ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալաշանի գոյությունը հույս է թալիշցիների համար, որ վաղը-մյուս օրը վերադառնալու են իրենց տները»

20.06.2017 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ալաշանի գոյությունը հույս է թալիշցիների համար, որ վաղը-մյուս օրը վերադառնալու են իրենց տները»

Օրեր առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք ներկա գտնվեցին Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը` ազդարարելով այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլյան առճակատումից հետո, համայնքի բնակչությունը տարհանվել էր, իսկ թե այսօր որտեղ եւ ինչպես են ապրում թալիշցիները, «Իրավունքը» հետաքրքրվեց Թալիշի համայնքապետ ՎԻԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

Լարված իրավիճակ Չարենցավանի դպրոցում. տեսանյութ

ԹԱԼԻՇՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ

–Մինչեւ նախորդ տարվա ապրիլի 1-ը` Թալիշում ունեցել ենք 125 ընտանիք` 500 մշտական եւ 67 ժամանակավոր (ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ) բնակչությամբ: Ապրիլյան դեպքերի ժամանակ նրանց մի մասը հիմնականում տեղավորվեց Կոտայքի մարզում: Իսկ հետո մեզ տարբերակներ առաջարկվեցին, եւ նախընտրեցինք ժամանակավոր բնակություն հաստատել Ալաշանում, որը նախկինում ոչ թե բնակավայր է եղել, այլ` հանգստյան գոտի: Այնտեղ ամբողջությամբ տնակները վերանորոգվել են, թարմացվել, դռներ ու լուսամուտներ փոխվել: Գազ չկա, բայց խմելու ջրի խնդիր չունեն:

– Այսօր Ալաշանում քանի՞ ընտանիք է տեղավորվել եւ ինչպիսի՞ պայմաններում են ապրում:

– Հիմա 37 ընտանիք կա Ալաշանում` շուրջ 140 բնակչությամբ: Արցախի նախագահի հետ պայմանավորվածություն ունենք, որ նորից լրացուցիչ 10 տնակ էլ տեղադրենք այստեղ, որովհետեւ պահանջը կա: Այսօր շրջակա գյուղերում` Մեծ Շենում, Դրմբոնում էլ ընտանիքներ ունենք տեղավորված, որովհետեւ այստեղ տեղ չունեինք: Պատկերացրեք, այդ ընտանիքներն ամեն օր այնտեղից գալիս, այստեղ հող են մշակում, որովհետեւ գիտեն, որ վաղը-մյուս օրը պետք է տեղափոխվեն այստեղ: 

ԱԼԱՇԱՆՈՒՄ ԹԱԼԻՇՑԻՆԵՐԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԵՆ

–Իսկ ինչո՞վ են զբաղվում թալիշցիներն Ալաշանում, որովհետեւ գիտենք, որ Թալիշից շատերին չի հաջողվել փրկել իրենց անասուններին, որպեսզի բերեին իրենց հետ:

– Ֆրանսիաբնակ տեր եւ տիկին Քեբաբչյանների միջնորդությամբ կարողացել ենք այստեղ 12 ընտանիքի, որոնք ունեն երկու եւ ավելի երեխաներ, տալ մեկ կով` հորթը հետը: Հիմա պայմանավորվել ենք, որ այդ նույն ծրագիրը շարունակենք, եւ այս գարնանն արդեն ունենք գրանցված եւս 6 ընտանիք: Շուտով, երեւի, նրանց էլ արդեն կտրամադրենք:

– Ալաշանում հողագործությամբ զբաղվելու հնարավորություն կա՞:

– Մեծ մասշտաբով գյուղատնտեսական վարելահողեր չկան, բայց «Կարմիր խաչի» միջնորդությամբ ցանկապատել ենք եւ 0,8  հեկտար հող տրամադրել, խողովակներ ենք տեղադրել, ոռոգման ջուր ենք քաշել, ու այդ հողակտորը բաժանել ենք 18 ընտանիքի` յուրաքանչյուրին տալով 400 քմ: Այնպես որ, փոքր հողակտորների վրա գյուղացիները շարունակում են զբաղվել բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: Հիմա նաեւ ծրագիր ենք մշակում, որ գյուղացիներին խմբակային ձեւով` փոքր կոոպերատիվների նման, անասուն եւ մեղվափեթակ տրամադրենք: Տարբերակներ ենք առաջարկել, որ իրենք որոշեն:

Վիգեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կբանավիճեն (Տեսանյութ)

– Գոնե հողի, ջրի, լույսի վարձավճարներից ազատվա՞ծ են Ալաշանում բնակվող թալիշցիները:

– Այո, այստեղ ե՛ւ հոսանքը, ե՛ւ ջուրը, ամեն ինչ անվճար է:

«ՄԵՐ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ ՀԵՆՑ ԹԱԼԻՇՈՒՄ»

–Դպրոց, մանկապարտեզ կա՞ Ալաշանում:

– Թալիշում մանկապարտեզ ունեինք` պետական ոչ առեւտրային կազմակերպություն կարգավիճակով: Այնտեղ 28-32 երեխա էին այցելում, բայց գյուղից դուրս գալուց հետո մանկապարտեզ չունենք: Բայց ասեմ, որ հենց նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից Ալաշանում գործեց դպրոցը: Այս հանգամանքը շատ եմ կարեւորում: Այն նպաստեց, որ թալիշցիները հավաքվեն: Ընդհանրապես` Ալաշանի գոյությունը հույս է թալիշցիների համար, որ վաղը-մյուս օրը վերադառնալու են իրենց տները: Դրա համար երախտապարտ եմ մեր ղեկավարությանը, որ բոլոր թալիշցիներով իրար հետ ենք ապրում, չգնացինք, չլուծվեցինք այլ համայնքներում: 

– Տեղեկություն ունե՞ք, թե բացի Ալաշանում բնակվող 37 ընտանիքից, մնացած թալիշցիները հիմա որտեղ են:

– Այսօր Թալիշի բնակչությունից շուրջ 300 հոգի գտնվում են Արցախում, այսինքն` ինչքան որ բնակչություն կա Ալաշանում, այդքան էլ կան արցախյան տարբեր բնակավայրերում: Միայն 50-ից ավել բնակիչ ունենք Մատաղիսում: Իսկ մեր տղամարդկանցից շատերը շարունակում են ապրել հենց Թալիշում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА