ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հզորի մեծահոգությամբ` ՀՀԿ-ն ամեն ինչ համբերատար տարավ»

17.05.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հզորի մեծահոգությամբ` ՀՀԿ-ն ամեն ինչ համբերատար տարավ»

Խորհրդարանական եւ քաղաքային ընտրական գործընթացներն ավարտվեցին, եւ գալիս է աշխատելու ժամանակը: Ամփոփելով Երեւանի ավագանու ընտրություններն ու անդրադառնալով վաղը մեկնարկող Ազգային ժողովի վեցերորդ գումարման աշխատանքներին` «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾՆ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՉԳՏԱՎ ԵՎ ՆՍՏԵՑ ՏԱՆԸ»

–Պարոն Նիկոյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

– Զարմացած չենք արդյունքներով, եւ սպասելի էր զուտ այնքանով, որ գիտեինք` մեր թեկնածուն` Տարոն Մարգարյանը, այս տարիների ընթացքում ինչ գործ է կատարել եւ ինչ հեղինակություն ունի Երեւան քաղաքում: Երեւանցիներն էլ շատ հստակ գիտեին, թե ում հետ կարող են իրենց հույսերը կապել, եւ ով կարող է Երեւան քաղաքի առջեւ ծառացած խնդիրները լուծել, գործնական դիրքերից խոսել, խոստումներ տալ եւ իրականացնել: Այդ առումով վստահ էինք, որ մոտավորապես հենց այդպես էլ կլինեին արդյունքները, բայց, ամեն դեպքում, աշխատեց ողջ կուսակցությունը, քաղաքական թիմը, համախոհները, որովհետեւ Հանրապետականը շատ լուրջ է վերաբերվում ցանկացած ընտրության` լինի փոքր համայնքի, Երեւան քաղաքի, թե` համապետական:

– Երեւանում, ԱԺ ընտրությունների համեմատ, այս ընտրություններին ընտրողների մասնակցությունն ավելի համեստ էր: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր սա պայմանավորված:

– Բնական է, որ ընդդիմությունն այն դեմքերով, ինչով հանդես եկավ, ընդհանուր պատկերն այսպես էլ պետք է լիներ: Ընդդիմադիր ընտրազանգվածն իր թեկնածուին չգտավ, որին կվստահեր ու կքվեարկեր, եւ նստեց տանը: Իսկ մենք կարողացանք մեր համախոհներին ակտիվացնել եւ նաեւ աշխատանքներ տանել այն մարդկանց հետ, որոնք տատանվում էին, թե ում ընտրեն: Այսօր մեր կատարած աշխատանքներից գոհ ենք, եւ կարծում եմ` Երեւանի ավագանին` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, մեծ անելիքներ ունի, որովհետեւ վստահությունը նաեւ պահանջում է մեծ աշխատանք: 

«ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ, ԱՅԼ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՌԻՎ ՏԱԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ»

–Մրցակիցները խոսեցին ընտրակաշառքների, կեղծիքների մասին, բայց պատրաստակամ եւ գոհ պատրաստվում են մանդատներ վերցնել: Ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը:

– Բոլոր նախորդ ընտրություններին քննադատությունը այն էր, թե ուռճացված են ցուցակները, ժողովրդի ընտրողների մի մասը Հայաստանում չէ, բայց նրանց փոխարեն քվեարկում են, քվեարկում են նաեւ մահացած մարդկանց փոխարեն, անձնագրեր են լրացուցիչ տպում, կարուսելներ են անում կամ փոխում են քվեարկության արդյունքները: Խորհրդարանական ընտրություններից հետո այս ամենի մասին լռեցին եւ կենտրոնացան ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների վրա: Մինչդեռ այսօր արդեն հասարակությունը գիտի, որ գնում է գաղտնի, ազատ քվեարկության, եւ իր ձայները արդարացիորեն հաշվում են: Հիմա դու նրան ինչքան ուզում ես ասա, որ իր վրա ճնշում կա, համոզել են իրեն, խնդրել են, կաշառել են, վախեցրել են, թեկուզ հազար հոգու ասել է, թե ում է քվեարկելու, միեւնույնն է, նա ընտրախցիկում քվեարկելու է այնպես, ինչպես մտածում է: Դրա համար էլ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ քաղաքային ընտրություններից հետո` ընտրողի կողմից որեւիցե բողոք կամ վրդովմունք չի եղել: Այդ իսկ պատճառով էլ մրցակիցները փոխեցին իրենց մարտավարությունը եւ ընտրողների հետ աշխատելու եւ ավելի համակիրներ ձեռք բերելու փոխարեն, սկսեցին աշխատել ոչ թե ընտրատեղամասերում, այլ Տարոն Մարգարյանի շտաբի վրա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

– Ի դեպ, ի՞նչ կասեք տեղի ունեցած միջադեպի մասին, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, պարզապես, փորձում էր ներխուժել Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ:

–  Մեր ընտրական պրակտիկայում 25 տարվա մեջ նման բան չի եղել, որ մրցակիցներն իրենց քարոզչական ենթադրյալ օգուտները փորձեն ստանալ դիմացինի շտաբի վրա հարձակումից: Եթե ուժով գնում մտնում ես այնտեղ, ու երբ դուրս են հրավիրում, դուրս չես գալիս եւ քեզ վերապահում ես օպերատիվ հետախուզական իրավասություններ, որը քննչական մարմիններն ունեն կամ ոստիկանությունը, ինձ համար անհասկանալի է: Հասկանում եմ, որ դա էլ քարոզչություն է, եւ յուրաքանչյուրն ուզում էր դրանով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները բերել դեպի իր կողմը, բայց գնա ընտրազանգվածի հետ աշխատի՛ր, այլ ոչ թե կռիվ տուր շտաբի հետ: Շտաբ մուտք գործել, գոռալ, մկաններ ցույց տալ, վիրավորել, ճնշել... Այս ամենը նրանք փորձում էին մեր հանդեպ ցուցադրել: Իսկ հզորի մեծահոգությամբ` ՀՀԿ-ն ամեն ինչ համբերատար տարավ: Մենք չմտանք փողոցային լեզվակռվի մեջ, նրանց հերյուրանքներին չփորձեցինք էլ պատասխանել, որովհետեւ անիմաստ է մտնել լեզվակռվի մեջ, երբ ունես ընտրողներ եւ քո խոսքը պետք է ուղղես նրանց: Սակայն մեր մրցակիցները ընտրողների հետ չէին ուզում աշխատել, այլ ուզում էին կռիվ տալ Տարոն Մարգարյանի հետ: Անհասկանալի նոր բան էր նաեւ թեկնածուի տուն գնալը եւ ինտրիգներ հրահրելը, ինչն ընտրողն էլ չընդունեց եւ պատժեց այդ վարքագծի համար: 

ԿԱՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՔԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

–Անդրադառնանք նաեւ խորհրդարանական ընտրություններին, որի գլխավոր ինտրիգը կավարտվի այսօր, երբ իշխող կուսակցությունը կորոշի, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահն ու տեղակալները: Այս առումով հնարավո՞ր են մեծ անակնկալներ:

– Չեմ ուզում մտնել անակնալների կամ առավել եւս` գուշակությունների դաշտ, ինչը ցանկանում են անել լրագրողները: Միգուցե, լրագրության տեսակետից սա հետաքրքիր է, բայց զուտ մարդու համար, որը կուսակցության ղեկավար մարմնի անդամ է, բնական է, որ այդ ճանապարհն ինձ համար չէ: Իսկ թե ինչու ենք հանրությանը մեր տեսակետն այսքան ուշ ասում, պարզաբանեմ` եթե մեր կուսակցությունն ունենար մեկ հնարավոր թեկնածու, երեւի թե, կարելի էր դրա մասին միանգամից ասել եւ վերջ, բայց երբ կան մի քանի թեկնածուներ, կարծում եմ` մինչեւ վերջին պահը պետք է մտածել, քննարկել, հազար ու մի գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել: Ինձ թվում է` այդ իմաստով այս գործընթացն ավելի ճիշտ է: Ինչպես տեսաք, Երեւան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն է, որովհետեւ անառարկելի լիդերություն ուներ այդ հարցում, բայց ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ մնացած բոլոր հարցերում բավականին մտածելու, մտորելու խնդիր կա, ինչը մենք այսօր կքննարկենք:

Քանդակագործը 2 տարի առաջ կանխազգացել էր հեղափոխությունը (տեսանյութ)

– Այսինքն` ոչ միայն հանրության համար է դեռեւս գաղտնի, այլ նաեւ կուսակցության ներսո՞ւմ էլ պարզորոշ չէ, թե ովքեր են հիմնական թեկնածուները:

– Թեկնածուների անունները, ընդհանուր առմամբ` իհարկե, պարզորոշ է, բայց հիմա հավանաբար կքննարկվի, թե այդ թեկնածուներից որ մեկը կլինի:

– Իսկ ՀՅԴ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը ենթադրո՞ւմ է նաեւ Ազգային ժողովում լծակների ավելացում:

– Կարծում եմ` քաղաքականությունը եւ պառլամենտարիզմը չպետք է քաղաքագիտական կանոններից շեղվեն: Մենք կոալիցիոն գործընկերներն ենք, բայց յուրաքանչյուրը պետք է իրականացնի այն գործառույթները, որքանով հանրությունը տվել է այդ վստահությունը իրեն: Ըստ իս, մեծ շեղումներն անթույլատրելի կլինեն: Ուղղակի այստեղ շատ կարեւոր է, որ առաջին անգամ արձանագրվել է, որ յուրաքանչյուր կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար: Սա ճիշտ ամրագրում է, որովհետեւ մենք ունենք դառը փորձ, երբ մեր բոլոր գործընկերներն ասում էին` դե մենք ինչ կարող ենք անել, միայն կարող ենք պատասխանատվություն կրել այն ոլորտների համար, որտեղ նախարարներ ունենք: Արդյունքում անհասկանալի էր դառնում իրավունքի եւ պատասխանատվության խնդիրը, եւ բոլոր հարցերում միշտ մեղադրում էին մեզ` իշխանությանը, այնինչ կոալիցիոն կառավարություն ունեինք: Հիմա խնդիրը քաղաքագիտորեն շատ ճիշտ է ձեւակերպված` երկու կուսակցություններն էլ պատասխանատու են կառավարության ամբողջ գործունեության համար եւ, իհարկե, որոշումներն ընդունելու են կոնսենուսի, համախոհության սկզբունքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА