o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունն այլևս չի կարող վճարել վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար

25.05.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունն այլևս չի կարող վճարել վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար մայիս ամսի առաջին տասնօրյակում միայն հյուրանոցներ վարձակալելու համար վճարել է մոտ 167,5  մլն դրամ: Որոշ հյուրանոցներ ստացած գումարի դիմաց մեկուսացածներին նաև սնունդով են ապահովել, որոշ հյուրանոցներ` ոչ: Կառավարության կայքում տեղադրված տվյալների համաձայն այդ նույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին սննդի համար առանձին վճարվել է 18,2 մլն դրամ: Երկուսը միասին` 185,7  մլն դրամ:

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Այդպիսով` «Փարիզ հոթելին» այդ ժամանակահատվածում վճարել է 20 մլն 130.000 դրամ, «Գարուն» հյուրանոցին` նորից 20 մլն: «Վաղարշ և որդիներ կոնցեռնին» վճարել է ավելի քան 15 մլն դրամ, «Իմպերիալ հոթելին»` 19 մլն 635 հազար դրամ, «Ինտեռարմ» ՍՊԸ-ին 17 մլն դրամ: Կամ` «Ինվեստ հոթելին» վճարել է 16 մլն մլն դրամ, «Վերածնունդ Հայրապետյան» ընկերությանը`13 մլն 830 հազար դրամ, «Էլիզիում Գելերի հոթելին» վճարել է ավելի քան 7 մլն դրամ: Ու այդպես շարունակ մոտ երկու տասնյակ հյուրանոցներին մեծ գումարներ են վճարվել:

Ընդ որում, այս հյուրանոցների յուրաքանչյուր օրվա վարձը ցածր չէ: Օրինակ՝ «Գայանե Հովհաննիսյան» ընկերությանը մեկ անձի մեկ գիշերակացի համար վճարել է 24.000 դրամ: Համեմատաբար էժան է ստացվել Գյումրիի մարզամշակութային կենտրոնի վարձակալման գումարը` մեկ միավորի համար վճարվել է 5.667 դրամ: Այդ գնով մայիսի 5-ից մայիսի 8-ն ընկած երեք օրերին վճարվել է 200 տեղի համար:

Նորից նշենք որ նշված գնումները կատարվել եմ մայիսի 2-ից մաիսի 12-ն ընկած տասնօրյակում: Իսկ այս երկուսուկես ամիսների ընթացքում կառավարությունն առնվազն հինգ անգամ այդքան գումար է ծախսել մեկուսացման վայրեր վարձակալելու և սնունդ գնելու համար:

Հարկ է, նշել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարությունը Չինաստանին խոշոր գումար է վճարել ու գնել էլ թեստեր, արհեստական շնչառության սարքեր, ջերմաչափեր, դեղորայք, ձեռնոցներ, դիմակներ, արտահագուստ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Ինչպես նաև`մահճակալներ ու անկողնային պարագաներ և դրանք տեղակայել է տարբեր վայրերում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահի կադրերը բոլորին են ծանոթ:

Ահա, թե ինչու են կառավարությունը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող պարետատունը, ինչպես նաև` Առողջապահության նախարարությունը որոշել, որ այսօրվանից ախտանշան չունեցող կամ թեթև նշաններով վարակակիր քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան տանը: Պետությունը նրանց այլևս չի մեկուսացնելու այս  հյուրանոցներում:

«Ի՞նչ անենք էդ մարդկանց, 1000 հոգի ո՞ւր պահենք: Չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն: Ավելին ասեմ՝ դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետև իրենք գիտեն, որ դրական է, և կպաշտպանվեն, և տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք որ հնարավոր է դրական են, բայց չգիտեն դրա մասին»,- այսօր Հանրային խորհրդի հեռավար նիստի ժամանակ ասել է առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ յուրաքանչյուր օր նոր հայտնաբերվող վարակակիրների քանակը կտրուկ ավելանում է`մինչև 250-350-ը, և այդ թիվն էլ ավելի մեծանալու միտում ունի: Եվ պետությունն այլևս ի վիճակի չէ տեղավորել, միգուցե նաև բուժել նրանց:

«Հնարավոր է, խորը սորտավորման գնանք: Օրինակ՝ խորը սորտավորում է նաև պատերազմի ժամանակ արվում, երբ որ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու, և հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք»,- հավելել է Արսեն Թորոսյանը:

Երեկվա տվյալներով բուժում է ստանում 2952 վիրուսակիր: Նման սրընթաց աճը նշանակում է, որ կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, ու կառավարությունը հավանաբար չի կարող նրանց մեկուսացնելու համար վճարել: Հատկապես որ այս շաբաթների ընթացքում այդքան ծախս կատարելու պայմաններում համաճարակը ոչ միայն չթուլացավ, հակառակը` ավելի տարածվեց:

Ճիշտ է, համաճարակի պատճառով զբոսաշրջությունը չի գործում, և պետության այդ վճարումները փրկություն են հյուրանոցային ու հանրային սննդի բիզնեսի համար, բայց եթե նույն ոլորտներն ու տնտեսության մյուս ճյուղերը մոտ երկու ամիս կանգնած էին ու հարկ չէին վճարում, ապա պետությունը որտեղից պետք է վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար վճարի: Պետեկամուտների կոմիտեն դեռ չի հրապարակել, թե ապրիլ ամսին որքան է նվազել հարկերի հավաքագրումը, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այն նվազած կլինի բավականին մեծ ու տխուր չափով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА