ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թաքցնելու բան չկա, իհարկե, Ծառուկյանն է օգնել, որ քարոզարշավը կազմակերպենք»

12.05.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թաքցնելու բան չկա, իհարկե, Ծառուկյանն է օգնել, որ քարոզարշավը կազմակերպենք»

«Ծառուկյան» դաշինք` արդեն խորհրդարանական խմբակցությունում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Խմբակցության ակնառու դեմքերը դեռ իրենց հաշիվները չեն պարզել դաշինքի «անհնազանդ» ութ պատգամավորների հետ, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեղարկեցին դաշինքի ներկայացրած առեղծվածային ինքնաբացարկի դիմումները եւ որոշեցին, այնուամենայնիվ, անցնել խորհրդարան` վերականգնելով իրենց պատգամավոր դառնալու իրավունքը: Տեղի ունեցածի, ինչպես նաեւ կրկին խորհրդարանում իր հայտնվելու մասին «Իրավունքը» զրուցեց Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից վարկանիշային ընտրակարգով նույն դաշինքից ընտրված պատգամավոր ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, այն երջանիկների թվում էր, որը չէր հայտնվել դաշինքի «սեւ ցուցակում»:

«Քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելը ընտրական իրավունքի խախտում է»

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՄ ՄՏՆԵԼՈՒ ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ»

–Պարոն Գրիգորյան, որպես ընտրված պատգամավոր, օրենսդրական դաշտում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում, որոնք կփորձեք բարձրաձայնել Ազգային ժողովում:

– Նախ ասեմ, որ առաջին անգամ չէ, խորհրդարան եմ մտնելու արդեն երրորդ անգամ: Գիտեք, այսօր հատկապես Շիրակը համարվում է մեր հանրապետության աղքատության չափանիշով ամենաաղքատ մարզերից մեկը, գործազրկության չափանիշով նույնպես ամենամեծն է: Իհարկե, լուրջ խնդիրներ կան, եւ այդ խնդիրների լուծման համար հարկավոր է լուրջ աշխատանք: Հիմնականում այսօր Ազգային ժողովում հարկավոր է ընդունել այնպիսի օրենքներ, որպեսզի մարդիկ, ովքեր գումարներ ունեն, կարողանան գալ եւ այդ գումարները ներդնել Շիրակի մարզում: Այլապես մեր պետական բյուջեն հնարավորություն չի տալիս այն քանակի աշխատատեղեր ստեղծել, որն անհրաժեշտ է այսօր Շիրակին եւ հնարավորություն չի տալիս լուծել այն սոցիալական հարցերը, որոնք կուտակվել են մեր մարզում:

– Փաստորեն, պատրաստվում եք համալրել ակտի՞վ պատգամավորների շարքերը: 

– Ժամանակը ցույց կտա, բայց էլի եմ ասում` եղել եմ ե՛ւ Գերագույն խորհրդի, ե՛ւ Ազգային ժողովի պատգամավոր եւ կարծում եմ` իմ ակտիվությունն հենց այդ անցած ճանապարհից կարող եք ճշտել:

«ԲՈԼՈՐՆ ԷԼ ՇԱՏ ԼԱՎ ՏԵՂՅԱԿ ԵՆ ԵՂԵԼ, ԹԵ ԻՆՉԻ ՏԱԿ ԵՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ»

–Ինչպե՞ս եք վերաբերվում «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած ինքնաբացարկների շուրջ բարձրացված աղմուկին: Մասնավորապես` այդ ինքնաբացարկների թվում ութ ընտրված պատգամավոր հայտարարում էին, որ իրենք որեւէ ինքնաբացարկի դիմում չեն ստորագրել:

– Թեպետ այսօր որոշ ընկերներ ասում են, թե տեղյակ չեն եղել, բայց կարծում եմ, որ բոլորն էլ շատ լավ տեղյակ են եղել, թե ինչի տակ են ստորագրում: Ստորագրելու ժամանակ այդ բոլոր հարցերը քննարկվել են, եւ նոր հեծանիվ ստեղծելու խնդիր չի եղել:

– Այսինքն` Դուք ե՞ւս նախապես ինքնաբացարկի ստորագրած  դիմում ունեիք:

– Իհարկե ունեմ, եւ եթե հանկարծ կուսակցությունը ու հատկապես խորհուրդը նպատակահարմար գտներ, որ ես պետք է չաշխատեի Ազգային ժողովում, ապա չէի աշխատի: Ես առաջադրվել էի վարկանիշային ընտրակարգով եւ իմ քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասել եմ` ժողովուրդ ջան, ես Ազգային ժողով կգնամ միայն ձեր քվեների վստահության արդյունքում, համամասնական ցուցակով Ազգային ժողով չեմ գնալու: Վերցրեք նայեք Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում եւ քաղաքի տարբեր մասերում ազգաբնակչության հետ իմ հանդիպումների տեսագրությունները, միշտ նույն կոչով եմ հանդես եկել: Հետեւաբար, եթե վարկանիշայինով չանցնեի, Ազգային ժողով չէի գնա: 

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում 2 նախագահ, 3 քարտուղար. Տիգրան Մուկուչյան

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ԿՈՂՔԻՆ Է ԵՂԵԼ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ»

–Ի վերջո, սա վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորների հաղթանակն է, թե՞ դաշինքի առաջնորդի:

– Իհարկե, Գագիկ Ծառուկյանի ֆակտորը շատ մեծ էր: Կարծում եմ` շատ քաղաքական ուժեր չէին ուզում, որ նա քաղաքականություն վերադառնա հենց այդ պատճառով, որովհետեւ լավ գիտեին մեր ժողովրդի տրամադրվածությունը Ծառուկյան Գագիկ անձի եւ ընդհանրապես` իր գործունեության նկատմամբ:

– Դաշինքի մի շարք պատգամավորներ նշել են, թե իրենց քարոզարշավի ֆինանսավորումը հենց Գագիկ Ծառուկյանի կողմից է եղել: Հետաքրքիր է Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել:

– Դե գիտեք, թաքցնելու բան չկա, իհարկե Ծառուկյանն է օգնել, որ քարոզարշավը կազմակերպենք: Ընդհանրապես, ընտրություններին ամեն մեկիս կողքին է եղել Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս, իմ մասով կարող եմ ասել, որ օգնել է, որպեսզի քարոզարշավը կազմակերպեմ:

– Մոտավորապես ի՞նչ ծախսերի մասին է խոսքը:

– Ամեն դեպքում, ինչ եղել է, եղել է միայն ու միայն օրենքի շրջանակներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА