o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարույթ իրականացնող մարմինը հապճեպ եւ մեկը մյուսին հակադիր որոշումներ է կայացնում, ինչը մտահոգիչ է. Ալեքսանյանի փաստաբան

14.05.2020 00:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վարույթ իրականացնող մարմինը հապճեպ եւ մեկը մյուսին հակադիր որոշումներ է կայացնում, ինչը մտահոգիչ է. Ալեքսանյանի փաստաբան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հեծանիվով իբրեւ վրաերթ կատարելու փորձի համար՝ վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ դռնփակ նիստը: Իսկ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը՝ 12:00-ին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Ա. Ալեքսանյանի պաշտպաններից ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ հետ:

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ՀՀ տեղեկատվական անվտանգությունը կլինի լուրջ վտանգված. Աբովյան

- Պարոն Մեժլումյան, ինչո՞ւ էր դատական նիստը դռնփակ եւ ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել հարուցված քր.գործից:

- Պետք է նշեմ, որ կալանքի բոլոր նիստերն են անցկացվում դռնփակ, այստեղ որեւիցե խնդիր չկա: Ինչ վերաբերում է գործին՝ Ա. Ալեքսանյանը մեր կարծիքով բավականին անհիմն ձերբակալվել է մայիսի 13-ին, ժամը՝ 00:30-ին: Ըստ էության, վարույթ իրականացնող մարմինը ունենալով մոտավորապես 72 ժամ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար՝ բավականին հապճեպորեն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Ալեքսանյանին՝ 316-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի կատարման համար եւ միջնորդություն են ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նշեմ նաեւ, որ մինչ մեղադրանք առաջադրելը՝ մեր կողմից բողոքարկվել էր Ա. Ալեքսանյանին ձերբակալելու արձանագրությունը:

- Ի՞նչ հիմքով էիք բողոքարկել:

- Ակնհայտ անհիմն լինելու հանգամանքով: Բողոքի մեջ բավականին մանրամասն ներկայացված էին այն հանգամանքները, թե ինչպես է Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել, ընդ որում՝ մինչեւ ձերբակալումը, մոտ մեկ ժամ արդեն բերման ենթարկելու ժամն էլ էր ավարտվել: Արթուր Ալեքսանյանին նույնիսկ հետ էր հանձնվել անձնական խուզարկությամբ վերցված բոլոր իրերը եւ ստացական էին գրում, բայց դրանից, կարելի է ասել, մոտ 5 րոպե հետո՝ հանկարծակի որոշում կայացվեց, որ նա պետք է ձերբակալվի՝ նպատակը դիտելով նրա փախուստը կանխելը,  ինչը կրկին որեւիցե կերպ չի հիմնավորվում: Նախ ոստիկանությունը հնարավորություն ուներ Արթուր Ալեքսանյանին հրավիրել վարույթ իրականացնող մարմին եւ նրա չներկայանալուց հետո՝ նոր միայն կատարեր բերման ենթարկելու գործողություն: Մինչդեռ կարծում եմ՝ բոլորդ էլ տեսել եք, թե ինչպես մի քանի անձով նրան բերման են ենթարկել: Ընդ որում՝ այն դեպքում, երբ արդեն գտնվել է Արթուր Ալեքսանյանը ոստիկանությունում եւ մանրամասն դեպքի վերաբերյալ բացատրություն է տվել: Նույնիսկ դրանից հետո՝ երբ հայտարարվել է, որ նա ազատ է եւ ասվել է՝ հիմա անձնական խուզարկությամբ վերցված իրերը ձեզ կհանձնենք եւ դուք կարող եք գնալ, մոտ մեկ ժամ մնալով բաժնում՝ ոչ մի փախուստի փորձ կամ այլ արարք չի կատարվել Ա. Ալեքսանյանի կողմից:

- Այսօր ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում, որտեղ գտնվում էր Արթուր Ալեքսանյանը, ժամանեց նաեւ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Առերեսում տեղի ունեցե՞լ է:

- Առերեսում տեղի չի ունեցել, վարույթ իրականացնող մարմինները, ենթադրում եմ, որպես տուժող են հարցաքննել Նիկոլայ Բաղդասարյանին: Բայց որեւիցե քննչական գործողություն կոնկրետ նրա մասնակցությամբ չի կատարվել: Էլի եմ շեշտում՝ հապճեպորեն որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել Արթուր Ալեքսանյանին  եւ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչն արդեն իսկ ակնհայտ է, որ մեղադրյալ ներգրավելու որոշումն անհիմն է, քանի որ պարզ է՝ առանց բավարար ապացույցների համակցության է վարույթ իրականացնող մարմինը նման որոշում կայացրել:

- Կարծում եք՝ արդեն իսկ այս գործով կողմնակալ մոտեցո՞ւմ կա՝ հաշվի առնելով, որ մեղադրող կողմը իշխանական պատգամավոր է:

- Հիմա զերծ կմնամ կողմնակալության եւ այլ հարցերի մասին վերջնական դիրքորոշում հայտնելուց, սակայն մինչ այս պահն, ինչ Արթուր Ալեքսանյանի հետ կատարվել է, գտնում եմ, որ շատ հապճեպորեն է կատարվել: Կրկնում եմ՝ վարույթ իրականացնող մարմինն իր տրամադրության տակ ունենալով շուրջ 72 ժամ իր բոլոր գործողությունները կատարելու համար, որպեսզի հավաքի անհրաժեշտ հիմնավորող ապացույցները, որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանքի միջնորդություն ներկայացնելու,  հապճոպորեն մի քանի ժամվա ընթացքում մեղադրանք է առաջադրել: Ուստի՝ գտնում եմ, որ կոնկրետ այս գործով վարույթ իրականացնող մարմինը եւ պատկան մարմինները շատ հապճեպորեն են գործում եւ անակնկալ որոշումներ են կայացնում, որոնք մեկը մյուսին հակադիր են, ինչը մեր պաշտպանական կողմի համար մտահոգիչ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА