ, այնտեղ սովորողներին այլեւս բանակ չէին տանում: Ավարտեցի ու անցա իմ աշխատանքին, 3 թատրոնում` Տիկնիկային, Պատանի հանդիսատեսի, հետո արդեն Պարոնյան թատրոններում տնօրեն եմ եղել:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА