ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ ընտրողը ցուցաբերեց պատմական ողջախոհություն»

04.04.2017 19:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայ ընտրողը ցուցաբերեց պատմական ողջախոհություն»

Խորհրդարանական ընտրություններն այլեւս պատմական իրողություն են: Նախնական հաշվարկով` ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, Ելքը` 9, ՀՅԴ-ն` 7: Կայացած ընտրությունների մասին առիթ ունեցանք զրուցելու ՌԴ նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԻ հետ: Նրա գնահատմամբ` հիանալի ընտրություններ են անցկացվել, եղել են շատ քիչ ընտրախախտումներ, մեծ քանակով միջազգային դիտորդներ են մասնակցել եւ ոչ մի լուրջ ընդհարում տեղի չի ունեցել:

Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. «Փաստ»

ԵՐԲ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ՉՕԳՆԵՑԻՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՖՈՆԴԵՐԸ

– Պարոն Մարտինով, որքանո՞վ էր սպասելի Ձեզ համար հայաստանյան խորհրդարանական ընտրությունների նման արդյունքները:

– Սա Հայաստանում առաջին ընտրություններն էին` սահմանադրական բարեփոխումներից հետո, եւ արդեն կարելի է համարել, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Ինչ վերաբերում է արդյունքներին, դրանք ոչ մի անակնկալի չբերեցին, որովհետեւ հենց այսպիսի արդյունք էլ կանխատեսվում էր: Իմ կարծիքով` ամենակարեւորն այս ընտրություններում այն էր, որ  իշխող Հանրապետական կուսակցությանը վստահություն հայտնեցին ընտրողների 50 եւ ավելի տոկոսը, իսկ բավական լուրջ զանգված էլ աջակցություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին, որը, ինչպես գիտեք, ոչ միայն բավական հայտնի է իր հայրենիքում, այլ նաեւ հայտնի է որպես լուրջ բիզնեսմեն Ռուսաստանում: Ուստի` պետք է ասել, որ Հայաստանի զարգացման վեկտորը` Եվրասիական ինտեգրացման եւ անվտանգության ապահովման այնպիսի համակարգով, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, եւս մեկ անգամ հաստատվում է: Ընդ որում` հաստատվում է հայ ժողովրդի զգալի մեծամասնությամբ եւ, ըստ էության, կշարունակվի հենց այդպես: 

– Ի դեպ, ինչպես գիտեք, ընդգծված արեւմտամետ քաղաքական ուժերից «Ազատ դեմոկրատներն» ու ՕՐՕ դաշինքը չկարողացան հաղթահարել ընտրաշեմը եւ անցնել խորհրդարան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ուշագրավ էր այս ձախողումը, որովհետեւ, այսպես կոչված, արեւմտամետ քաղաքական ուժերին, որոնց շուրջ բավական մեծ աղմուկ կար եւ տարակուսանք, մեծ գումարներ եւ տեխնոլոգիական ուժեր էր տրամադրվել ԱՄՆ դեսպանատան, արեւմտյան ֆոնդերի կողմից, որոնք ակտիվորեն աշխատում են Հայաստանի տարածքում: Հասկանալի է, որ ֆինանսական ասպեկտը հաշվի առնելով` այսպիսի քաղաքական ուժերը ոչ հարուստ երկրի ոչ հարուստ ընտրողների համար վերջին տեղում չեն: Բայց, ամեն դեպքում, կարող ենք փաստել, որ հայ ժողովուրդը, հայ ընտրողը ցուցաբերեց պատմական ողջախոհություն եւ ընտրեց այն զարգացման վեկտորը, որի ուղղությամբ վերջին մի քանի տարիներին ակտիվորեն գնում է իշխող Հանրապետական կուսակցությունը: 

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԸ, ՈՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀՀԿ-Ն ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԲԱՎԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԷՐ»

–Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը, ինչի շնորհիվ նրանք անգամ միայնակ կարող են ԱԺ-ում կայուն մեծամասնություն լինել:

Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին

– Այստեղ պետք է նշեմ մի քանի ամիս առաջ նշանակված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանգամանքը, որն իսկապես կարողացավ շատ քիչ ժամանակամիջոցում լուրջ ներդրում ունենալ իշխող Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա: Կան տեսակետներ, թե նա քարոզարշավի ընթացքում արեւմտյան տեխնոլոգիաներ է կիրառել, բայց ես համաձայն չեմ: Ավելի ճիշտ` այստեղ խոսքը նոր քաղաքական, ընտրական տեխնոլոգիաների ներդրման մասին է, որը բոլորովին էլ հետ չի մնում ժամանակակից արեւմտյան տեխնոլոգիաներից: Իրականում այս հարցում իշխող Հանրապետական կուսակցությունն առաջ հետ էր մնում շատ օպոզիցիոն, արեւմտյան ուժերից, սակայն այս ընտրություններով կարելի է ասել, որ տեխնոլոգիական ուղենիշը, որը ցույց տվեց ՀՀԿ-ն ողջ քարոզարշավի ընթացքում, բավական բարձր էր իր մրցակիցներից, ինչի արդյունքն այսօր ակնհայտ է:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք նոր ընտրակարգը:

– Հետաքրքիր կլիներ մեզ համար եւս դասեր քաղել էլեկտրոնային քվեարկությունից: Այս անգամ հայաստանյան ընտրությունների ժամանակ կիրառվեց էլեկտրոնային քվեարկություն` որոշակի շրջանակի համար, թեպետ նրանք մեծ թիվ չէին կազմում: Այն  մարդիկ, որոնք չէին կարող ընտրատեղամասում քվեարկել (դեսպանները, հյուպատոսները, զինվորականները, որոնք գտնվում են գործուղման մեջ) հնարավորություն ունեցան քվեարկելու համացանցի միջոցով: Մեզ մոտ շատ է խոսվում այդ մասին, բայց գործնականում մենք դեռ դրան չենք հասել: Այդ առումով` ես խորհուրդ կտամ մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ԿԸՀ փորձագետներին ուսումնասիրել հայկական փորձը եւ հնարավորության դեպքում` այն կիրառել նաեւ մեզ մոտ: Սա եւս կարեւոր ներդրում է ընտրական գործընթացում:

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է»

–Ամեն դեպքում, գտնվեցին քաղաքական ուժեր, արտասահմանյան դիտորդներ, որոնք քննադատեցին կայացած ընտրության արդյունքները: Նրանցից ոմանք նշում են իշխող կուսակցության լծակների մասին, մյուսները` զարմանում, թե ինչու ՀՀ քաղաքացին նախընտրեց ՀՀԿ-ի առաջարկած «Առաջընթացն ու անվտանգությունը» եւ ոչ թե, ասենք, սոցիալ-տնտեսական զարգացման մասին ամենաճոխ խոստումները:

– Ինչ վերաբերում է լուրջ լծակներին, ցույց տվեք ինձ աշխարհում մի երկիր, որտեղ այլ կերպ է, եւ ամենամեծ լծակներն իշխանության ձեռքում չեն: Այդպես չի լինում: Պարզապես, այն, որ այսօր ՀՀ ընտրողն իր մեծ վստահությունը հայտնեց իշխող կուսակցությանը եւ նրա լիդերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, կարծում եմ` պետք է համապատասխանել այդ վստահությանը, եւ համոզված եմ, որ այդպես էլ կլինի:
Անդրադառնալով հարցի երկրորդ մասին` ես կարող եմ սխալվել, բայց, ըստ իս, այսօր ողջ Հայաստանի, այդ թվում` բոլոր քաղաքական ուժերի համար, անկախ իրենց քաղաքական հայացքներից, առաջին հերթին մտահոգում է անվտանգ ապագան: Այսօր Հայաստանի շուրջ բավական լարված իրավիճակ է, եւ այն կապված չէ միայն անհանգիստ հարեւանով հարավում կամ ոչ միանշանակ հարեւանով արեւմուտքում: Հայաստանը գտնվում է տարածաշրջանի խնդիրների էպիկենտրոնում, հետեւաբար մարդկանց համար հիմա ամենակարեւորն անվտանգություն է: Իսկ անվտանգության երաշխիքը Հայաստանի համար Ռուսաստանն է, դրա համար ընտրության արդյունքներն այսպիսին են: Ավելին` նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք խաղում էին արեւմտամետ դաշտում, իրենց ձայները տվել են Հանրապետական կուսակցությանը: Համենայնդեպս, հեռվից այսպես է երեւում:

«Ժամանակ». Ադեկվատը. Ծառուկյանը որոշել է փոխել քարոզարշավի ֆորմատը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА