ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ  «ԳԵՐՈՒՀԻՆ» ԵՎ  ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԻՆՏՐԻԳԸ

15.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ  «ԳԵՐՈՒՀԻՆ» ԵՎ  ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԻՆՏՐԻԳԸ


Ինչպես եւ սպասվում էր, ոչ մի քաղաքական ուժ ԿԸՀ-ին իր ցուցակները չի ներկայացրել: Հասկանալի է, որ ճշգրտումները արվելու են մինչեւ վերջին պահը` փետրվարի 16-ը: Իսկ առայժմ հստակ հայտնի են միայն ՀՀԿ-ի առաջին եւ երկրորդ հնգյակները, որոնցից առաջինն անփոփոխ է, իսկ երկրորդում կարող է եւ փոփոխություն լինել: Սակայն իշխող կուսակցության մասին` փոքր ավելի ուշ, իսկ առայժմ տեսնենք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: ՈՒՄ Է ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՄՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, «Ժառանգությունն» ի վերջո միացավ Օհանյան-Օսկանյան (ՕՕ) դաշինքին: Սակայն էական «կորստով»` ի դեմս Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի: Դե, «Ժառանգության» բաժինքը, ի դեմս Անահիտ Բախշյանի եւ ավելի վաղ դուրս եկած Ստյոպիկ Սաֆարյանի, ժառանգություն հասավ «Ազատ դեմոկրատների» ցուցակին, որը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, եւ որի վարչապետացուն որձ կովերի հմուտ մասնագետ Հրանտ Բագրատյանն է: 
Իսկ ընդհանրապես որոշ հետաքրքիր պահեր «Ժառանգության» տվայտանքների մասին բացահայտեց «Ելք» դաշինքի անդամ Արամ Զ. Սարգսյանը: Նա շեշտեց, որ կոնկրետ «Ելք» դաշինքի հետ բանակցությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հաստակողությունը` անպայման առաջին տեղում լինելու ցանկությունը, հանգեցրեց ձախողման. «Ես չեմ կարծում, որ այն վարքականոնը, որը որդեգրել է «Ժառանգություն» կուսակցությունը 2007 թվականից, երբ որ դաշինք էր ձեւավորվում, իրեն արդարացրել է: Իրենք, իհարկե, պահանջել են առաջին տեղը, համարելով, որ իրենք առավել են դաշինքում ընդգրկված կուսակցություններից: Ավելին` ասել են, որ այդ առաջին համարը կարող է լինել ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Արմենը (նկատի ունի Արմեն Մարտիրոսյանին-խմբ): Եթե հիշում եք, նույն բանն ասում էին 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ»: 
Զարուհի Փոստանջյանը գլխանց հայտարարում էր, որ «Ժառանգությունը» որեւէ դաշինքի մեջ չպետք է մտնի, ինչը հանգեցրել էր սուր ներկուսակցական կոնֆլիկտի: Սակայն արդեն մեկ շաբաթից ավելի է, որ խոսվում է Փոստանջյանին «Ելք» դաշինք հրավիրելու մասին, իսկ այդ դաշինքի ակիվիստները Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկում են` դա դաշինքին լրացուցիչ ձա՞յն կբերի, թե` ձայների կորուստ:Ինչեւէ, ակնհայտ է երկու հանգամանք: Առաջինը, որ Զարուհի Փոստանջյանը միայնակ ավելի բարձր վարկանիշ ունի, քան Րաֆֆի Հովհաննիսյանը` մնացյալ «ժառանգականներով» հանդերձ: Եվ երկրորդը` պայմանական «քեռի Սեմի» աչքերում Զարուհի Փոստանջյանն ունի ավելի բարձր կարգավիճակ, քան` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ անգամ Րաֆֆու ներկայիս դաշնակից Վարդան Օսկանյանը: «Սորոսի ճտերի» թիմում, օրինակ, Փոստանջյանը արժանացել է գլոբալիզմի ռահվիրա Մադլեն Օլբրայթի երկարատեւ ընդունելությանն ու հատուկ գովասանքին, իսկ Հովհաննիսյանն ու Օսկանյանը` ոչ, եւ, անշուշտ, գլոբալիստական էլիտայի աչքերում նա առավել արժեքավոր է: Այս պահի դրությամբ թեեւ տիկինը կոտոշները դեռեւս տնկում է, բայց, դժվար թե, անդրօվկիանոսյան կուրատորները նրան խաղից դուրս վիճակում թողնեն, ու առավել հավանական է, որ վերջին պահին նրան կցեն ԱԺ անցնելու ռեալ շանսեր ունեցող միակ արեւմտամետ ուժին` «Ելք» դաշինքին: Ճիշտ է, չպետք է բացառել, որ գլոբալիստները որոշեն ուժեղացնել ՕՕ դաշինքը եւ Զարուհուն գործուղեն այնտեղ, սակայն դրա հավանականությունը ավելի քիչ է, եւ էլ ավելի քիչ է, որ նրան ուղարկեն Խաչատուր Քոքոբելյանի ցուցակ: 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՆՏՐԻԳԸ

ԻՍԿ ՕՕ ԴԱՇԻՆՔԸ ՁԳՏՈՒՄ Է ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Հետաքրքրական է, որ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը սկսել է ընդգրկել անձանց, ովքեր կապված են անցյալ տարվա ամռանը ՊՊԾ գնդի զինյալ գրավման հետ: Մասնավորապես, արդեն հայտնի է, որ իրենց ցուցակում է լինելու զանգվածային անկարգությունների կազմակերպման համար կալանավորված Անդրեաս Ղուկասյանը: Գումարած դրան, դաշինքը շատ ակտիվ պաշտպանում է կրկին կալանքի տակ վերցրած «հաց բերողին»` Արթուր Սարգսյանին, եւ գրավով կալանքից ազատելու երաշխավոր հանդես էին եկել օսկանյանական բոլոր պատգամավորները: Իսկ փետրվարի 14-ին, ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի տեղի ունեցած ցույցին մասնակցել էին օսկանյանական կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը, Երիտասարդական միության նախագահ Աղվան Պողոսյանը եւ երիտթեւի մի շարք այլ կուսակցականներ, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ կուսակցության վարչության անդամներ Սուսաննա Մուրադյանը եւ Հովսեփ Ղազարյանը: Ի դեպ, կուլիսներում կրկին ակտիվացել են շշուկները Սեյրան Օհանյանի` նախարար եղած ժամանակով սէֆիլյանականների հետ շփումներ ունենալու մասին: Իսկ այժմ Փարիզում գտնվող Կարեն Սիմոնյանի կառույցը, որը ՊՊԾ գնդի գրավման պահից ի վեր արտերկրում համակարգում էր զինյալներին ցուցաբերվող լրատվական-քարոզչական օժանդակությունը, սկսել է կրծքով պաշտպանել «Ժառանգությանը»` որպես իբր թե «միակ իրական ընդդիմություն», իսկ կուսակցությունից հեռացած Ստյոպիկ Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին եւ անգամ դեռեւս չհեռացած Զարուհի Փոստանջյանին մեղադրել Բաղրամյան 26-ի հանձնարարությունները կատարելու մեջ: Ու թեեւ ՕՕ դաշինքում էական հույսեր են կապում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ (քանի որ ակնհայտ է` բողոքավոր ընտրողները չեն վստահում ո՛չ Օհանյանին, ո՛չ Օսկանյանին), սակայն ԱԺ մտնելու շանսերն այդ միավորման մեջ բավականին քիչ են: 
ՀՀԿ-Ի 
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ
Բոլորն անհամբեր սպասում էին ՀՀԿ-ի առաջին տասնյակին, եւ հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանը մատուցեց այն, ինչը ոչ ոք չէր սպասում: ՀՀ նախագահը չի գլխավորում ՀՀԿ ցուցակը, փոխարենը ղեկավարելու է ՀՀԿ շտաբը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ցուցակում չէ, այլ լինելու է վարչապետ ընտրություններից հետո: Իսկ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչը պատերազմող երկրի պարագայում ունի իր տրամաբանությունը, եւ գումարած դրան` հանրությանը էական որեւէ վատ բան նրան մասին հայտնի չէ: 
Հարկ է նշել, որ այժմյան ցուցակը նախորդ ցուցակից զգալիորեն տարբերվում է: 2012-ի ցուցակում առաջին տասնյակն ուներ հետեւյալ տեսքը` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան, Սամվել Նիկոյան, Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան: Այժմյան ցուցակը էապես այլ է` Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան, Արա Բաբլոյան, Արմեն Ամիրյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Մարգարիտ Եսայան, Սամվել Ֆարմանյան եւ Կարեն Ավագյան: 
Ըստ էության, զգալի առավելություն է տրվել երիտասարդ, թարմ, դեռեւս էապես չվարկաբեկված դեմքերին: Տարոն Մարգարյանի առաջխաղացումը երկրորդ տեղ, նույնպես բացատրելի է` նա, որպես Անդրանիկ Մարգարյանի որդի, ինչ-որ տեղ ընկալվում է որպես ՀՀԿ-ի խորհրդանիշ: Հետաքրքրական է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ այնպիսի հնաբնակներ, ինչպիսիք են Սամվել Նիկոյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը, առաջին տասնյակում չկան: Այսինքն` ակնհայտորեն փոփոխությունների շունչ է զգացվում: 
Փոփոխվել է եւ ցուցակների «թվային» արտահայտությունը: Եթե 2012-ին ՀՀԿ ցուցակում 253 թեկնածու էր գրանցված, ապա այժմ համապետական ցուցակում 64 թեկնածու է, տարածքային ցուցակներում 133 թեկնածու, ընդ որում` ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ այնպիսի դեմքերը, ինչպիսիք են Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Աշոտ Աղաբաբյանը ցուցակներում չկան: 
Ինչեւէ, ՀՀԿ մամլո խոսնակը իրավացի է, որ. «Այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»: Իսկ ծանրակշիռ վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքի է, որ ՀՀԿ-ն լուծելու է ընտրության մեկ փուլով ԱԺ-ում մեծամասնություն ունենալու եւ կառավարություն ձեւավորելու խնդիրը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«ԵԼՔ» ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ «ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА