o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կինն ընդամենը մեկ րոպեում կորոնավիրուսով է վարակել 71 մարդու

14.07.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կինն ընդամենը մեկ րոպեում կորոնավիրուսով է վարակել 71 մարդու

Արտասահմանից վերադարձած կինը կորոնավիրուսով է վարակել 71 մարդու՝ վերելակում անցկացնելով ընդամենը մեկ րոպե: Այս մասին հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, փոխանցում է news.com.au-ն:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով

Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող են լինել վիրուսի ասիմպտոմ կրողները: ԱՄՆ-ից Չինաստան վերադարձած այս կնոջ մոտ ոչ մի ախտանիշ չի եղել, բայց նա, միեւնույն է, վերադառնալուց հետո 2 շաբաթով ինքնամեկուսացել է: Այդ ամբողջ ժամանակահատվածում նա մնացել է իր բնակարանում, կերակուրը առաքմամբ է պատվիրել: Չնայած այս ամենին, հենց նա է դարձել «զրոյական պացիենտը», ումից վարակվել է եւս 71 մարդ:

Հեյլունցզյան նահանգում մարտի 11-ից կորոնավիրուսի նոր դեպքեր չէին գրանցվել: Ապրիլի 2-ին մի տղամարդ ծանր կաթված է ստացել (կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ կաթվածներ կարող են պատահել թրոմբի առաջացման մեծ ռիսկի պատճառով): Նրան հոսպիտալացրել են, եւ նրա 3 որդիները նրա հետ միասին ուղեւորվել են հիվանդանոց: Նրանք կարճ ժամանակում հասցրել են վարակել եւս 28 մարդու, այդ թվում՝ մի բժշկի եւ 5 բուժքրոջ:

Կաթվածով տղամարդուն այնուհետեւ տեղափոխել են այլ հիվանդանոց, որտեղ նրանից վարակվել է եւս 20 մարդ: Միայն այդ ժամանակ են նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշել:

Մյուս տղամարդը, ում անվանում են В պացիենտ, նույնպես վարակվել էր կորոնավիրուսով: Նրա ամբողջ շրջապատին թեստավորելով՝ մասնագետները հայտնաբերել են, որ գրեթե բոլորը վարակված էին, այդ թվում՝ կաթվածով տղամարդը, ում մասին նշվեց վերեւում:

Մասնագետները սկսել են փնտրել վարակման աղբյուրը՝ ինֆեկցիայի տարածումը կասեցնելու համար: Նրանք նաեւ անցկացրել են վիրուսի գենետիկ անալիզ եւ հայտնաբերել, որ այն տարբերվում է անցյալում այդ տեղանքում շրջանառվող վիրուսից: Վիրուսը, որով այս բոլոր պացինետները վարակվել էին, ակնհայտորեն բերվել էր արտասահմանից:

Բայց վարակվածներից ոչ մեկը վերջին շաբաթներին արտասահմանում չէր եղել:

Հուսահատված մասնագետները ապրիլի 9-ին սկսել են ուսումնասիրել վարակված շրջանում բնակվող բոլորի տվյալները: Եվ նրանց հաջողվել է գտնել վերջերս ԱՄՆ-ից եկած կնոջը: Կինն իրեն լավ էր զգում եւ ոչ մի ախտանիշ չուներ, սակայն նրա մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ: Նա վերադառնալուց հետո հարեւաններից ոչ մեկի հետ չի շփվել եւ ինքնամեկուսացած է եղել, ուստի մասնագետները մի որոշ ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարող էր որեւէ մեկին վարակել:

Հետո նրանք հասկացել են, որ տուն վերադառնալով կինը 60 վայրկյան բարձրացել է վերելակով: Հավանաբար, նրանից հետո վերելակ է մտել В պացիենտի դուստրը, որը վարակվել է, վարակել իր մերձավորներին, իսկ նրանք՝ մյուս մարդկանց: Արդյունքում 71 մարդ վարակվել է վերելակով «զրոյական պացիենտի» բարձրանալուց հետո:

Մասնագետների խոսքով՝ այս դեպքն ակներեւորեն ցույց է տալիս, որ ասիմպտոմ պացիենտները շրջապատողների համար այսօր էլ մեծ վտանգ են ներկայացնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА