o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես կրել պաշտպանիչ ձեռնոցներ

22.05.2020 23:40 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես կրել պաշտպանիչ ձեռնոցներ

- Հարգելի բժիշկ, պաշտպանիչ ձեռնոցները կարո՞ղ են առաջացնել քորի զգացում: Նշեք պատճառը: Որ՞ պաշտպանիչ ձեռնոցներն են ավելի անվտանգ. շուկայում առկա են նիտրիլե պաշտպանիչ ձեռնոցներ եւ տալկ պարունակող:

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Հարցին պատասխանում է մաշկաբան ՍԱՀԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ.

- Այս օրերին ավելի քան ակտուալ են պաշտպանիչ ձեռնոցներ կրելը: Այդպես մենք ավելի պաշտպանված կլինենք, ու վարակվելու հավանականությունն է նվազում, եթե, իհարկե, չենք անտեսել պաշտպանիչ ձեռնոցներից օգտվելու հասարակ կանոնները: Առհասարակ, պաշտպանիչ ձեռնոցներ խորհուրդ է տրվում կրել ըստ անհրաժեշտության: Եթե նախատեսել եք այն օրվա ընթացքում կրել երկարատեւ, ապա պետք է առնվազն մի քանի անգամ պարտադիր հինը նոր զույգով փոխարինել:

Պաշտպանիչ ձեռնոցներ հագնելուց առաջ եւ հանելուց հետո մի մոռացեք տարրական հիգիենայի մասին. հարկ է լվանալ ձեռքերը օճառով կամ շփել որեւէ ախտահանիչ լուծույթով: Սակայն հիշեք, որ ախտահանիչ լուծույթները, որոնք նույնպես այս օրերին լայն կիրառություն ունեն եւ կարեւոր են վիրուսից պաշտպանելու հարցում, կարող են գրգռել մաշկը: Ուստի չարաշահել նմանատիպ լուծույթներով եւս չի խրախուսվում:

Հաճախ մարդիկ պաշտպանիչ ձեռնոցները թաց ձեռքերին են հագնում, ինչը սխալ է: Ձեռքերը պետք է լինեն չոր:

Չի բացառվում, որ որոշ անհատների մոտ պաշտպանիչ ձեռնոցների երկարատեւ կրելը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Օրինակ՝ մաշկաբորբ, դիշիդրոտիկ երեւույթներ (ուժեղ քորով, թացանալով, խիտ վեզիկուլներով) եւ այլն:

Մաշկաբորբը բնութագրվում է քորով, մաշկի կարմրությամբ եւ ցանավորմամբ: Այստեղ արդեն կարող է առաջանալ մասնագիտական օգնության կարիք:

Պաշտպանիչ ձեռնոցներ ընտրելիս նախապատվությունը տվեք մեկ համար մեծ չափսի ձեռնոցներին: Այդպես ձեռքերը չեն քրտնի եւ այլն:

Այսօր շուկայում առկա են տարբեր տեսակի նյութերից պատրաստված ձեռնոցներ: Լայն կիրառություն ունեն նիտրիլային, տալկ պարունակող եւ այլ պաշտպանիչ ձեռնոցները: Երկուսն էլ, բնականաբար, կրել կարելի է: Սակայն տալկ պարունակող պաշտպանիչ ձեռնոցները պրոբլեմատիկ մաշկ ունեցող անհատների մոտ եւ ոչ միայն կարող են առաջացնել չորություն, քորի զգացողություն, ինչը կարող է հանգեցնել մաշկի գրգռման:

Ուստի, խորհուրդ է տրվում պաշտպանել եւ խոնավացնել ձեռքերի մաշկը՝ էմոլենտներով կամ ձեռքերի պաշտպանիչ քսուքներով, որոնք կանխում են չորությունը:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА