o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը պատրաստվում է Կանադայո՞ւմ «բուժվել»

02.06.2020 09:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը պատրաստվում է Կանադայո՞ւմ «բուժվել»

Վերջին օրերին Ալիեւն էլի իր սիրած ոճի մեջ է՝ ուժի գործադրման սպառնալիքների: Նոր զինավարժություններ, սահմանային դիվերսիաներ եւ այլն. այդ ամենը, իհարկե, պատահական չէ: Առավել եւս, որ նա անցավ ուղղակի սպառնալիքների: «Բանակցություններն ընթանում են, բայց հիմա տեսնում եք, որ աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում, եւ որոշ երկրներ, նույնիսկ Ժողովրդավարական մեծ ավանդույթներ ունեցող երկրները, որոշ դեպքերում, անտեսելով միջազգային իրավունքը, պաշտպանում են իրենց շահերը: Ինչի՞ հաշվին: Ուժի հաշվին...»: Այսինքն, այս պահին համաշխարհային իրավիճակը հարմար է, որ պատերազմ սկսի:
Բայց Իլհամ Հեյդարովիչի այս քարոզները բավականին տարօրինակ են: Եթե նա իրեն իրոք այդքան ուժեղ է համարում, համաշխարհային իրավիճակն էլ՝ այդքան բարենպաստ, էլ ինչի՞ է սպասում, ինչո՞ւ պատերազմ չի սկսում: Առավել եւս, որ կա իր օգտին խոսող մեկ այլ գործոն եւս. Հայաստանում այս պահին այնպիսի իշխանություններ են, որ անգամ կորոնավիրուսի հարցում կարողացան երկիրը դնել աշխարհում վատթարագույն վիճակներից մեկում, էլ ինչպե՞ս են թշնամու դեմն առնելու: Ու չնայած Արցախյան պատերազմի ավարտից ի վեր իր համար ակնհայտորեն ամենաբարենպաստ իրավիճակին, Իլհամ Հեյդարովիչը զենքի դիմելու փոխարեն մի գլուխ լեզվին է տալիս: Ինչո՞ւ:

Հակառակորդի որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԴԵՌ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԵԼ
Հիմնական պատճառները, իհարկե, կարելի է երկուսը համարել:
Առաջինը. Արցախյան պատերազմի ժամանակ եւս մոտավորապես նման պատկերն էր: Ադրբեջանն էլի ուներ Հայաստանին բազմակի գերազանցող նյութական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ: Համաշխարհային իրավիճակը ոչնչով չէր խանգարում պատերազմել: Իսկ Հայաստանում իշխանության ղեկին ԼՏՊ-ն էր, ով գրեթե ոչնչով չէր տարբերվում իր քաղաքական հոգեզավակ Նիկոլից. ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերում: Չնայած դրան, այն ժամանակվա ադրբեջանական ղեկավարները, ովքեր էլի նույն մեծախոսությամբ էին տառապում, փառավոր քոթակ կերան: Իլհամ Հեյդարովիչը հաստատ այդ ամենը հրաշալի հիշում է: Ճիշտ է, այն ժամանակ նա, որ ողջ «հայրենասիրությամբ» հանդերձ, պատերազմից հազարավոր կիլոմետրերով հեռու էր եւ դրանով մեր ներկայիս դասալիք-իշխանավորներից գրեթե չի տարբերվում: Բայց հաստատ հայրը պատմած կլինի, թե ինչպես էր ռուսների միջնորդությամբ զինադադար խնդրում հայերից, եւ ինչպես ԼՏՊ-ն դա նրանց նվիրեց` անգամ վերջնական խաղաղություն չստանալով:
Բայց Իլհամ Հեյդարովիչը, ի տարբերություն մեր բազում չինովնիկների, հիմար մարդ չի, կարող է պատմությունից դասեր է քաղել: Այսինքն, որ եթե մի անգամ նույն իրավիճակում քոթակ կերել են, ապա ավելի լավ կլինի, որ պատերազմական անորոշությունների մեջ նորից չմտնի: Բա որ այս անգամ էլ ամեն ինչ թարս գնաց, ի՞նչ է անելու:
Եվ երկրորդը: Պատահական չէ, որ իր ռազմական ուժերը գովերգելուց հետո, Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլ դրանց արանքում նաեւ ակնարկում, թե՝ բանակցությունները շարունակվում են: Իսկ դա նշանակում է, որ եթե բանակցություններում հաջողության հույսեր ունի, էլ ինչո՞ւ մտնի պատերազմական անորոշությունների մեջ:

«ՀՈՂ՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ»
Առավել եւս, որ խոսելով բանակցությունների մասին, Ալիեւը միանգամայն լավատեսական տրամադրությունների մեջ է. «Թեեւ Հայաստանի ղեկավարությունը փորձում է դա ժխտել իր պաշտոնական պոպուլիստական ելույթներում, ըստ էության, փուլային կարգավորման հարցը քննարկվում է բանակցությունների շրջանակներում: Եվ այստեղ նա կեղծավոր է, խաբում է իր ժողովրդին եւ փորձում խաբել միջնորդներին: Ոչ մի այլ լուծում, բացի փուլայինից, չկա: Ի՞նչ է դա նշանակում: Առաջին փուլում ազատագրվում է հողերի մի մասը...»:
Բայց չէ՞ որ սա մոտավորապես նույն բանն է, ինչ ասում էր նաեւ Լավրովը: Ավելին ասենք, այն, ինչը դեռ անցած տարի պաշտոնապես հայտարարեց Մինսկի խումբը: Այսինքն, կարգավորման այն երեք սկզբունքներից եւ վեց կետերից բաղկացած ծրագիրը, որտեղ խոսվում էր որոշ շրջաններ տալու, հաղորդակցության ուղիները վերագործարկելու, խաղաղարար ուժեր տեղակայելու մասին՝ հետաձգված հանրաքվեի պարագայում:
Այսպիսով, եթե մինչ այս Ալիեւն էլ էր զերծ մնում այդ մասին ուղղակիորեն խոսելուց, թեեւ ՄԽ-ի կողմից այդ մեխանիզմը ներկայացնելուց հետո հայտարարել էր, թե՝ կողմ է, բայց ահա հիմա հանկարծ որոշեց խոսել: Ինչո՞ւ: Կարելի է ենթադրել: Այն, որ կամաց-կամաց մոտենում ենք առաջին դեմքերի մակարդակով բանակցությունների փուլին, նոր չէ, որ զգացվում է: Իսկ դրա համար Ալիեւը պետք է սեփական հանրությանը հրամցնի, թե ՄԽ-ն հրաշալի առաջարկ է ներկայացրել լիովին Ադրբեջանի օգտին: «Այ, առաջին փուլում կվերցնենք այդ տարածքները, մնացածն էլ հետո, սա հաղթանակ է»: Ու հերոսի կերպարով կստորագրի առաջարկվող պայմանագիրը:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ալիեւն այս ուղղությամբ իր ժողովրդին ասելիք, դեռ մի բան էլ՝ հերոս ներկայանալու հնարավորություն ունի, ապա նույնը չի կարելի ասել Նիկոլի մասին: Նա ի՞նչ քարոզի: Եթե տալիս ենք որոշակի շրջաններ, ապա ինչի՞ դիմաց: Ապագայում Արցախի ինքնորոշման հանրաքվե անցկացնելու խոստումների՞: Այսինքն՝ «հող՝ խոստումների դիմա՞ց»: Բայց այդ ո՞վ է նման սկզբունքով երբեւէ հող տվել:
Չէ, նման տարբերակը Հայաստանում առաջ տանելը մեկ հետեւանք ունի՝ առաջ տանողը միանգամից պետք է ճակատին գրի՝ «հայ ժողովրդի թշնամի»: Ու դա հաշվի առնելով, կարելի է հասկանալ, որ երբ ՄԽ-ն, հիմա էլ նրա հետ Ալիեւը բացահայտ խոսում մի ծրագրի մասին, ինչու է դրա հենց գոյության փաստը Նիկոլն ու Մնացականյանն ամեն կերպ ժխտում: Բայց դե ժխտելը քիչ է: Խոսակցություններն այն մասին, որ արդեն այս հունիսի վերջերից այդ ծրագիրը առաջին դեմքերի մակարդակով բանակցությունների օրակարգ է դրվելու, գնալով ավելի համառ են դառնում:
Եվ ահա «թարսի պես» Նիկոլը կորոնավիրուսով վարակվեց, պետք է տանը մնա: Այսինքն, մոտավորապես այն ժամանակ, արդեն գրեթե բանակցելու ժամանակներն են գալու: Եվ այստեղ մեկ պարզ հարց է ծագում՝ արդյոք, օրինակ, Կանադայում ավելի լավ չե՞ն բուժի Նիկոլին ու նրա ընտանիքին...
Ամեն դեպքում, եթե մարդը հիվանդ է, պետք է մի փոխարինող ունենա: Քանիցս ենթադրել ենք՝ նման դեպքերում Ավինյանն է նրան փոխարինելու: Ճիշտ է, եթե հանկարծ Նիկոլը որոշի դրսում բուժվել, փոխարինելու ժամանակն էլ կերկարի: Բայց այդ դեպքում, ինչ է, Ավինյա՞նն է Ալիեւի հետ բանակցելու. իսկ ինչ կա, ինչով է Նիկոլից պակաս...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА