ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրոխանովը «մոռացել է», որ Բաքվում պատերազմի կոչեր էր անում

30.06.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պրոխանովը «մոռացել է», որ Բաքվում պատերազմի կոչեր էր անում

Օրերս Բաքու այցելության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, առաջին տիկին, այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ռուսաստանցի հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող եւ հրապարակախոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎԸ վերադարձել է Մոսկվա: Իսկ մինչ այս, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նա հասցրել էր Բաքվում արցախա-ադրբեջանական սահմանում պատերազմ հրահրող հայտարարություններ անել, խեղաթյուրել պատմությունը եւ անգամ քնած սպային կացնահարողին հերոսացնող ադրբեջանական ֆաշիստական ռեժիմին բնութագրել` որպես խաղաղարար: Սակայն, արված հայտարարությունները Ա. Պրոխանովը «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում դժվարությամբ մտաբերեց:

Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն. խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան

«ԶԵ՞ՆՔԸ ՉԻ ՀԵՐԻՔԵԼ, ԿԱ՞ՄՔԸ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

–Ալեքսանդր Անդրեեւիչ, Դուք իսկապե՞ս Բաքվում հարց եք հնչեցրել, թե ինչու Ադրբեջանը չի պատերազմում եւ «վերադարձնում իր հողերը»: 

– Չեմ հիշում նման բան, համենայնդեպս, կոչ չեմ արել ադրբեջանցիներին, որ զենքերով նետվեն` իրենց հողերը վերադարձնելու: Ուղղակի, ուզում էի հասկանալ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները, որոնք բավականին առեղծվածային են ինչպես իմ, այնպես էլ մյուս ռուսների համար: Ի՞նչ է տեղի ունեցել. հարձակում հայերի կողմից Ադրբեջանի վրա, թե՞ ադրբեջանցիներն են հարձակվել եւ վերադարձրել հողերի որոշ մասը: Ուզում էի հասկանալ այդ իրադարձությունների հիմքում ի՞նչ է եղել, եւ հենց այդ մասին էլ հարցրել եմ:

– Շատ կոնկրետ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել են, որ Դուք ցավով հետաքրքրվել եք նրանցից, թե «ինչպե՞ս կորցրին Շուշին»: Այսպիսի հայտարարությո՞ւն էլ չեք արել:

– Ո՛չ, ինչո՞ւ պետք է այդ մասին խոսեմ, երբ գիտեմ, որ Շուշին հանձնել են, նաեւ հանձնել են Լաչինն ու մի քանի այլ շրջաններ: Ընդամենն ուզում էի հասկանալ` ինչո՞ւ է այդպես եղել. զե՞նքը չի հերիքել, կա՞մքը, թե՞ ադրբեջանական Ազգային ճակատը չի կարողացել կազմակերպել պաշտպանությունը: Այդ ամենն ինձ հետաքրքիր է, որովհետեւ եղել եմ 15 պատերազմում, այդ թվում եւ Ղարաբաղյան`  այն տարիներին, երբ այն նոր էր սկսվում: Ինձ հետաքրքիր է` ինչպե՞ս է եղել պատերազմի սկիզբը:

«ԱՅՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԵԿՈՐՆԵՐՆ Է. ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԸ»

–Ի վերջո, հստակեցնենք Ձեր մոտեցումն այս ամենի շուրջ` Ձեզ համար Արցախը, այդ թվում` Շուշին, Լաչինը, հայկակա՞ն տարածք է, թե՞ ադրբեջանական:

– Ես սովետական մարդ եմ եւ ինձ համար Արցախը, այդ թվում` Շուշին, Լաչինը սովետական հող էր` մինչեւ այն պահը, երբ պառակտեցին իմ հայրենիքը: Այն իմ հայրենիքի բեկորներն է` Խորհրդային Միության մի փշուրը, ահա թե ինչ է ինձ համար Ղարաբաղը: 

– Խորհրդային տարիներին էլ Ղրիմը Ուկրաինայի մաս էր: Փաստորեն, այդ նույն տրամաբանությամբ` Դուք մտածում եք, որ այն ուկրաինակա՞ն հող է:

– Ո՛չ, Ղրիմն էլ է սովետական հող:

– Իսկ հիմա՞:

– Հիմա էլ է այն սովետական հող, էլի եմ ասում` ես` որպես սովետական մարդ, այդպես եմ կարծում: Այն, որ Ղրիմը Ուկրաինայի մաս էր կազմել, դա հակապատմական երեւույթ էր: Իհարկե կողմ եմ, որ հիմա այն Ռուսաստանին միացավ:

«Հեռո՛ւ պահեք ձեր ազդեցությունը այս սուրբ ժողովրդից». մտավորականի պատասխանը Սերժ Թանկյանին

«ԳԻՏԵՄ ՆԱԵՎ, ՈՐ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՍՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԵՐԻՆ, ԵՎ ԻՄ ՀԱՅ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԷԻՆ ԲԱՔՎԻՑ»

–Բաքվում Դուք այցելել եք Հեյդար Ալիեւի գերեզմանին, ապա եղել շեհիդների ծառուղիում: Գոնե գիտե՞ք, որ 1990-ական թվականներին նույն այդ շեխիդները ֆաշիստական մեթոդներով սպանում էին Բաքվում ապրող խաղաղ հայերին ու ռուս զինվորներին:

– Այո՛, իհարկե, գիտեմ այդ հրեշային կոնֆլիկտի մասին: Բայց գիտեմ նաեւ, որ հայերը մի անգամ Մոսկվայում ահաբեկչական ակտ են կատարել: Հիշում եմ նաեւ, որ երբ Հայաստանում էի, եղել եմ Կապանում այն ժամանակ, երբ այնտեղից քշում էին ադրբեջանցիներին: Միեւնույն ժամանակ, գիտեմ, որ Սումգայիթում սպանում էին հայերին, եւ իմ հայ ընկերները փախչում էին Բաքվից: Այնպես որ, շատ լավ էլ գիտեմ, թե ինչպես է այս «կաշ-կալամաշը» եփվել: Ու հիմա այս անցումային շրջանում չեմ ուզում խոսել այն մասին, թե ով էր ճիշտ, ով` մեղավոր: Դա պատերազմ էր, եւ եթե չլիներ Խորհրդային Միությունը, եթե չլիներ Գորբաչովը, որը խառնվեց այդ կոնֆլիկտին, դուք, երեւի, հիմա եղբայրներ կլինեիք:

– Ամեն դեպքում, ինչպե՞ս հասկանալ այն, որ Դուք հարգանքի տուրք եք մատուցում ռուս զինվորներին սպանած շեհիդներին...

– Ծաղիկներ եմ խոնարել ոչ թե նրանց հիշատակի առաջ, որոնք սպանել են ռուս զինվորներին, այլ նրանց հիշատակի առաջ, որոնք զոհ են դարձել գորբաչովյան հրեշավոր հանցագործության, որը խառնեց բոլոր ժողովուրդներին, այդ թվում` հայերին ադրբեջանցիների հետ, ռուսներին` հայերի: Ես ցավով եմ արել այդ ամենը:

«ՑԱՎՈՒՄ ԵՄ Ե՛Վ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ, Ե՛Վ ՍՊԱՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

–Ի դեպ, երբ Բաքվում հայտարարում էիք, որ Մեհրիբան Ալիեւան մարդկային եւ խաղաղասեր կին է, հենց այդ նույն ժամանակ արցախա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական դիպուկահարների ձեռքով հայ զինվոր էր զոհվում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դե իհարկե, մենակ հայ զինվորներն են զոհվում, ոչ մի ադրբեջանցի չի սպանվել, իսկ այն թաղումնե՞րը, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում... Երեւի, բազմաթիվ սպանված ադրբեջանցի զինվորների դագաղներն էլ Հյուսիսային Աֆրիկայից են բերվում: Սա պատերազմ է, եւ պատերազմի ժամանակ կան դիպուկահարներ` ինչպես ադրբեջանական կողմում, այնպես էլ` հայկական: Թույլ տվեք ինձ դատել` որպես ռազմական մարդ: Եվ հետո անհասկանալի է, թե որտեղ է գտնվում սահմանը, չի ընդգծված, թե որն է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, այն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Ցույց տվեք սահմանը, ցույց տվեք ինձ այն քարտեզի վրա, ուզում եմ տեսնել այն ի՞նչ գետերով, ի՞նչ ձորերով է անցնում: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ ադրբեջանական տարածքներ են հանձնվել ձեզ, ի՞նչ հայկական տարածքներ են անցել Ադրբեջանին: Ես ցավում եմ ե՛ւ սպանված հայերի, ե՛ւ սպանված ադրբեջանցիների համար: Ճիշտ չէ եւ արդար չէ, պետք է ցավել այդ հատվածում բոլոր սպանվածների համար:

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

– Իսկ Դուք մտածե՞լ եք` որքանո՞վ է արդարացի, որ Արցախում ապրող արցախցիներն այսօր զրկված են խաղաղ ապրելու իրավունքից:

– Գիտե՞ք Բաքվում ում հետ եմ հանդիպել` ղարաբաղյան համայնքի, եւ տեսել եմ փախստական ադրբեջանցիների, որոնք փախել են Ղարաբաղից: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ապրում են Արցախում, չեմ տեսել, որովհետեւ Բաքու ինձ հրավիրել էր Ադրբեջանի նախագահը, իսկ ՀՀ նախագահն ինձ չի հրավիրել Երեւան:

ՊՐՈԽԱՆՈՎԻ ԲԱՔՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ» Է ԵՂԵԼ

–Փաստորեն, եթե ՀՀ նախագահը հրավիրեր Երեւան, Դուք հիմա էլ ա՞յլ հայտարարություններ էիք հնչեցնելու այստեղից:

– Եթե ես լինեմ Հայաստանում, կտեսնեմ` ինչ հայտարարություններ կանեմ, հիմա չեմ կարող ծրագրավորել այն, ինչը կանեի: Վերջիվերջո, մեքենա չեմ, ընդամենը մարդ եմ: Ուղղակի, ինձ Հայաստան չի հրավիրել նախագահը, եթե կհրավիրի, կլսեմ նրան: Կզրուցեմ իր հետ այնպես, ինչպես արեցի պարոն Ալիեւի հետ, ընդ որում` մեր հանդիպումը տեւեց ավելի քան 1 ժամ 40 րոպե: Մենք շատ հարցեր քննարկեցինք այդ ընթացքում:

– Եզրափակելով զրույցը` եւս մեկ հարց. զղջո՞ւմ եք Բաքվում արված Ձեր հայտարարությունների համար, որոնք բացահայտ պատերազմ հրահրող կոչեր էին:

– Իսկ ես ի՞նչ եմ ասել, ինչի՞ համար պետք է զղջամ: 

– Նորից հիշեցնեմ` Դուք ասել եք` ինչու Ադրբեջանը չի պատերազմում եւ «վերադարձնում իր հողերը»...

– Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА