ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ պետք է անենք, որ հզորագույն բանակ ունենանք». Պարգեւ Սրբազան

10.05.2017 18:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ամեն ինչ պետք է անենք, որ հզորագույն բանակ ունենանք». Պարգեւ Սրբազան

Մայիսյան եռատոնի առթիվ «Իրավունքը» զրուցեց Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գերաշնորհ Տեր ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախեւառաջ շնորհավորեց ողջ հայ ազգին՝ փառավոր եռատոնի առթիվ, ապա անդրադարձավ Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման հաղթանակների կարեւորությանը:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

«1945 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

– Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակով  Հայաստանը փրկվեց երկրորդ ցեղասպանությունից, որովհետեւ այլ դեպքում Թուրքիան կմտներ Հայաստան: Իսկ 1992 թվականի մայիսի 9-ին մենք ազատագրեցինք մեր պատմական Արցախի Շուշի մայրաքաղաքը, եւ այդ օրը նաեւ մեր Պաշտպանության բանակի հիմնադրման օրն է: Հենց այդ օրերին էր, որ բանակը կազմակերպվեց, մեկ կենտրոնական ղեկավարություն ունեցավ եւ դարձավ մեր հաղթանակի կարեւոր պատճառներից մեկը:

Սրբազան հայր, առ այսօր լեգենդներ են հյուսվում Շուշիի ազատագրման մասին: Ի վերջո, ո՞րն էր այդ հաղթանակի ֆենոմենը:

– Երբեք ադրբեջանցիները չէին սպասում, որ ճակատ-ճակատ, մայր ուղիով պիտի բարձրանանք Շուշի: Միեւնույն ժամանակ, չորս կողմից շրջապատեցինք Շուշին, ժայռերով տղաները մագլցեցին, մյուս կողքից էլ փակեցին քաղաքի հետեւի մասը եւ, ուղղակի, մեջտեղով ճեղքեցին ու գնացին առաջ: Այս հաղթանակի հիմքում դրված էր մեկ բան՝ բոլոր զինվորները եւ ողջ ժողովուրդը հավատում էր, որ Շուշին հաստատ պիտի ազատագրենք: Այսինքն՝ այս հարցում երկու միտք չկար, ընդհանրապես՝ կասկածի տեղ չկար: Այդ զորեղ ոգու եւ հզոր հավատքի շնորհիվ էր, որ երկու օրվա մեջ անառիկ բերդն ազատագրեցինք, որովհետեւ այն մեր ճանապարհն էր դեպի մայր Հայաստան: Այդ հաղթանակը մեծ բեկում մտցրեց ամբողջ պատերազմի տրամաբանության ընթացքի մեջ: Ու այդ հզոր ոգու դրսեւորումը տեսանք նաեւ մեկ տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեր 18-19 տարեկան տղաներից ոչ մեկը չլքեց իր դիրքը: Սա խիզախության գագաթնակետն էր, որով մինչեւ հիմա հիացած եւ ապշած եմ, թե ինչ լավ սերունդ ունենք, թե ինչպես են իրենց ծնողներն այդպիսի հզոր, խիզախ, նվիրյալ տղաներ դաստիարակել եւ նվիրել մեր ազգին: Իսկապես, ապրիլյան պատերազմը դարձավ շարունակությունը Շուշիի մեծագույն ֆենոմենի:  Դժվար է որեւէ պատերազմում պատկերացնել, որ 18-19 տարեկան տղան ռումբերի տակ չլքի իր դիրքը: Ավելին՝ նույնիսկ տղաներ կային, որ արյունաքամ էին, վիրավոր էին, բայց ոչ ոք չէր գնում իր դիրքերից: Դրա համար Աստծուն փառք եմ տալիս եւ շնորհակալ եմ մեր տղաներին ու իրենց ծնողներին:

«էդ որ ասում եք՝ երկրապահը վարկաբեկված է, արդեն մոռացա՞ք մեր փառավոր անցյալը»

«ՄԵՆՔ ԲԱՐԲԱՐՈՍ ԱԶԳ ՉԵՆՔ, ԵՎ ՍԱ ՍԱԴՐԱՆՔ ՉԷ՛»

Շուշիի ազատագրումից 25 տարի անց ի՞նչ է փոխվել քաղաքում եւ առհասարակ՝ մեր երկու հանրապետություններում:

– Շուշին աստիճանաբար վերանորոգվեց, ավելի գեղեցկացավ, օժտվեց նոր շինություններով, իսկ հին շինությունները վերանորոգվեցին: Այստեղ է տեղափոխվել Արցախի մշակույթի նախարարությունը, տեխնիկումը, գյուղատնտեսական ակադեմիան, քոլեջները, մի քանի թանգարաններ բացվեցին: Շուշին սկսում է ստանալ իր հինավուրց փայլը: Բայց ամենակարեւորը՝ 25 տարվա ընթացքում ունեցանք, որպես մեկ հայրենքի հզոր երկու անկախ հանրապետություններ: Եվ այսօր էլ հզորանում է մեր բանակը, կամաց-կամաց տնտեսությունն էլ է զարգանում: Ճիշտ է, խնդիրներ ունենք եւ դեռ ունենալու ենք, բայց աստիճանաբար բազմաթիվ լուծումներ ենք գտել, եւ պիտի ասեմ, որ բարեբախտաբար, հզորացման ճանապարհին ենք: Մանավանդ Արցախի մասով կարող եմ հստակորեն վկայել, որ մեր երկիրը հզորանալով հզորանում է: Բազմաթիվ սոցիալական խնդիրներ են լուծվել. բոլոր զոհվածների ընտանիքներին բնակարաններ են տրվել, հաշմանդամներին՝ ավտոմեքենաներ, բազմազավակ ընտանիքների համար տներ են կառուցվում: Այս ոլորտում, իսկապես, մեծ հաջողություններ ունեցանք այս տարիների ընթացքում:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն վերջերս հայտարարել էր, թե Շուշիի մզկիթի վերականգնումը հայերն իրականացրել են սադրիչ նպատակներով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պարսիկներն էին կառուցել այդ մզկիթը, եւ վերանորոգեցինք այն, որպես կրոնական մշակութային կոթող: Սա ճիշտ եւ համամարդկային մոտեցում է: Մենք բարբարոս ազգ չե՛նք, եւ սա սադրանք չէ՛: Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք բազում եկեղեցիներ միշտ էլ քանդել են, մենք այդպես երբեք չենք վարվում, ավելին՝ այսօր կանգուն մնացել է նաեւ Աղդամի մզկիթը:

«Մարդիկ քննադատում են՝ մոռանալով, թե իրենք ով են». ազատամարտիկը բարկացավ

«ՍԱ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ՛,  ԱՅԼ ՀԻՄՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՏԱՐՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ Է»

Ի դեպ, նախ Ալլահշուքյուր Փաշազադեն, ապա նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարեցին, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ՝ նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ հայերի, ռուսների եւ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդների միջեւ: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից Արցախի հիմնախնդրի հարցում:

– Հանդիպումը, իհարկե, ողջունելի է, եւ այն առաջին անգամ չէ, մենք մի քանի անգամ ունեցել ենք այսպիսի հանդիպումներ, որը կարծում եմ՝ օգտակար է ե՛ւ Ադրբեջանի ժողովրդի համար, ե՛ւ հայ ազգի համար: Երբ կրոնապետները խաղաղ կոչով դիմում են իրենց ժողովուրդներին, այն ունենում է իր արդյունքները: Թեեւ ուժեր կան, որ փորձում են ինչ-որ կրոնական երանգ տալ, բայց սուտ է, միշտ էլ ասել ենք, որ սա կրոնական պատերազմ չէ՛, այլ հիմքում ընդամենը մարդու տարրական իրավունքների պայքարն է, որի համար էլ մեր ժողովուրդը ոտքի ելավ: Եվ բոլոր ջանքերն այսօր պետք է ուղղենք, որպեսզի խաղաղությամբ, սեղանի շուրջ այս հարցը լուծենք, որովհետեւ ոչ ոք չի կամենում պատերազմել ու կորուստներ ունենալ:

Այս օրերին շատ է խոսվում ազգ-բանակ գաղափարի մասին, Ձեր կարծիքով որքանո՞վ է հաջողվում այսօր այն իրականություն դարձնել:

– Նախ ասեմ, որ ազգ-բանակ գաղափարը շատ արդիական է: Իսկապես, ազգովի պետք է լինենք մի բանակ՝ թե՛ Քրիստոսի բանակ՝ հավատքի իմաստով, թե՛ հայրենիք պաշտպանելու իմաստով: Ճիշտ է, բոլորս խրամատներում չենք, բայց ամեն մեկս մեր տեղում ամեն ինչ պետք է անենք, որ հզորագույն բանակ ունենանք, որովհետեւ բանակից է կախված մեր լինել-չլինելը, մեր ազատությունը, մեր անվտանգությունը: Դրա համար ազգովի բանակի պիտի վերածվենք: Հասարակությունը, մտավորականը, եկեղեցականը, գիտնականը, բոլորս պետք է բանակի կողքին կանգնենք, որովհետեւ բանակն է երաշխավորը մեր կյանքի, խաղաղության ու նորմալ զարգացման:

«Կարգապահական հանձնաժողովը ոչ թե պատժում, այլ հնարավորություն է ընձեռում…»

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՏԵՍԱՎ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎՏԱՆԳԸ»

Ազգ-բանակ գաղափարին զուգահեռ այսօր Հայաստանում ակտիվորեն գործում են եւ շատանում «Եհովայի վկաները», որոնք դեմ են անգամ բանակում ծառայելուն: Ըստ Ձեզ, արդյոք ժամանակը չէ արգելել նրանց գործունեությունն օրենքի ուժով, ինչպես վարվեց Ռուսաստանը:

– Ցավոք սրտի եմ արձանագրում, որ մեր հայրենիքում, մեր ազգի մեջ ի հայտ եկան աղանդավորներ: Ցավալի է, որ մեր ժողովրդի մի զանգվածը շեղվել է ճշմարիտ հավատքից եւ օտարների բաժին է դարձել: Հուսանք` մի օր բոլորը դարձի կգան: Իսկ ինչ վերաբերում է օրենքներ ընդունելուն, սա արդեն կախված է մեր Հայաստանի իրավապաշտպան մարմիններից եւ միգուցե Ազգային ժողովից, որպեսզի նման որոշումներ ընդունեն: Սա արդեն իրենց քննարկման հարցն է: Իսկ Ռուսաստանն, այո՛, տեսավ «Եհովայի վկաների» գործունեության մեծագույն վտանգը, քննեց եւ ապացույցներ ներկայացրեց, որից հետո էլ որոշում կայացրեց նրանց գործունեության դադարեցման՝ ի պաշտպանություն իր ժողովրդի, իր ազգի, իր գալիք սերունդների: Հուսամ՝ Հայաստանն էլ կկարողանա հետեւել այդ օրինակին: Ի դեպ, մենք գիտենք, որ եվրոպական երկրներ էլ կան, որտեղ արգելված են «Եհովայի վկաների» գործունեությունը, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА