ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վարչապետը չի փոխվի առնվազն մինչեւ Նոր տարի». Ալեքսանդր Իսկանդարյան

27.06.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վարչապետը չի փոխվի առնվազն մինչեւ Նոր տարի». Ալեքսանդր Իսկանդարյան

Թեպետ ամառային տապը հուշում է արձակուրդային սեզոնի մասին, բայց, այդուհանդերձ, շարունակվում են ներքաղաքական գործընթացները, եւ դրան զուգահեռ ամենքիս ուշադրության կենտրոնում կա եւ մնում է սահմանային իրավիճակը: Հենց այս շրջանակում էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է իր՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությանը

«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԵՔ ՕՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ»

–Պարոն Իսկանդարյան, նախորդ շաբաթ խորհրդարանում բուռն քննարկվում էր կառավարության ծրագրի լավ կամ վատ լինելը` այն համեմելով 2018-ին Կարեն Կարապետյանի վարչապետ լինել-չլինելու չարչրկված թեմայի հետ: Հետաքրքիր է` Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ ասեմ, որ համաձայն չեմ այսպիսի մոտեցման հետ, որը շատ լայն տարածում ունի Հայաստանում` եթե դու ընդդիմություն ես, ուրեմն` պիտի ոչնչի հետ չհամաձայնվես ու ոչ մեկի հետ չշփվես: Եվ եթե ակնկալում ես փոփոխություններ, չի նշանակում, որ Հայաստանը երեք օրում պետք է վերածվի Շվեյցարիայի կամ դառնա Զիմբաբվե: Պարզապես, այդպես չի լինում եւ ոչ մի տեղ: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, հարց եմ ուզում տալ`  իսկ ի՞նչ ծրագիր են մեզ մոտ ընդունել, որն ավելի լավն է եղել: Դուք հիշո՞ւմ եք նման բան, ես` ոչ: Այսօր լուրջ առաջադրանք է դրված կառավարության առաջ, որովհետեւ ունենք բավական «պատկառելի» արտաքին պարտք, կան խնդիրներ ներդրումների հետ կապված, իսկ աշխարհում ընդհանրապես լուրջ խնդիրներ կան փողի հետ: Դրա համար էլ հաճախ ասվում է, որ մեր գլխավոր խնդիրը ոչ թե արտաքին պարտքն է, այլ ներդրումների եւ համապատասխանաբար` գումարի պակասը: Ներդրումներ բերելն այսօր բավական բարդ է, որովհետեւ Հայաստանը փոքր է, շրջափակված է, ունի փոքր շուկա, եւ մենք ո՛չ Ղազախստանն ենք, ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ նույնիսկ Ուկրաինան: 
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի պաշտոնավարմանը` կարծում եմ` վարչապետը չի փոխվի առնվազն մինչեւ Նոր տարի կամ միգուցե մինչեւ 2018-ի ապրիլը, որովհետեւ դրա համար չեմ տեսնում պատճառ, որ անհրաժեշտություն ստեղծվեր նրա փոփոխության: Կարող եմ եւ սխալվել, բայց` այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչու պիտի հեռանա:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԼՈՒՐՋ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ»

–Օրերս կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարին կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե պատրաստվում են արտահերթ թավշյա իշխանափոխության: Ամեն դեպքում, հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ Նոր տարի քաղաքական որոշակի զարգացումներ կլինեն:

– Սա ընդամենը ձեւավորված սովորական ավանդույթ է: Ես քիչ ավել, քիչ պակաս մոտ 15 տարի է ապրում եմ Հայաստանում, եւ ընդդիմադիր ուժերը բոլոր այս 15 տարիների ընթացքուն խոստանում են հեղափոխություն: Մի կողմից սա քաղաքական վարքագիծ է, որով նրանք արտահայտում են հանրության որոշակի զանգվածի դժգոհությունը` ստեղծված իրավիճակի հանդեպ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մարդիկ քաղաքական շուկայում փորձում են դրա վրա աշխատել, բայց երբ այդ մասին ասում են ամեն ամիս եւ 15 տարի շարունակ, այն այլեւս դառնում է չաշխատող մեթոդ: Հետեւաբար, չեմ կարծում, թե լուրջ մարդիկ կարող են մտածել, որ իրականում ինչ-որ բան տեղի կունենա: Եվ, ցավոք, հենց այս մոտեցումը վնասում է հայաստանյան կուսակցական համակարգի վրա: Ի վերջո, ի՞նչ է հեղափոխությունը, այն փոփոխություն է, որի անհրաժեշտության մասին, ինչպես տեսաք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված էր բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում` բացառությամբ Հանրապետականի: Եթե խոսում ենք հեղափոխության մասին, ապա պիտի հասկանանք, որ այն ենթադրում է հանկարծակի եւ շեշտակի քայլեր, բայց անգամ եթե մտածենք, որ դա տեղի կունենա, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ոչինչ չի փոխվի: Սակայն մարդկանց որոշ շրջանակ սպասում է դրան ու դրա համար էլ նման հայտարարություններով հանրությանը մատուցում են այն «ապրանքը», որը ցանկանում են ծախել, մինչդեռ իրականում ոչ էլ առնող են: Այնպես որ, կարծում եմ` պետք չէ լուրջ վերաբերել այդպիսի հայտարարությանը, այն էլ այնպիսի քաղաքական կուսակցության կողմից, որը նույնիսկ խորհրդարան չկարողացավ անցնել: Ըստ իս, այստեղ հեղափոխություն անելը նույնպես անհնարին է, եւ սպասել, որ վաղն ամեն ինչ կփոխվի, անիմաստ է: Առավել եւս Հանրապետականներին ոչինչ չի սպառնում, որովհետեւ լուրջ ընդդիմություն գոյություն չունի, որը կարող էր պարտադրել որոշակի փոփոխություն: Դե, իհարկե, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, որը հիմա-հիմա հեղափոխություն է անելու (կատակում է, - հեղինակ): 

Առողջապահության նախարարը կառավարության նիստից հետո. ուղիղ

«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ»

–Անդրադառնանք նաեւ արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակին. ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է, եւ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ եկել է պահը փոխելու մարտավարությունը` թե՛ քաղաքական առումով, թե՛ ռազմական: Ինչու ոչ, նաեւ  պաշտպանվելու փոխարեն` կոնկրետ դաս տալով թշնամուն...

– Միշտ էլ կա անհրաժեշտություն որակական եւ ավելի ճիշտ քայլեր կատարելու, ու միշտ էլ կլինեն բացթողումներ, ինչը ցույց տվեց նախորդ տարվա ապրիլյան սահմանային լարվածությունն ու դրանից հետո տեղի ունեցած փոփոխությունները: Իհարկե, տեղի ունեցած փոփոխությունների մասին մենք շատ բան չգիտենք, բայց տեսնում ենք որոշ նոր զինատեսակների ավելացում, էլ չեմ ասում, որ լուրեր են պտտվում, թե սահմանում  տեխնիկական փոփոխություններ եւս կատարվել են: Եվ սա տեղի է ունենում անընդհատ ու կշարունակի տեղի ունենալ: Վերջիվերջո, տեղի ունեցածից մարդիկ եզրակացություններ են արել եւ փորձում են այնպես անել, որ հաջորդ լարվածության դեպքում ավելի քիչ վնասներ լինեն եւ դրան հնարավոր լինի համապատասխանաբար պատասխանել: Ինչ վերաբերում է նրան, որ պետք է շրջադարձային փոփոխություններ կատարել մարտավարության մեջ, մեծ հաշվով` չեմ տեսնում այդպիսի հնարավորություն: Եթե նկատի ունեք, որ ինչ-որ կոշտ քայլերով հայկական կողմը փորձի կասեցնել սահմանային լարվածությունը, ասեմ որ արվում են այդ կոշտ քայլերը եւ ավելին է արվում, ու թեպետ առաջիկայում մեծ պատերազմ չի լինի, բայց լարվածությունը, միեւնույնն է, շարունակվում է: 

– Որքանո՞վ է իրատեսական, որ ԼՂ հիմնախնդիրը կլուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ, երբ վերջիններիս հասցեական հայտարարություններին կրկին հաջորդեցին կողմերի միջեւ հավասարեցման նշաններ դնող ելույթները:

– Մինսկի խմբի համանախագահները կոնֆլիկտը կարգավորել չեն կարող, նրանք ընդամենը կարող են նպաստել դրան: Կարգավորողը պետք է լինի Հայաստանը եւ Ադրբեջանը, որին դեմ է ադրբեջանական կողմը: Իսկ այս հարցը չի կարող լուծվել միայն մի կողմի համաձայնությամբ, ստիպել Ադրբեջանին նույնպես հնարավոր չէ: Եվ որքան էլ մեր սպասումները մեծ են, բայց Մինսկի խմբի բովանդակությունը հենց այն է, որ նրանք հավասարեցման նշաններ դնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` աշխատելով ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում, ե՛ւ Ստեփանակերտում: Եթե նրանք տուրք տան Երեւանի եւ Բաքվի պահանջներին ու սկսեն սատարել կողմերից որեւէ մեկին, ուղղակի կկորցնեն իրենց դիրքն ու աշխատանքը: Հետեւաբար, նրանք չեն կանգնի կողմերից եւ ոչ մեկի կողքին, ինչքան էլ, որ դա հաճելի կլիներ Հայաստանի կամ Ադրբեջանի համար:

Սա սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին. (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА