ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր խնդիրն է, որ վիրավոր զինվորը սկսի լիարժեք ակտիվ կյանքով ապրել»

02.06.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Մեր խնդիրն է, որ վիրավոր զինվորը սկսի լիարժեք ակտիվ կյանքով ապրել»

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաեւ ռազմաբժշկական ոլորտում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նախ նշեց, որ ճիշտ է, պատերազմը ահավոր երեւույթ է, բայց պատերազմի մեկ օրվա տված փորձը խաղաղ պայմաններում չենք կարող ստանալ: Ապա անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք իրականացվել են 2016-ի ապրիլից հետո:

«Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն». վարչապետը չի՞ տիրապետում իրավիճակին

«ՀՐԱՇՔ Է, ՈՐ ՆՐԱՆՔ ԱՅՍՕՐ ԿԱՆ»

–Նախ ասեմ, որ մարտական գործողություններից հետո հասկացանք, որ վերականգնողական բուժումը պետք է կատարել անմիջապես վերակենդանացման բաժանմունքի մահճակալի կողքին, ոչ թե սպասենք զինվորը դուրս գրվի, գնա «Կարմիր խաչ» եւ այլն: Բուժման այդ հատվածը համարվում է թանկարժեք շրջան, որը չպետք է բաց թողնենք:  Մեր վիրավորները, ովքեր այսօր ինչ-որ մի ձեւով ինքնուրույն կարողանում են մինչեւ անգամ նստել, հավատացեք, դա էլ է ձեռքբերում: Պարզապես, անհրաժեշտ է այսօր լուծել որոշակի տեխնիկական հագեցվածության խնդիրներ եւ պատրաստել համապատասխան կադրեր, որի դեպքում բուժումն ապահովելու առումով մեր բժիշկները, վստահ եղեք, որ չեն տարբերվի նույն Գերմանիայի ու մյուս երկրների մասնագետներից:  Այսինքն՝ վերականգնողական բուժումը պետք է լինի մեր հիմնական գործերից մեկը: Այս ոլորտը պետք է լավագույնս կայանա, որովհետեւ այն անհրաժեշտություն է դարձել: Անգամ  բարեգործներ գտնվեցին, որոնք ուզում էին մեր կենտրոնական հոսպիտալի տարածքում վերականգնողական կենտրոն բացել, ուղղակի, դեռեւս ժամանակի եւ աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրներ կան:

– Պարոն գնդապետ, 25 տարի չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրում չե՞ք կարծում, որ վաղուց էր պետք մտածել այս մասին:

– Այնպես չէ, որ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել: Դեռեւս 1988-ի երկրաշարժից հետո ստեղծվեց «Կարմիր խաչը»: Ունենք նաեւ  Ֆիզոթերապիայի ինստիտուտը, նորաստեղծ «Քայլմեդ» կազմակերպությունը, որը բավական ակտիվ աշխատանք է իրականացնում: Ավելին ասեմ՝ ապրիլյան պատերազմից հետո ունենք այնպիսի վիրավորներ, որոնք վիճակագրության համաձայն, այլ երկրներում չեն ապրում, եւ հրաշք է, որ նրանք այսօր կան: Ու այդ հրաշքները կատարվել են հոսպիտալներում գտնվող մեր բժիշկների շնորհիվ: Եվ այն, ինչ այսօր ունենք, ուղղակի, ապշեցուցիչ է, մենք չէինք սպասում: Այստեղ, իհարկե, հոգեբանական պահն էլ կա, թե ինչքանով ձգտում ունի վիրավոր զինվորը, որպեսզի ոտքի կանգնի: Բայց, միեւնույնն է, դեռ զարգանալու տեղ ունենք, հատկապես վերականգնողական բուժումներ կազմակերպելու առումով: 

«ՄԵՆՔ ՆՊԱՏԱԿ ՉԵՆՔ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՐՏԱՔԻՆ ԴԵՖԵԿՏԸ ՓԱԿԵԼՈՒ»

–Այդուհանդերձ, մամուլում ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում լուրեր այս կամ այն վիրավոր զինվորի մասին, որի վիրահատությունը կամ բուժումն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Ինչո՞վ կբացատրեք այս ամենը:

«Պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել». բաց նամակ վարչապետին

– Խնդիրն այն է, որ մենք նպատակ չենք հետապնդում, ուղղակի, արտաքին դեֆեկտը փակելու: Հավատացեք, մենք այդ դեֆեկտը կարող ենք փակել, ինչպես նախկինում արվել է՝ կոպիտ ասած, վերցնում ենք տիտանից, պլաստմասե կամ ինչ-որ այլ նյութից պատրաստված դետալ, տաշում, հարմարեցնում, դնում տեղը, փակում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է: Բայց հետագայում հիվանդը բազմաթիվ խնդիրներ կարող է ունենալ գանգատների տեսքով՝ գլխացավեր եւ այլն: Այսինքն՝ կյանքի որակը փոխվում էր միայն արտաքինից: Այնպես որ, մենք գիտենք արագ անելու տարբերակը, բայց մեր խնդիրն է, որ նույն այդ վիրավոր զինվորը սկսի ակտիվ կյանքով ապրել ու ոչ թե միայն վերականգնումից հետո իր արտաքինը հայելու մեջ տեսնելով եւ հիանալով: Մենք կարող ենք նաեւ նմանատիպ նյութեր բերել ինչ-որ մի երրորդ կարգի պետությունից ու ավելի արագ իրականացնել վերականգնումը, բայց փորձում ենք ձեռք բերել գերմանականը կամ իտալականը, որոնք լավագույնն են: 

– Դրանո՞վ է պայմանավորված, որ Թալիշում մարտական գործողությունների ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանի  գանգի պլաստիկայի տեղադրումը դեռ չի կատարվել:

– Այն ընթացքի մեջ է: Այստեղ հարցը ժամանակը չէ, թե այսքան ժամանակում պիտի ավարտենք: Եթե ուզում ենք անել լավ, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի հետագայում խնդիր չունենանք: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում, չենք կարող, ուղղակի, վերցնել եւ «կանվիերի» նման բոլորին անցկացնենք: Ամեն մեկի համար մտածում ենք այնպես անել, որ լինի վերջնական, որպեսզի այլեւս այդ զինվորին անդրադառնանք միայն՝ որպես հասարակության լիարժեք անդամի:

«ՆՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ»

–Պարոն Խաչատրյան, իսկ Ձեր վարչությունը ինչ-որ միջոցառումներ իրականացնո՞ւմ է բանակում ինքնասպանությունները բացառելու ուղղությամբ: 

– Իհարկե, աշխատանքներ տարվում են: Մենք յուրաքանչյուր պաթոլոգիա, յուրաքանչյուր հիվանդություն, յուրաքանչյուր իրավիճակային ռեակցիա մանրակրկիտ վերլուծության ենք ենթարկում: Շատ դաժան իրավիճակ է, երբ անձը կարողանում է սեփական օրգանիզմը ոչնչացնել: Սա կարող է կամ գենետիկորեն փոխանցվել, կամ պարզվի, որ մարդը հիվանդ է շիզոֆրենիայով, ինչը կատեգորիկ չի արտահայտվում, այլ հիվանդությունը լիարժեքորեն արտահայտվելու համար իմպուլս է պետք՝ սթրես, ինչը կարող է լինել մի չնչին բանից: Մենք հիմա ուսումնասիրում ենք նաեւ երկարատեւ խրամատային կյանքի եւ երկարատեւ քնի խանգարման ազդեցությունը մարդու հոգեկանի վրա: Այս առումով աշխատանքներ են տարվում հոգեբանների հետ, որպեսզի կարողանանք խնդիրների դեմն առնել: Բայց հավատացեք՝ տարվա կտրվածքով ՀՀ-ում նույն տարիքի նույն խմբի անհատները, ովքեր գտնվում են Զինված ուժերում, իրենց մոտ ինքնասպանությունների քանակը շատ ավելի քիչ է, քան քաղաքացիական կյանքում: Չգիտեմ ինչով է պայմանավորված, միգուցե նրանով, որ բանակում հսկողության տակ են, եւ շատ դեպքերում հնարավոր է լինում դեմը ժամանակին առնել:

Կորյուն աբեղան սպառնացել է 30 օր պատանդ պահել Վեհափառին

– Ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները, որոնք են ինքնասպանությունների հիմնական պատճառները: 

– Վստահորեն ձեզ կարող եմ ասել, որ սա երկրի ֆինանսատնտեսական վիճակի հետ ոչ մի կապ չունի: Շվեյցարիան, որը միշտ լավագույն օրինակն է համարվում, իրենց ցամաքային զորքերում յուրաքանչյուր տարի իրենց իսկ զենքով ինքնասպան են լինում առնվազն 15-20 հոգի: Ընդ որում՝ այն պայմաններում, երբ խրամատ չեն պահում, սնունդն ու համազգեստը ընտիր է եւ այլն: Մեր զինվորների պայմաններն ավելի ծանր են, ի վերջո, 20 տարի մեր զինվորը խրամատում է ապրում: Էլ չեմ ասում, որ Արցախյան պատերազմից հետո ինչ կարգի սոցիալական եւ սթրեսային իրավիճակում մեծացած սերունդ է, որը հիմա խրամատում է նստած: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք որտեղից ենք գալիս, ինչի միջով ենք անցել եւ ուր ենք գնում, որպեսզի նաեւ հասկանանք ինչով է պայմանավորված նման հետեւանքները: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА