ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

28.06.2017 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Մեզ հետ զրույցի առաջին մասում ¥«Իրավունք», թիվ 68¤ ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեկնաբանեց  Արցախի շուրջ ներկայումս ձեւավորված իրավիճակը, պարբերաբար նկատվող շիկացումները եւ բանակցային գործընթացի հեռանկարները: Բայց զուտ հայ-ադրբեջանական հարաբերություններից զատ, գաղտնիք չէ, որ ղարաբաղյան խնդրի վրա ազդում է նաեւ տարածաշրջանային իրավիճակը:ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԴԵՌ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ
-Իսկ տարածաշրջանային իրավիճակը այս տարեսկզբից սկսած էլ ավելի մեծ տեմպերով է փոփոխվում: Ընդ որում, կան բազում ուղղակի ազդակներ, որ այդ ամենը ազդում է նաեւ ղարաբաղյան գործընթացի վրա: Օրինակ՝ Ռուսաստանի դիրքորոշումն է բավականին ակտիվացել: Կարելի է հիշեցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բարձր տոնայնությամբ մի քանի արտահայտությունները, որին հաջորդեցին նաեւ հենց ԱԳՆ-ի նույնաբովանդակ խոսքը: Կարելի է հիշեցնել նաեւ ՌԴ-ում ադրբեջանցիների միության փակումը եւ այլն: Միաժամանակ Ռուսաստանը ամուր կանգնած է Սիրիայում, ծանրակշիռ դաշինք է ձեւավորել Իրանի հետ: Մյուս կողմից՝ շատ ակտիվ է խոսում «Մետաքսի ճանապարհի» գործարկման մասին: Եվ այդ գործընթացների համար ղարաբաղյան խնդիրը խանգարող բավականին լուրջ հանգամանք է: Այսինքն՝ տարածաշրջանային այս զարգացումները արդեն իսկ առաջ չե՞ն բերել ղարաբաղյան հիմնախնդիրը հանգուցալուծելու պահանջ: 
- Կոնկրետ այս պահին ես չեմ տեսնում այն նախապայմանները, որոնք կպարտադրեն հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը: Բայց նաեւ չեմ բացառում, որ թվարկված եւ մի շարք այլ գործոնները կարող են առաջ բերել նման նախապայմաններ: Իհարկե, ՌԴ դիվանագիտական իշխանությունների հիշատակված եւ մի շարք այլ հայտարարությունները ցույց են տալիս Մոսկվայի վերաբերմունքը այս հարցում: Այն է, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ՌԴ-ի շահերից չի բխում, եւ վերջինս ամեն ինչ կգործադրի նման զարգացումների դեմ: Բայց մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ պետություն չի կարող գոնե այս պահին ստիպել Ալիեւին գնալ հակամարտության հանգուցալուծման...
- Բայց ճնշումներ նկատվում են: 
- Այո՛, բայց հենց այդ փաստը, որ ճնշումներ կան, իսկ արդյունքներ ոչ, ցույց է տալիս, որ բացակայում են այն լծակները, որոնք Բաքվին կստիպեն գնալ ռեալ բանակցությունների, այդ պահը չէ: Տեսեք՝ նույնիսկ սահմանային միջադեպերի ֆիքսման մեխանիզմների ներդրման հարցում, թեեւ կան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումները, համանախագահների ճնշումները, բայց անգամ այդ տեխնիկական բնույթի հարցի լուծումը Ալիեւին պարտադրել հնարավոր չէ: Այսինքն՝ չեմ տեսնում նախապայման, որ մոտակա ժամանակներս կլինի ղարաբաղյան հարցի վերջնական լուծում, թեեւ աշխարհում իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ, ասենք, վաղը կարող է եւ նման նախապայմաններ ի հայտ գան: Հարցի լուծումն արագացնելու միակ նախապայմանը, ըստ իս, մեր պետության եւ մեր բանակի շարունակական հզորացումն է:

ՄԵՆՔ ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ
-Նշեցիք, որ ղարաբաղյան նոր պատերազմը էապես հակասում է ռուսական շահերին: Բայց փաստացի ունենք ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակ: Ընդ որում, ռազմական բախումները մի այնպիսի բան են, որ ինչքան էլ վերահսկես, մի օր նույնիսկ ակամա կարող է պայթել: Այսինքն՝ ներկայիս գլոբալ գերբարդ վիճակում ՌԴ-ի համար հարավային ուղղությունը մնում է պայթյունավտնագ: Ու եթե ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծում կարծում եք, որ չկա, միգուցե ինչ-որ միջանկյալ տարբերակի հնարավորությո՞ւն կարող է լինել:
- Դա էլ ռեալ տարբերակ չէ:
Ավելի ճիշտ՝ մենք այս կերպ պետք է մտածենք. մենք հաղթել ենք պատերազմը, ավելի քան երկու տասնամյակ պահպանում ենք առկա ստատուս-քվոն, այսինքն՝ հաղթում ենք նաեւ դիվանագիտական ճակատում: Հետեւաբար՝ մենք Արցախի հետ կապված այս պահին խնդիր եւ մտածելիք չունենք: Մենք մեր խնդիրը լուծել ենք, ու հիմա թող Ադրբեջանը մտածի: Նա խնդիր ունի եւ դրա համար էլ այդքան անհանգիստ է: Բայց փորձում է իր խնդիրը լուծել սխալ ճանապարհով ու արդյունք չի ստանում: Շեշտը դնում է ռազմական լուծման վրա, բայց չմոռանանք անցած տարվա ապրիլյան պատերազմի փորձը: Նկատի ունեմ, որ երբ Ադրբեջանն անցավ հարձակման, Ռուսաստանն անմիջապես Դաղստանում զորավարժություններ սկսեց, ինչը Բաքվի համար լուրջ ազդակ էր: Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով Ղարաբաղի շուրջ իրավիճակի շիկացման շանսեր Ադրբեջանը այսօր գործնականում չունի:
- Ապրիլի վերջերին Դուք Մոսկվայում մասնակցություն ունեցաք Միջազգային անվտանգության 6-րդ համաժողովին: Դա աչքի ընկավ նրանով, որ մասնակցում էին պաշտպանության նախարարների մակարդակով 22 ¥այդ թվում՝ Հայաստանի¤ եւ գլխավոր շտաբի պետերի մակարդակով՝ 14 երկրներ: Ավելի կոնկրետացնենք՝ այն երկրները, որոնք ՌԴ-ի հետ սերտ ռազմավարական կապեր ունեն՝ Իրանը, Չինաստանը եւ այլն: Բայց այնտեղ չէր Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը, իսկ Ադրբեջանը ներկայացված էր միջին կարգի ինչ-որ պաշտոնյայով: Ըստ Ձեզ՝ այդ պատկերը նաեւ չի՞ ուրվագծում համաշխարհային, այդ թվում՝ մեր տարածաշրջանում գլոբալ ռազմաքաղաքական դիրքավորումը: Այդ թվում, որ այստեղ դեռ գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որը կարող է ղարաբաղյան խնդրին ռազմական լուծում տալու փորձեր դեռ անել:
- Այո՛, Մոսկվայում կայացած այդ գագաթաժողովում, իրոք ռազմական գերատեսչության առաջին դեմքերի մակարդակով ներկայացված էին դաշնակից երկրներ: Եվ, բացի այդ, նույն ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի պաշտպանության նախարարների ելույթներում բաց նկատվում էր համաշխարհային անվտանգության հարցերում սերտ համագործակցության տարրեր:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս, իհարկե, ժամանակի ընթացքում մշտապես Ադրբեջանին մղել է իրավիճակի շիկացման ուղղությամբ, որն Անկարայի համար նաեւ սեփական կշիռը բարձրացնելու միջոց էր: Բայց այս պահին թուրքական գործոնը եւս որոշակիորեն թուլացած է: Ի վերջո, ղարաբաղյան հակամարտության սրացումը Թուրքիան մշտապես փորձել է օգտագործել Ռուսաստանի դեմ: Բայց Արեւմուտքի հետ ներկայիս խորը հակասությունների պարագայում, Անկարան ստիպված է Մոսկվայի նկատմամբ քաղաքականությունը առնվազն զգուշավոր դարձնել: Էլ չասած, որ օրերս մեկնարկած «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը նաեւ համատեղ բավականին լուրջ տնտեսական շահեր է ի հայտ բերում: Իսկ դա հուշում է, որ Անկարան նաեւ ղարաբաղյան ուղղությամբ իր երբեմնի հակառուսական ջերմեռանդությունը ստիպված է լինելու մի փոքր մեղմել: Ու դա նույնպես Բաքվի համար ազդակ է, որ չգնա իրավիճակի ծայրահեղ սրացման:
Ամեն դեպքում, չմոռանանք, որ մեր ռազմական դոկտրինայով Թուրքիան համարվում է թշնամական երկիր: Պատճառն այն է, որ իրականացրել եւ իրականացվում են մեր հանդեպ թշնամական գործողություններ: Այդ թվում` մինչեւ իսկ փորձում է տարածաշրջանում Հայաստանի դեմ ռազմական դաշինք ձեւավորել: Այսինքն` միշտ էլ պետք է այդ երկրից զգուշանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА