ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանին դեղին քարտ ցույց տալուց հետո լավ կլիներ, որ հիմա էլ Մինսկի խմբի եռանախագահները կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով գնային»

20.06.2017 23:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանին դեղին քարտ ցույց տալուց հետո լավ կլիներ, որ հիմա էլ Մինսկի խմբի եռանախագահները կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով գնային»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո պատասխանել են տեղի լրագրողների հարցերին: Մասնավորապես` Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Ի. Պոպովն ասել է, որ Երեւանում եւ Բաքվում ունեցած քննարկումների արդյունքում կարելի է ասել, որ երկու երկրների նախագահները կողմ են խաղաղ բանակցությունները շարունակելուն: Ապա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր խորին մտահոգությունն է հայտնում` կապված ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի հետ, եւ իրենք ցավում են հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել տարածաշրջան եռանախագահների այցի նախաշեմին: Ըստ Ի. Պոպովի` Մինսկի խմբի միջնորդ համանախագաները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի, եւ լարվածությունը թուլանա:

Բերման են ենթարկվել Նախկին պատգամավորի հարազատները

Մինսկի խմբի համանախագահների հերթական անգամ Երեւան-Ստեփանակերտ-Բաքու այցի, արված հայտարարությունների, ինչպես նաեւ վերջին օրերին սահմանային լարվածության մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ, ԱՐՀԱՄԱՐՀԱԾ ՈՒՆԻ ԹԵ՛ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ԹԵ՛ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԻՆ» 

–Պարոն Հակոբյան, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները կրկին վերադարձան իրենց հին աշխատաոճին: Եվ եթե նախորդ հայտարարություններն առավել հասցեական էին, հիմա նրանց կողմից կրկին կողմերի միջեւ հավասարեցման նշաններ են դրվում` անկախ նրանից, որ վերջին օրերին Ադրբեջանը բացահայտ լարվածություն մտցրեց սահմանում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբից մի կողմից կարելի է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենալ, մյուս կողմից էլ, ակնկալել որեւէ բան, այդքան էլ իրատեսական չէ: Փաստացիորեն, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ վիժեցնել բանակցային ձեւաչափը, եւ այստեղ մեր կողմից ակնկալել, որ Մինսկի խումբը Ադրբեջանի մասով կգնա կտրուկ քայլերի, երեւի թե, գոնե այս պահին իրատեսական չէ: Չնայած լավ կլիներ, որ միջազգային հանրությունն` ի դեմս Միսնկի խմբի եռանախագահների, Ադրբեջանին մի անգամ դեղին քարտ ցույց տալուց հետո հիմա էլ կարմիր քարտ ցույց տալու ճանապարհով գնային, որպեսզի Ադրբեջանը վերջնական հասկանա, որ նրանց հետ լուրջ խնդիրներ է ունենալու: Չգիտեմ, թե Բաքվում հիմա ինչ հաշվարկներ ունեն, բայց, այնուամենայնիվ, այդ ձեւաչափը, որտեղ ընթանում են բանակցությունները, ակնհայտ է, որ Բաքվի սրտով չէ: Իլհամ Ալիեւի հետ եռանախագահների հանդիպումից հետո երեկ   Ադրբեջանի ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածեց իրենց պաշտոնական տեսակետը, որտեղ հիմնականում ասված էր, որ իրենք ոչ մի զիջման չեն գնալու: Այս հռետորաբանությանը, թերեւս, այս տարիների ընթացքում սովորել ենք, բայց իրավիճակն այնքանով է խնդրահարույց դառնում, որ փաստացիորեն Ադրբեջանն արդեն, բառիս բուն իմաստով, արհամարհած ունի թե՛ միջազգային հանրությանը, թե՛ այն բանակցային ձեւաչափին, որտեղ տարիներ շարունակ փորձ է արվում բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորել: Եվ հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի այս ձեւաչափից կարողանա ազատվել:

Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում բոլոր մահացածներին

«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՉԻ ԼԻՆԻ, ՔԱՆ ԿԼԻՆԻ»

– Ստացվում է, որ սահմանային լարվածությունը բավական ձեռնտու է Ադրբեջանին, եւ նրանք չեն էլ պատրաստվում գալ Արցախյան կարգավորման կառուցողական դաշտ: Արդյո՞ք ստացվում է, որ միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսումը լայնամասշտաբ պատերազմի մասին, այդքան էլ հեռու չէ իրականությունից:

– Գիտեք, նման կանխատեսումներ անելը շատ բարդ է, որովհետեւ առաջին հերթին Ադրբեջանը փակ երկիր է, եւ այնտեղից տեղեկատվության պակաս կա: Եվ երկրորդ`  ընդհանրապես` տոտալիտար համակարգեր, իրենց էությամբ բռնապետական ռեժիմներ ունեցող պետությունները բավականին բարդ կանխատեսելի են: Այդուհանդերձ, չեմ կարծում, թե ժամանակն է խոսել պատերազմից կամ դրա անխուսափելիությունից, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ, համենայնդեպս, ինձ համար այս պահին տեսանելի չեն: Այն, որ սահմանային լարվածությունը Ադրբեջանը` սկսած 2014 թվականից, գնալով ավելի բարդացնում է, սադրանքներն ավելացնում է, ակնհայտ է, եւ խնդիրն էլ պարզ է, թե ինչ են ուզում անել: Հետեւաբար, կարծում եմ` Ադրբեջանն առժամանակ այս քաղաքականությունը կշարունակի` մի կողմից փորձելով հասկանալ մեր արձագանքները, իսկ մյուս կողմից` միջազգային արձագանքները: Այս պահի դրությամբ` դժվար է միանշանակ ասել, թե ինչ կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմ ավելի շուտ չի լինի, քան կլինի:

«ՀՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՆՇԱՆԱԿԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏ»

–Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը հայտարարել է, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի քաղաքական ուժերը պետք է շրջանառության մեջ դնեն Արցախի անկախության ճանաչման հարցը` քննարկելով այն, բայց քվեարկությունը թողնելով հետո: Նման իրավիճակում հարցի վերհանումն, դամոկլյան սրի դեր կարո՞ղ է ստանձնել:

– Եթե հիմա Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, կնշանակի բանակցային գործընթացի ավարտ: Միեւնույն ժամանակ, որ պահին Ադրբեջանը վերսկսեց լայնամասշտաբ գործողություններ, պաշտոնական Երեւանը երբեք չի էլ թաքցրել, որ դա կլինի բանակցային ձեւաչափի ամբողջական քայքայում եւ ավարտ: Եվ դրան անմիջապես հետեւելու է Հայաստանի կողմից (ու ոչ միայն Հայաստանի) Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը եւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը: Այսինքն` այստեղ որեւիցե սենսացիա չկա, եւ սա միշտ եղել է ու կա մեր օրակարգում: Ավելին` Ադրբեջանը շատ լավ գիտի, որ եթե սկսեց ռազմական գործողություններ, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը, քանի որ ընդամենը Հայաստանն այս պահին չի ճանաչում, որովհետեւ գտնվում է բանակցային գործընթացում: Այնպես որ, այստեղ նոր մոտեցում կամ նոր կարծիք չկա:  Իհարկե, այս հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության խորհրդարանի օրակարգում, որը կարծում եմ` առաջիկա տարիներին մնալու է մեր պետական քաղաքական օրակարգում: 

Ոստիկանությունն այսօր տարբերվում է նախկինում եղածից՝ ժամանակաշրջանն է ստիպել. Վալերի Օսիպյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА