ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շփման գոտում պարբերաբար բախումներ են տեղի ունենում, մարդիկ են զոհվում, ինչը 21-րդ դարում անթույլատրելի է»

16.05.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շփման գոտում պարբերաբար բախումներ են տեղի ունենում, մարդիկ են զոհվում, ինչը 21-րդ դարում անթույլատրելի է»

Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի հրաձգարանի տարածքում օրերս տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 25-ամյակին եւ ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի դեսպանները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Հայաստանի ազգային անվտանգությունից եւ Ղազախստանից: Միջոցառման ընթացքում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻ հետ, որը նախեւառաջ անդրադարձավ ՀԱՊԿ-ի հոբելյանական տարեթվերին:

ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները

«ՀԱՊԿ-Ն ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է»

–Կարծում եմ` Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 25-ամյակը եւ ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակը շատ կարեւոր իրադարձություն է այն երկրների համար, որոնք մտնում են այս կազմակերպության մեջ: Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանում տեղի ունեցավ այս միջոցառումը, որին մասնակցում էին աշակերտներ: Նրանք արդեն իսկ գիտակցում են, որ պետք է ժառանգեն իրենց հայրերի եւ պապերի կատարած գործը: Այս ամենը հատկապես կարեւոր է` երիտասարդության դաստիարակության, նրանց հայրենասիրական ոգին բարձր պահելու եւ հասկանալու համար այն, ինչը մեզ միավորում է: Իսկ մեզ միավորող շատ բան կա: Վերջերս նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ ամյակը, եւ բոլորս տեսանք, թե ինչ մեծ զանգված էր մասնակցում «Անմահ գունդ» երթին, եւ ինչքան երիտասարդներ ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առաջ: Այս ամենը ոգեշնչող է: Երիտասարդությունը գիտի, հիշում է եւ հարգում իր նախնիներին, եւ կարծում եմ` այսպիսի վերաբերմունքը կփոխանցվի նաեւ հաջորդ սերունդներին:

– Պարոն դեսպան, ըստ Ձեզ, այսօր որո՞նք են ՀԱՊԿ-ի առաջ ծառացած մարտահրավերները:

– Նախ ասեմ, որ ՀԱՊԿ-ն առաջին հերթին ոչ թե բառիս բուն իմաստով ամբողջությամբ ռազմական կազմակերպություն է, այլ` ռազմաքաղաքական: Եվ, իհարկե, ՀԱՊԿ-ի գլխավոր առաջադրանքն այսօր կազմակերպության անդամ պետությունների սահմաններն ու սուվերենությունը պահպանելն է: Կազմակերությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, բայց այդտեղ առաջնահերթ եւ հիմնական է պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ թմրանյութերի վաճառքի եւ տրաֆիքինգի դեմ, որը հանցագործությունն է:

– Ձեր կարծիքով` առանցքային հարցերում այսօր անհամաձայնություններ չկա՞ն ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ:

– Չկան եւ չեն էլ կարող լինել: Իհարկե, ամեն պետություն ունի իր առանձին հետաքրքրությունները, բայց առանցքային հարցերում անհամաձայնություններ չկան:

«ԽԱՂԱՂԱՐԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ԿՐԱԿԻ ՏԱԿ»

–Օրեր առաջ արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության էր ենթարկվել «Դիրքերում» հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակն ու օպերատորը: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:

Էջմիածնի քաղաքապետը կշարունակի լիազորությունները. Արմավիրի մարզպետ

– Երբ ոտնահարվում է հումանիտար իրավունքը, կարծում եմ` չի գտնվի գեթ մեկ առողջ դատող մարդ, որը չի դատապարտի այն: Լրագրողները, բժիշկները եւ մյուս խաղաղարար մասնագետները չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ: Սա իհարկե, շատ տհաճ դեպք է, եւ այն պահանջում է դատապարտում: Ինչ վերաբերում է առհասարակ արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, պետք է ասեմ, որ շփման գոտում տեսնում ենք, որ պարբերաբար տեղի են ունենում բախումներ, հնչում են կրակոցներ, զոհվում են մարդիկ, ինչը 21-րդ դարում անթույլատրելի է: ԼՂ սահմանում անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը ուղղված առաջարկները, որոնք մշակվեցին Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում, պետք է օր առաջ կյանքի կոչել: 

– Իսկ կարելի՞ է ԼՂ հիմնախնդրի հարցում սպասել կոնկրետ քայլեր ՀԱՊԿ-ի կողմից:

– ՀԱՊԿ-ը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ: Ղարաբաղի հարցը պահանջում է երկկողմանի լուծում: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ՀԱՊԿ-ը երբեք հայտարարությամբ հանդես չի եկել, այլ խոսել է բացառապես կարգավորման անհրաժեշտության մասին: Որքանով ես տեղյակ եմ, ՀԱՊԿ-ի կողմից չեն հնչել կոնկրետ քայլերի վերաբերյալ տեսակետներ:

«ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾՆ ԱՐԺԱՆԻ Է ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ»

–Եվ վերջում եւս մեկ հարց. մայիսի 9-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված երթի ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել միջադեպ: Պատճառը եղել է այն, որ մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել են երթին մասնակցող հայերի շարքերն ու պահանջել վայր դնել Արցախի դրոշը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա շատ տհաճ միջադեպ էր: Մարդիկ դուրս էին եկել հարգելու իրենց նախնիների հիշատակը` բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Հայրենական մեծ պատերազմին: Եվ այսպիսի գլոբալ իրադարձությունը տեղափոխել միջազգային հարաբերությունները պարզելու հարթակ, համարում եմ` սխալ: Տեղի ունեցածն արժանի է դատապարտման, եւ, կարծում եմ, որ իհարկե, Ռուսաստանի իրավապահները գործել են ճիշտ եւ լավ: Վերջիվերջո, նրանց հաջողվել է կողմերին բաժանել, եւ երթը շարունակվել է: Ըստ իս, այդ միջադեպի թեման արդեն սպառված է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА