ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ.  ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՎԻՃԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ

31.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ.  ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՎԻՃԵԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ


Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Այսինքն` դա ընդդիմադիրների համար վերջին շանսն է` հայհոյելու զմիմյանս եւ իշխանությանը ու ստեր փչելու: Բուն սուտասանության օրը` ապրիլի 1-ին, ըստ Ընտրական օրենսգրքի` լռության օր է: Ու թեեւ բազում ժողովրդավարական երկրներում լռության օրվա գաղափար որպես այդպիսին չկա եւ թույլատրված է քարոզչություն իրականացնել անգամ ընտրությունների օրը եւ նույնիսկ բուն ընտրատեղամասերի տարածքում, մեր երկրի պայմաններում դա լիովին արդարացված օրենսդրական նորմ է: Չէ՞ որ քաղաքացիների գլուխը գոնե մեկ օր պետք է դինջանա հայհոյաբանությունից եւ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող քաղաքական հեքիաթներից: ԵՐԿՐՈՐԴՆ ՈՒ ԵՐՐՈՐԴԸ` 
ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անվիճելիորեն ընտրապայքարում երկրորդի դերն ունեցող Ծառուկյան դաշինքը անիրագործելի խոստումների յուրահատուկ ռեկորդ սահմանեց: Խոսքը 15 մլրդ դոլարի ներդրում բերելն է, եթե, իհարկե, դաշինքը գրավի առաջին տեղը: Բայց, խոշոր հաշվով, կարող էին եւ 150 մլրդ խոստանալ, քանզի շատ լավ գիտեն, որ գրավելու են երկրորդ տեղը: Մոտավորապես այն հին անեկդոտի նմանությամբ` որ 80-ամյա ծերունին գալիս է բժշկի մոտ եւ գանգատվում, որ ինքը սեռական կյանքով էլ ապրել չի կարող, սակայն իր 90 տարեկան հարեւանը կարողանում է, այն էլ` ամեն օր: Բժիշկը հարցնում է, թե որտեղի՞ց գիտես, ծերունին էլ պատասխանում է` ինքն է ասել: Բժիշկն էլ արձագանքում է` դու էլ ասա: 
Սակայն անցնենք այն ռեալ խնդիրներին, որոնք լուծում է Ծառուկյան դաշինքը: Բնականաբար, նրանք ուզում են ծանրակշիռ երկրորդ տեղ ունենալ, քանզի ինչքան շատ մանդատ ունենան, այնքան ավելի շատ շանսեր կլինեն քաղաքական սակարկություններ անել: Այդ պատճառով է, որ ընտրարշավի եզրափակիչ փուլում դաշինքն անընդմեջ պնդում էր` իբր գնում է հաղթելու, առաջին տեղ վերցնելու: 
Բնական է, որ որոշ ԲՀԿ-ականներ չեն դիմանում ու նաեւ սեւ քարոզչությամբ են զբաղվում` ընդդեմ ինչպես ընդդիմադիր մրցակիցների, այնպես էլ` ՀՀԿ-ի: Արմեն Աշոտյանը ճիշտ էր մատնանշել, որ անընդունելի բառապաշար կիրառողները երկուսն են` Նաիրա Զոհրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հանրության հետ կիսվել էր այն դիտարկումով, որ երկուսն էլ աշխատել են միեւնույն թերթում` «Հայկական ժամանակում»: 
 
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԻ ՉԷ
Թեեւ ՕՐՕ դաշինքի հանրահավաքը եւ երթը ավելի մարդաշատ էին, քան ՀԱԿ-ՀԺԿ-ինը, սակայն այդ դաշինքը առանձնապես ոգեւորվելու լուրջ պատճառներ չունի: Պարզապես ՕՐՕ-ն էապես ավելի շատ փող էր ծախսել հանրահավաքի վրա, քան` Լեւոնենք: Այդտեղից ամենեւին չի բխում, որ ՕՐՕ-ն կարող է գերազանցել ռեալ 2-3 տոկոսի շանս ունեցող ՀԱԿ-ՀԺԿ-ին: 
Եվ չի օգնում ոչինչ` ո՛չ խեղճ ուսուցիչներին փնովելը, թե ինչպես են համարձակվում զբաղվել ՀՀԿ-ի քարոզչությամբ, ո՛չ ագրեսիվ կարգախոսները եւ ամեն օր բազմիցս օգտագործվող ու հնամաշ չուլ դարձած իշխանափոխություն բառը, ո՛չ էլ Սփյուռքից ժամանած դեսանտը` ի դեմս Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ այլոց: 
Այդ դեսանտի նպատակը հասկանալի է բոլորի համար` հետընտրական ապակայունացում: Նույնիսկ ռուս փորձագետները արտերկրյա այդ նախաձեռնության մասին չեն թաքցնում իրենց կարծիքը, որ դեսանտի նպատակը հետընտրական մայդանն է: Սակայն ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ինչ-որ բան կազմակերպեն: Օրինակ, Սերժ Թանկյանի պարագայում մարդիկ պատրաստ են տասնյակ հազարներով հավաքվել նրա համերգներին, բայց նրա քաղաքական կոչերին կհետեւեն շատ քչերը: Համ էլ, մեր քաղաքացիները չեն մոռացել, թե ինչպես այդ նույն գործիչները ժամանակին հավարը գցել էին աշխարհով մեկ, թե` տեսեք, տեսեք Հայաստանում գոմիկներին են նեղացնում: Նրանց ստորագրած խայտառակ  «բարաթը» չի մոռացվել: Ինչ վերաբերում է Արսինե Խանջյանին, ով մյուսներից զգալիորեն շուտ է ժամանել, ապա լավ է դա, թե` վատ, մեր հայերը պահպանողական են եւ չեն կարող լուրջ ընդունել մորեմերկ նկարահանվող դերասանուհու ասելիքները: Օրինակ, հաստատ, Քիմ Քարդաշյանը ավելի ողջամիտ է, նա շատ լավ հասկանում է մեր ժողովրդի այդ առանձնահատկությունը, ու այդ պատճառով է, որ մազաչափ իսկ չի փորձում միջամտել Հայաստանի ներքին կյանքին, փոխարենը օգտագործելով իր հնարավորությունները դրսում` Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի դարձնելու: 
Իսկ ՕՐՕ-ի պարագայում խռովությունը հաջողությամբ պսակելու հնարավորությունները լրիվ հօդս են ցնդել: Պետական անվտանգության մարմինների կողմից «Իգլա» բերող Սամվել Բաբայանին օպերատիվ կալանավորելը ցույց է տալիս, որ, դժվար թե, նորանոր զինված խմբեր կհասցնեն գործել: Փոխարենը ՕՐՕ-ն սկսում է խճճվել այն հարցում` Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է, թե` ոչ: Ինքը` Բաբայանը, այդ տիտղոսից հրաժարվում է, Սեյրան Օհանյանը հանրահավաքին դրանից մի քայլ նահանջեց, ասելով, որ դեռեւս չեն պնդում, որ Բաբայանը քաղբանտարկյալ է, մինչդեռ դաշինքի մյուս դեմքերն իրենց պատռում են, թե անկախ սեփական ուզել-չուզելուց Սամվել Բաբայանը, միեւնույնն է, քաղբանտարկյալ է: 

ՀՀԿ-ի օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում. Շարմազանով

ՀՀԿ-Ն ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Իսկ իշխող կուսակցության հավասարակշիռ պահվածքը, ավելորդ խոստումներ չտալը իր դերը խաղում է: Առավել եւս, որ կարելի է արձանագրել` Կարեն Կարապետյանը իր ընտրարշավային առաքելությունը փայլուն է կատարել: Նրա բարձր վարկանիշը նշում են ե՛ւ տեղական, ե՛ւ արտերկրյա հետազոտողները: 
Ճիշտ է, եզրագծին ՀՀԿ-ն արդեն սկսել է պատասխանել քարոզչական հարձակումներին, սակայն այդ պատասխանները շատն  կոռեկտ են: Ի դեպ, նման է, որ ռեյտինգային ընտրակարգը չի բերում տեղերում անվերահսկելի տուրուդմբոցների: Նման է, որ ռեյտինգային թեկնածուները կարողացել են գալ համաձայնության ու իրար չխանգարել: 
Հա, էլ ով մնաց տակը` ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդը», «Ազատ դեմոկրատները» եւ կոմունիստները: Ինչ վերաբերում է «կարմիրներին», ապա նման է, որ մարքսիզմ-լենինիզմի տեղական ջատագովները առանձնապես լավ չեն կարողացել իրացնել իրենց խնդիրը` փորձել վերցնել 3 տոկոսը, որպեսզի ստանան պետական ֆինանսավորում վայելող քաղաքական ուժ: Բայց միաժամանակ, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, կոմունիստները չափազանցված ամպագոռգոռ խոստումներով ընտրողների գլուխը չեն տանում: Իսկ այն պայմաններում, երբ կար 15 մլրդ դոլար ներդրում խոստացող Ծառուկյան դաշինք, Նյու Վասյուկի կառուցել խոստացած Արթուր Բաղդասարյանը, գումարած «քֆուրչի» Նիկոլը եւ «յուղ վառող» ՀՀ գլխավոր էլեկտրիկ Էդմոն Մարուքյանը, համեստությունն ու զսպվածությունը ընտրողի համար դառնում են շատ պահանջարկված ապրանք: 
Այդ առումով իրենց չափավոր են պահում թունդ արեւմտամետ ուժ հանդիսացող «Ազատ դեմոկրատները»: Բացառված չէ, որ ՀԱԿ-ի քվեների մի մասը գա նրանց, բայց արդյո՞ք  Խաչատուր Քոքոբելյանն ու այլք կկարողանան մոտենալ 5 տոկոս արդյունքին: Ճիշտն ասած, դա քիչ հավանական է թվում:
Դե, իսկ ՀՅԴ-ի ու «Հայկական վերածնունդի» գործելակերպը բավականին պարզ է` որպես 5+ տոկոսատերեր` նրանցից յուրաքանչյուրը փորձում էր այդ «պլյուսի» չափաբաժինն  ավելացնել: 
Բայց մի բան է շատ ափսոս, որ դեռեւս մեր երկրում չի ձեւավորվել այնպիսի օգտակար գործիքը, ինչպիսին են նախընտրական դեբատները: Դե, եթե արեւմտյան ժողովրդավարություն դավանող «Ելք» դաշինքն է դրանից խուսափում... 
Դե ինչ, մի քիչ էլ համբերություն, եւ մեր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո կթեւակոխենք երկուշաբթի ու բոլոր հարցերի պատասխանները կստանանք, ու բոլորիս գլուխներն էլ կդինջանան: Բայց, թեեւ արդյունքը լավ կանխատեսելի է, այնուամենայնիվ, չարժե, որ մեր քաղաքացիները «Վիվարոյում» խոշոր խաղադրույքներ դնեն այն հարցով, թե քանի կուսակցություն կմտնի խորհրդարան: Քանի որ այս ընտրությունների ամենաանկանխատեսելի երկու բաղադրիչները հետեւյալն են` քանի տոկոսանոց երկրորդ տեղ է լինելու Ծառուկյան դաշինքը, եւ ինչպես կդասավորվի ընտրապայքարի աուդսայդերների քաղաքական ճակատագիրը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց․․․»․ Վիգեն Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА