o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բանասիրության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը նվազել է»

30.05.2020 16:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Բանասիրության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը նվազել է»

Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է, այսինքն` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելիս, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը: Դարեր շարունակ հայ ազգը պայքարել է իր կրոնի, մշակույթի և ի վերջո լեզվի պահպանման համար: Լեզվի պահպանմամբ զբաղվել ու առ այսօր զբաղվում են յուրահատուկ մասնագիտություն ունեցող մարդիկ՝բանասերները: «Իրավունքի» հետ զրույցում բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստեց, որ ժամանակները փոխվել են եւ ժամանակի թելադրանքով բանասիրության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը նվազել է:

ԱՄՆ դեսպանի խառնվելուց հետո միայն` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. Իոնիսյանի բացահայտումը ԱԶԱՏ ԽՈՍՔԻ տաղավարում

- Ֆիլոլոգիա՝ բանասիրություն, տերմինը հունական ծագում ունի՝ phileo (սիրում եմ) + logos (բան, բառ) բառերից: Բանասիրությունը գիտություն է գրավոր կամ բանավոր ավանդված տեքստերի տեքսաբանական, այսինքն՝ լեզվական, բանագիտական, հնագիտական և այլ կողմերի ընդգրկուն ուսումնասիրության մասին: Ժամանակակից բանասիրությունը բանասիրական գիտելիքի երկարատև և բավականին հակասական զարգացման արդյունք է: Բանասիրական գիտելիքի սկզբնական տարրերը ձևավորվել են գրի ստեղծմանն ու զարգացմանը զուգընթաց: Դասական բանասիրությունը վերաբերում է հին հնդիկների, հռոմեացիաների, հույների ուսումնասիրություններին: Ժամանակի ընթացքում ուսումնասիրության շրջանակներն ընդլայնվում են, և հետազոտության են ենթարկվում նորանոր կողմերը, ստեղծվում են բանասիրական նոր գիտակարգեր, ձևավորվում են ուսումնասիրության նոր հայեցակարգեր ու մեթոդներ: Այսօր ժամանակակից բանասիրությունը մի համակարգ է, որն իր մեջ ներառում է լեզվաբանական, գրականագիտական, բանագիտական գիտակարգերը:

Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

- Արդյո՞ք ներկայիս սերունդն ունի բանասիրական գիտության պահպանման լավ մասնագետներ:

Այո՛, ինչու՞ ոչ: Իհարկե ժամանակները փոխվել են, այսօր ժամանակի թելադրանքով երիտասարդներն ընտրում են այլ մասնագիտություններ, բանասիրության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Հիմնական պատճառն իհարկե աշխատատեղերի հետ է կապված: Ավարտելուց հետո շատերն այլ ոլորտում են աշխատանք գտնում, և ըստ էության ստացվում է, որ ուսումնառությունն ինքնանպատակ էր: Ցավոք, պետք է փաստեմ, որ ոչ բոլոր բուհերն են համագործակցում կարիերայի կենտրոնների և գործատուների հետ՝ շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով ապահովելու նպատակով: Բացի այդ՝ շատ կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքը, այլև գործնական հմտությունները: Այլապես ստացվում է, որ կրթության և պրակտիկ աշխատանքի միջև մի մեծ անջրպետ է առաջանում. շրջանավարտները դժվարությամբ են հարմարվում աշխատանքին, գործատուն ստիպված է լինում ուսումնառության գործընթացը սկսել յուրաքանչյուր նորավարտ աշխատողի հետ, պրակտիկ գիտելիքներ և հմտություններ փոխանցել: Մի բան, որ ուսանողը պետք է ձեռք բերած լիներ իր ուսումնառության գիտահետազոտական և գիտամանակավարժական պրակտիկաների ընթացքում: Իհարկե, չեմ կարող չարձանագրել, որ դրական որոշ տեղաշարժ կա: Պրակտիկաների կազմակերպմանը բուհերի ղեկավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Արդեն մի քանի տարի է, օրինակ, գեղեցիկ ավանդույթ է դարձել, որ ԳԱԱ լեզվի ինստիտուտում մասնագիտական պրակտիկա են անցնում ոչ միայն մեր մագիստրանտները, այլև այլ բուհերի ուսանողներ: Սա շատ լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար: Լավագույններին մենք սիրով ընդգրկում ենք մեր գիտական նախագծերում:

- Ի՞նչ պահանջ է դրված այսօրվա բանասերի առջև:

Այժմ կյանքը շատ արագ է առաջ գնում, ոչ միայն բանասերները, այլև յուրաքանչյուր մասնագետ պետք է հասցնի հետևել կյանքի արագ տեմպին, ճկուն լինել, ստեղծագործ: Մասնագիտական գիտելիքի խոր իմացությունն, անշուշտ, շատ կարևոր է եղել միշտ, այսօր էլ կարևոր է, բայց առավել կարևոր են պրակտիկ հմտությունները: Մեր՝ կրթության և ուսումնառության կազմակերպիչներիս առաջ մեծ խնդիր է դրված՝ ուսանողին, ապագա մասնագետին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ: 21-րդ դարում արդեն հաղթահարվել է գիտության տարբեր ոլորտների միակողմանի ուսումնասիրությունը: Այսօր մեծ հաջողությունների կարելի է հասնել՝ տարբեր ուղղությունների ձեռքբերումները կիրառելով: Օրինակ՝ վաղուց արդեն հաղթահարվել է լեզվաբանության ուսումնասիրությունը զուտ լեզվաբանության ներսում, այժմ անհնար է առանց այլ գիտությունների փոխգործակցության, առանց միջգիտակարգային ուսումնասիրության: Եվ այսօր բանասերների համար մեկ խնդիրն է տիրապետել գիտելիքների և հմտությունների ավելի լայն շրջանակի:

 - Ի՞նչ հաճախականությամբ պետք է վերապատրաստվի բանասերը:

Վերապատրաստումները մասնագիտական և անձնային աճի անքակտելի մասն են կազմում: Արդեն նշեցի, որ ժամանակի պահանջին համահունչ պետք է շարժվել, լինել ճկուն և պատրաստ նոր մարտահրավերների: Իսկ դա իհարկե հնարավոր չէ առանց վերապատրաստումների: Շատ կարևոր են միջազգային համագործակցությունները, փոխանակման ծրագրերին մասնակցությունը, առհասարակ փորձի և գիտելիքի փոխանակումը: Այժմ համացանցը շատ լայն հնարավորություններ է ընձեռում: Եթե տարիներ առաջ մասնագետները ստիպված էին ժամանակի և տարածության խնդիրներ հաղթահարել՝ վերապատրաստումների համար, ապա այսօր այդ խնդիրը հիմնականում լուծված է: Կան մասնագիտական վերապատրաստման առցանց ծրագրեր, դասընթացներ: Առցանց կարելի է ծանոթանալ գործընկեր կազմակերպությունների աշխատանքներին, օգտվել աշխարհի տարբեր գրադարանների, բուհերի ռեսուրսներից, մանավանդ այս կորոնավիրուսային հիվանդության օրերին:

Նավթի գները նվազել են ԱՄՆ-ում հում նավթի պաշարների ավելացման մասին տվյալների հայտնվելուց հետո

-Ի՞նչ նվազագույն գիտելիքներով պետք է օժտված լինի իսկական բանասերը:

Իսկական բանասերը պետք է ունենա բնագավառի խոր և համակարգված գիտելիքներ, կարողանա օգտագործել բնագավառի հիմնարար փաստերը, մոտեցումները, սկզբունքները, տեսությունները, ունենա բանասիրությանը հարակից ոլորտների և մասնագիտացումների լավ ընկալում, կարողանա անկախ աշխատել և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ինչպես նաև իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, հրատարակչական ոլորտներում:

-Այսօր բանասերներից շատերը դիմում են օտարամուտ բառերի օգնությանը, ի՞նչ լուծումներ կամ գիտելիքներ են հարկավոր շտկելու այս խնդիրը:

21-րդ դարում լեզուների իմացությունը, երկլեզվությունը, բազմալեզվությունը դարձել է լուրջ հրամայական: Լեզուների իմացությունը աշխատանքային, մասնագիտական ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: Հետևաբար՝ շատ կարևոր է հատկապես միջազգային լեզուների տիրապետել: Իսկ մենք գիտենք՝ այսօր համաշխարհայնացման՝ գլոբալիզացիայի պայմաններում միջազգային լեզուները՝ «լինգվա ֆրանկաները» աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կարելի է տիրապետել մի քանի լեզուների, բայց չանել դա մայրենի լեզվի հաշվին: Կարծրացած մի տեսակետ կա, որ մայրենի լեզվի պահպանման, զարգացման հարցերով պետք է զբաղվեն միայն պատկան մարմինները, բայց ոչ: Մայրենին յուրաքանչյուրինս է, մեր էության, կենսագործունեության մի մասը: Մենք պետք է նույնպիսի հոգատարությամբ ու սիրով վերաբերվենք մայրենի լեզվին, ինչպես որ վերաբերվում ենք մեր սիրելի ու հարազատ մարդկանց: Ինչպես որ ամեն օր մաքրում ենք մեր տունը, լվանում հագուստը, այնպես էլ պետք է փորձենք մաքրել մեր բառապաշարը, ազատվել օտարաբան կառույցներից, մակաբույծ բառերից, ավելորդաբանություններից, ժարգոնային բառերից: Գրագետ լինելն ու խոսելը միայն ավելի մեծ շուք ու արժանապատվություն կհաղորդի մեզ: Ուզում եմ սիրով տեղեկացնել, որ 2019 թ. ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից ստեղծել ենք Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվել են ինստիտուտի երիտասարդ լեզվաբանները, ասպիրանտներն ու մագիստրանտները, ինչպես նաև կամավորներ` գիտակրթական տարբեր հաստատություններից: Խորհրդի նպատակն է ոչ միայն միավորել լեզվի երիտասարդ պաշտպաններին, այլև ստեղծել մի հարթակ` համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։ Առաջին միջոցառումը կրում էր հետևյալ խորագիրը՝ «Մաքրե՛նք քաղաքը լեզվական սխալներից»: Խորհրդի անդամները և կամավորները մեր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրում են նյութեր՝ լեզվական ճիշտ և սխալ տարբերակների, հայերեն համարժեքների, նման, բայց տարբեր բառերի, ընդունելի զուգաձևերի մասին: Առաջիկայում նախատեսում ենք հրատարակել «Նման, բայց տարբեր» ժողովածուն:

- Լեզվի ինստիտուտը ի՞նչ աշխատանքներ է տանում բանասերների մասնագիտական որակավորման ուղղությամբ:

Դեռևս 2018 թվականին՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ ջանքերով հիմնադրվեց ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը: Ամբիոնն այժմ իրականացնում է «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը: Ամբիոնը ձգտում է ստանձնել լեզվաբանական, հումանիտար ոլորտների կրթություն ապահովող ազդեցիկ դերակատարում: Հետևաբար՝ ակտիվ գործընթացներ են կատարվում վերջնարդյունքները միջազգային նորմերին համապատասխանեցնելու համար, ծրագրում ներդրվել են արդի հետազոտությունների հիման վրա մշակված առարկաներ: Հաշվի են առնվում գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները:

Նավթի գները նվազել են

1.        Ավարտելիս տրվում է լեզվաբանի որակավորում: Այսինքն՝ սա տարբերվում է բակալավրիատում տրվող որակավորումից, ընդլայնում մագիստրոսի թե՛ գիտելիքների շրջանակը, թե՛ աշխատելու, գործելու հնարավորությունը:

2.        Մատուցվում են լեզվաբանական տարաբնույթ առարկաներ, որոնք ընդգրկում են լեզվաբանության տարբեր բնագավառները, մատուցվում են գիտության նորագույն նվաճումները, կիրառվում են արտասահմանյան փորձն ու մեթոդները: Ծրագրում ներդրվել են արդի հետազոտությունների հիման վրա մշակված առարկաներ:

3.        Ծրագիրն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն՝ բուն լեզվաբանական (ընդհանուր, տիպաբանական, համեմատական, կիրառական ևն) և լեզվի տարբերակային դրսևորման (ժամանակակից երկճյուղ գրական հայերեն, միջին հայերեն, գրաբար, բարբառագիտություն):

4.        Ծրագիրն ուսանողին հնարավորություն է տալիս անկախ աշխատելու և' տեսական, և' կիրառական ասպարեզներում, ինչպես նաև իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կրթական, մշակութային, հրատարակչական ոլորտներում:

5.        Ուսանողը հնարավորություն ունի ուսումը շարունակելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում` ասպիրանտուրայում` ընդհանուր և համեմատական լեզվաբանություն, հայոց լեզու մասնագիտություններով: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները գրեթե պատրաստ կարող են լինել հանձնելու մասնագիտական քննություն ասպիրանտուրա ընդունվելիս:

6.        Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ամբիոնի բոլոր դասախոսները առաջին հերթին գիտությամբ զբաղվող անձինքն են, հետո՝ դասախոսներ: Ամբիոնի աշխատակիցները 15-ն են, որից 5-ը՝ գիտությունների դոկտոր, 10-ը՝ գիտությունների թեկնածու: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, սերտ շփումների մեջ են արտերկրի գիտնականների հետ, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, ակտիվորեն մասնակցում են հանրապետությունում լեզվա¬քաղա¬քական խնդիրների արծարծման, մշակման գործընթացներին:

7.        Ամբիոնը մշակել է ուսանողների աջակցման ծրագիր: Ըստ այդմ՝ ամբիոնում կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ:

8.        Ուսանողների կարիերային նպաստելու և արդի աշխատաշուկայում աշխատանք գտնելու նպատակով ամբիոնը աշխատանքներ է տանում նաև պոտենցիալ գործատուների հետ: Ըստ այդմ՝ ուսումնասիրվում է աշխատաշուկան: Մշակվում են մեխանիզմներ ուսանողներին ամբիոնի և ինստիտուտի գիտահետազոտական և կազմակերպչական աշխատանքներում ներգրավելու համար: Այսպես, օրինակ՝ ամբիոնի ուսանողներն արդեն մասնակցում են ինստիտուտում տեղի ունեցող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին՝ որպես կամավոր աշխատողներ: Ոսանողների մի մասն ընդգրկվել է ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհրդի կազմում և պարբերաբար լեզվապահպանությանն ու լեզվի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով է հանդես գալիս: Ուսանողներից մի քանիսն ընդգրկված են ինստիտուտի գիտական ծրագրերում, մասնագիտական աշխատանք են կատարում լեզվի ձևայնացման բնագավառում (վճարովի հիմունքներով)՝ ձեռք բերելով մասնագիտական աշխատանք կատարելու առաջին փորձառությունը:

Ոսկին թանկացել է, պլատինի գինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի

9.        ԳԿՄԿ համակարգում գործում է հեռաուսուցման հարթակ: ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը վերապատրաստվել է և պատրաստ է իրականացնելու նաև հեռավար կրթական ծրագրեր լեզվաբանության ոլորտում:

- Խոսք` ուղղված մեր հայ բանասերներին:

Շնորհավորում եմ բոլորիս Բանասերի օրվա կապակցությամբ: Հայապահպանության, ազգային դիմագծի պահպանման, մշակութային արժեքների տարածման գործում անգնահատելի և մեծ աշխատանք են կատարում բանասերները: Մաղթում եմ, որ բանասերների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն, միտքը միշտ բեղուն լինի ու հիացնի նորանոր թռիչքներով:

Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА