ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա մեր օրակարգում 2018թ.-ին կառավարության փոփոխության հարց չկա»

05.07.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հիմա մեր օրակարգում 2018թ.-ին կառավարության փոփոխության հարց չկա»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցի ժամանակ առաջարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում չէր հերքել, որ այդ հանդիպումը տեղի կունենա այս ամսվա առաջին կեսին: Այս, ինչպես նաեւ արտաքին ու ներքին մի շարք քաղաքական հարցերի շուրջ էլ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Զինվորի բաժին գողացողն ազգի դավաճան է. Է. Շարմազանով

«ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՓՈՒԼԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ»

–Պարոն Շարմազանով, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ինչպես նաեւ ադրբեջանական մի շարք այլ պաշտոնյաներ հայտարարում են, թե եկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը: Հետաքրքիր է` այս հանդիպումից ի՞նչ է ակնկալում հայկական կողմը:

– Նախեւառաջ ակնկալում ենք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Այժմ այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն իրականացվում Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքի բացակայության պատճառով:  Եվ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար նախ պետք է համանախագահ երկրները, այդ երկրների նախագահներն ու ԱԳ նախարարները, նրանց միջնորդները ապահովեն բանակցությունների համար դրական ֆոն: Իսկ այդ դրական միջավայրը կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի իր ռազմական հռետորաբանությունը, դադարի մերժել ազգերի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, ինչպես նաեւ դադարի պատեհ ու անպատեհ առիթներով խոսել նոր պատերազմի վերսկսման մասին: Եվ, ի վերջո, իրականացնի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում` ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի եւ Սանկտ Պետերբուրգում` ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ:

– Ադրբեջանի վարքագիծը սահմանում առնվազն հուշում է, որ չեն էլ պատրաստվում իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսինքն` կարելի՞ է ասել, որ բանակցային գործընթացը կշարունակի դոփել տեղում, համենայնդեպս, մինչեւ աշուն:

– Ամեն դեպքում, փաստ է, որ իր գործողություններով մինչեւ այս փուլը Ադրբեջանը ցույց չի տվել, որ պատրաստ է բանակցությունների առաջընթացին:

«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԵՂԱՑԵԼ Է»

–Մոտ 3 շաբաթից Արցախի խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահ, որը, նոր Սահամանդրության համաձայն, մինչեւ 2020 թվականը կկառավարվի Արցախն անցումային փուլի ռեժիմով: Արդեն իսկ Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ հայտարարել են, որ սատարելու են գործող նախագահ Բակո Սահակյանին: Ի՞նչ կասեք այն քննադատությունների մասին, թե սահմանադրական փոփոխություններով Արցախում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ, որպեսզի երրորդ անգամ հնարավոր լիներ երկարաձգել Բ. Սահակյանի պաշտոնավարումը:

Կարեն Գրիգորյանը իշխանության ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է. Արմավիրի մարզպետ

– Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները պետք է իրենց գնահատականները հնչեցնեն Արցախում իրականացվող քաղաքական գործընթացների մասին, որովհետեւ Արցախի Հանրապետության քաղաքացիները` որպես փաստացի անկախ հանրապետության քաղաքացիներ, արտահայտել են իրենց դիրքորոշումը սահամանդրական բարեփոխումների վերաբերյալ, եւ իրենք են ընտրել Արցախի Հանրապետության զարգացման տեսլականն առաջիկա տարիների համար: Ինչ վերաբերում է նախագահ Բակո Սահակյանի առաջադրվելուն, ապա այս Սահմանադրությունը պարոն Սահակյանին հնարավորություն է տալիս առաջադրվելու եւ այստեղ որեւէ իրավական սահմանափակում չկա: Իսկ այն, ինչ իրավական է, նաեւ օրինական է եւ օրինաչափ: Անդրադառնալով այդ քննադատություններին` ասեմ, որ չեմ կարծում, թե այդպիսի պրիմիտիվ գնահատականը պետք է տեղ ունենա մեր մեջ, որովհետեւ Արցախում շատ ավելի կարեւոր հարցեր կան, որտեղ ամենակարեւորն անվտանգությունն է: Պետք է ասեմ, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանի գլխավորությամբ` Արցախի անվտանգությունը բավականին ուժեղացել է: Արցախի Հանրապետության նախագահը կարողացել է լուծել այն կարեւորագույն խնդիրները, որոնք կան: Ավելին` իմ անձնական շփումների միջոցով, որոնք որպես ե՛ւ ԱԺ նախագահի տեղակալ, ե՛ւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, բազմաթիվ են եղել, կարող եմ փաստել, որ Արցախը` ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ունի ազգային եւ պետական առաջնորդ: Շատուշատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ազնիվ, ազգային գաղափարախոսությամբ տոգորված ու ժողովրդի դարդուցավավ ապրող նախագահ: Այդ իմաստով` որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ նախագահի տեղակալ` կարող եմ ասել, որ ինքս շատ դրական եմ գնահատում Արցախի քաղաքական ուժերի սատարումը Բակո Սահակյանին: Այնպես որ, ոչ բնական եմ համարում այն հարցադրումը, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը բարեփոխվել է զուտ նրա համար, որպեսզի պարոն Սահակյանը հնարավորություն ունենա առաջադրվելու նոր ժամկետի համար:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է»

–Վերադառնանք մեր քաղաքական իրականություն. կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ձեր հնչեցրած ելույթը, որտեղ անդրադարձաք «2018-ին ով է լինելու վարչապետը» չարչրկված հարցին, բավական տարաբնույթ վերլուծությունների ու քննարկման առիթ տվեց: Ի՞նչ կասեք այս մասին: 

Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

– Ես ասել եմ, որ 2018 թվականին, թե ով կլինի վարչապետ, կորոշի քաղաքական մեծամասնությունը, որովհետեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվել է ընդդիմություն եւ իշխանություն, եւ ըստ Սահմանադրությամբ տրված լիազորությունների, թե ով կունենա խորհրդարանական մեծամասնության վստահությունը, նա էլ դառնում է վարչապետ: Խոսքն այս մասին էր, այսինքն` անկախ նրանից, ով կլինի վարչապետը, լինելու է նա, ում հավանություն կտա ՀՀԿ եւ ՀՅԴ կոալիցիան: Ու սա ոչ թե իմ ցանկությունն է, այլ դասագրքային ճշմարտություն է եւ բխում է ՀՀ այլեւս բարեփոխված Սահմանադրության ոգուց:

– Իսկ ո՞ւմ է ցանկանում քաղաքական մեծամասնությունը տեսնել 2018-ին վարչապետի պաշտոնում` նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին:

– Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն: Օրը կգա, բարին էլ հետը: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի կառավարության փոփոխության հարց չկա: Մենք ընդամենը օրեր առաջ ենք ընդունել կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը, եւ ընդամենը մի քանի շաբաթ առաջ է ՀՀ նախագահը վերանշանակել վարչապետ Կարեն Կարապետյանին: Իսկ թե 2018-ի ապրիլին ինչպիսի զարգացումներ կլինեն, երբ կգա ժամանակը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկումներ կիրականացնեն եւ կներկայացնեն նոր կառավարության կազմը: 

– Ի դեպ, երեկ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ականները, կարծես, դժկամությամբ կողմ քվեարկեցին Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագծին, որին բացասական եզրակացություն էր տվել ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանն ու հանձնաժողովում նախագծին դեմ էր քվեարկել ՀՅԴ-ական պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Ինչպե՞ս եք վերաբերում գործընկերների այսպիսի վարքագծին:

– Քաղաքական բազմակարծություն է, եւ հիմա իրենք իրենց կարծիքը կարող են ունենալ, մենք` մերը: Եթե կողմ չէին, թող չքվեարկեին... Իսկ եթե ուզում եք ասեք, որ վտանգված է կոալիցիան, միանգամից ասեմ` չեմ կարծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА