o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

19.04.2017 21:45 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

2017 թվականը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների համար սկսվել եւ շարունակվում է ակտիվ մրցաշարային փուլով: Եվ ուրախալի է, որ հայ բռնցքամարտիկները կարողանում են բավական տպավորիչ արդյունքներ գրանցել: Թբիլիսիում ավարտված Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրին 8 բռնցքամարտիկներ, որոնցից 7-ը դարձան մեդալակիր: Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակիչում պարտվել են եւ ստացել արծաթ, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը՝ բրոնզե մեդալ: 

Մրցաշրջան-2018. Հայկական սպորտի նվաճումները

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին, իհարկե, սաների այսպիսի արդյունքը գոհացրել է: Ընդ որում, սա միջին կարգի մրցաշար չէր, եւ բավականի ուժեղ կազմ էր հավաքել: Ընդունող երկիր Վրաստանն ուժեղագույն կազմով մասնակցեց մրցաշարին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականները նունպես մրցունակ կազմ էին ընտրել: 

Դեռ «Ստրանջա-2017»-ը ցույց տվեց, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներուժը թույլ է տալիս ցանկացած մրցաշարում, տարբեր քաշային կարգերում հավակնել մեդալների: Սակայն նաեւ, որ ներուժի առկայությամբ էլ՝ դեռ խնդիրներ կան: Այսպես, Ստրանջայում Հայաստանի 9 ներկայացուցչից եզրափակիչ հասավ միայն Հովհաննես Բաչկովը, ով դարձավ ոսկե մեդալակիր: Բայց եթե Բաչկովի տեխնիկական պատրաստվածությունն ու փորձը թույլ են տալիս ցանկացած մրցակցության պայմաններում պայքարել չեմպիոնի կոչման համար, մյուս մարզիկները անհրաժեշտ մարզավիճակի հասնելու խնդիր ունեին: Բացի այդ՝ զգացնել է տալիս միջազգային մրցաշարերի մասնակցելու փորձի պակասը: Եվ դրանից հետո կայացած Թբիլիսիի մրցաշարի արդյունքները հուշեցին, որ մարզչի եւ մարզիկների աշխատանքը ճիշտ հունով է ընթանում: 

Արդյունք ունեցանք նաեւ Գերմանիայի Հալե քաղաքում կայացած «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարում: Այստեղ Հովհաննես Դանիելյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էկվադորցի բռնցքմարտիկին: Իսկ Հայաստանի հավաքականի անդամներ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որոնք դեռ մասնակցում են նաեւ երիտասարդների տարիքային խմբերի մրցաշարերին, Ռումինիայի Բրաիլա քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում նվաճել են բրոնզե մեդալներ: 

Առջեւում՝ հունիսի 14-26-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին հայ բռնցքամարտիկներն արդեն պատրաստվում են: Մայիսի վերջին թիմը կմեկնի Վարշավա, որտեղ մեր թիմը համատեղ հավաք եւ ընկերական մրցամարտեր կանցակցնի Լեհաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, նախատեսվում է ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА