o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

25.05.2020 02:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես հայտարարել է կալանավայրում հացադուլ սկսելու մասին: Այս եւ նրա դեմ առաջադրված մեղադրանքի մասին, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Լարված իրավիճակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց. Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց

- Պարոն Չախալյան, ինչպե՞ս եք վերաբերում հացադուլով իր պայքարը շարունակելու Արթուր Ալեքսանյանի որոշմանը:

- Իմ անձնական տեսակետն այն է, որ դեռեւս շուտ էր, բայց Արթուրի որոշելիքն է: Նա պայքարող հայի տեսակ է եւ ինչ էլ անի մեր ընկերը, ողջունում ենք, որովհետեւ վստահաբար իր քայլերը միմիայն դրդված են հայրենիքի սիրուց: Թե ինչ պահանջներ է նա ներկայացրել հացադուլ սկսելով՝ երկուշաբթի ավելի հստակ կիմանանք:  Վստահ եմ, որ Արթուրն օր առաջ լինելու է մեր կողքին եւ իշխանությունները չեն կարողանալու անհիմն մեղադրանքով անմեղ մարդու երկար պահել փակի տակ: Մեզ էլ չեն կարողանալու լռեցնել, որովհետեւ զուգահեռ ոչ միայն պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման դեմ, այլեւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար:  

- Արթուր Ալեքսանյանին, ըստ էության, մեղադրում են հեծանիվով վրաերթի փորձ կատարելու մեջ: Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արթուր Ալեքսանյանի միջեւ:

- Սա աբսուրդ է: Ազատության հրապարակում եւ բազմաթիվ այլ վայրերում հենց այսօր էլ տասնյակ քաղաքացիներ օրվա մեջ հեծանիվ են քշում եւ լինում են նաեւ դեպքեր, որ արգելակը չի պահում դիպչում է հեծանիվը մարդկանց եւ այլն: Աշխարհում տեսե՞լ եք, որ ինչ-որ մեկին դատեն՝ հեծանիվով վրաերթի փորձ կատարելու համար: Եթե գոնե Արթուրը հեծանիվով դիպած լիներ, մի տեղ կարող էինք մտածել, որ մարդ է, տպավորություն է ստացել, թե հատուկ է արվել ու դրա համար գնացել, բողոքել է, բայց դա էլ չի եղել: Մեղադրանքը բացարձակապես անհիմն է:

- Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արթուր Ալեքսանյանի միջեւ:

- Ինչպես գիտեք, այդ օրը շատ անակնկալ ձեւով իշխող «Իմ քայլը» խմբակցությունը վավերացրեց Լանզարոտեի կոնվենցիան: Եվ մենք լսելով, որ անպայման խորհրդարանը վավերացնելու է, առավոտ շուտ 15-20 հոգով հավաքվեցինք եւ ԱԺ այցելող պատգամավորներին հորդորում էինք,  որպեսզի ժամանակ տան, այդ օրը չքվեարկեն, հետաձգեն քվեարկությունը՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը,  որպեսզի վավերացման հետ կապված քննարկում սկսվի հասարակության լայն շերտերի հետ: Եվ եթե դրանից հետո կգտնեին, որ այն մեր երկրի համար շատ կարեւոր է, թող քվեարկեին: Բայց մեր ակցիան դեռ չէինք ավարտել, պատգամավորներ կային անգամ, որ այցելում էին խորհրդարան ուշացած, բայց  ներսից տեղեկացանք, որ արդեն վավերացրել են Լանզարոտեի կոնվենցիան: Ու մենք որոշեցինք ամոթի միջանցք կազմել եւ երեկոյան տուն գնացող պատգամավորներին ամոթանք տալ, որովհետեւ, անկախ նրանից, արտակարգ դրություն է, թե՝ ոչ,  Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարել է, որ չի լինելու հանդուրժողական որեւիցե մի ապազգային դրսեւորման հանդեպ: Մենք հայտարարեցինք, որ անհապաղ պահանջում ենք ցրել Ազգային ժողովը, որովհետեւ այն այլեւս չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը եւ սկսեցինք ամոթանք տալ այն պատգամավորներին, ովքեր կողմ էին քվեարկել կոնվենցիային ու ծափահարել նրանց, որոնք դեմ էին քվեարկել:

- Փաստորեն, հենց այդ ակցիայի շրջանակում էլ տեղի՞ է ունեցել Նիկոլայ Բաղդասարյան-Արթուր Ալեքսանյան, այսպես ասած, «հանդիպումը»:

- Այս նախապատմությումը նշեցի, որովհետեւ սա շատ կարեւոր է, որովհետեւ ամեն ինչ սկսվեց Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից: Եվ ինչպես մյուս կողմ քվեարկած պատգամավորներին, այնպես էլ Նիկոլայ Բաղդասարյանին ամոթանք ենք տվել: Այդ պահին Արթուր Ալեքսանյանն է տվել, որովհետեւ պատգամավորը փախել էր այն դռնից, որի առջեւ մենք կանգնած էինք եւ մյուս դռնով էր դուրս եկել խորհրդարանից: Արթուր Ալեքսանյանն իրեն ամոթանք է տվել եւ ասել, որ պետք է պատասխան տաք: Բայց սա սպառնալիք չէ, մենք բոլորին ենք ասում եւ հիմա էլ ենք կրկնում, որ՝ այո, պետք է պատասխան տան՝ սեփական երկրի, օրենքի առջեւ,  որովհետեւ արտակարգ դրության պայմաններում, ժողովրդի թիկունքի հետեւում նման կոնվենցիա վավերացնելը հանցավոր դրսեւորում է:

Ո՛չ խտրականությանը. լարված վիճակ ՀՀ նախագահականի դիմաց (Տեսանյութ)

- Դուք նշել էիք, որ ըստ տեղեկությունների, քննչական մարմիններին հրահանգ է տրվել, Արթուր Ալեքսանյանի վրա կարվող գործից «սահուն կերպով» դուրս բերել «հեծանիվով վրաերթի փորձ անելու» մասը, քանզի այն հասարակության լայն շրջանների մոտ ոչ միայն ծաղրուծանակի առարկա է դարձել, այլեւ հստակ ցուցիչ, որ գործը քաղաքական է: Եվ փաստացի շեշտը փորձում են դնել  սպառնալիքներ եւ վիրավորանքներ հնչեցնելու վրա: Չե՞ք կարծում, որ այստեղ եւս երկակի ստանդարտներ կա, որովհետեւ մենք վերջերս տեսել ենք թե՛ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, թե՛ փողոցում իշխող խմբակցության պատգամավորի մասնակցությամբ հայհոյանքներ, անգամ ծեծկռտուք, բայց դրանից հետո որեւէ մեկը չի կալանավորվել:

- Անշուշտ, կա երկակի ստանդարտներ: Ես մի քանի անգամ նշել եմ, որ կոնկրետ «ԿԱՄՔ»-ի հանդեպ խիստ ընդգծված խտրական վերաբերմունք կա: Այս մասին բարձրաձայնել եմ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մոտ: Երբ այդ օրը Լանզարոտեի կոնվենցիան վավերացրեցին, եւ մենք պահանջ ներկայացրեցինք մանդատները վայր դնելու ու հայտարարեցինք, որ պետք է մեկ առ մեկ այցելենք պատգամավորների տները, տեղեկատվական թերթիկ բաժանենք հարեւաններին, որպեսզի իմանան, ովքեր են իրենց հարեւանները, իշխանությունը մատնվեց խուճապի: Եվ իրենց շտապողականությամբ էր պայմանավորված, որ ուզում էին հեծանիվով վրերթի փորձ կատարելու մեղադրանքով մեր դեմն առնեն, որովհետեւ այդ օրը ասել էինք, որ վաղվանից գնալու ենք իրենց հասցեներով: Եվ տեսեք արդեն 10 օրից ավել է, ինչ կարողացան մեզ շեղել: Բայց միանշանակ արտակարգ դրության ավարտից հետո՝ գնալու ենք, բողոքի ակցիաները շարունակվելու են: Նիկոլայ Բաղդասարյանն առնվազն իր երեխաներից պետք է ամաչի, թե վաղը ինչպես է նրանց ասելու, որ իր դեմ իբրեւ հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ է եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА