ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի». Վահրամ Բաղդասարյան

07.07.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի». Վահրամ Բաղդասարյան

Խորհրդարանում երեկ մեկնարկեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որն օրենսդիրներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարն անդրադարձավ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքին, համաշխարհային տնտեսության զարգացումներին եւ նշեց, որ 2011 թվականից սկսած դրանք կրել են բացասական բնույթ, ինչն էլ ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Իսկ արդեն 2014-ից անկում է նկատվել նաեւ Ռուսաստանի տնտեսությունում, ինչի բացասական հետեւանքները զգացվել են նաեւ մեր երկրում` տրանսֆերտների նվազեցում եւ այլն: Արդյունքում հաշվետու տարում ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ, սակայն տարին փակվել է 0,2 տոկոս աճով: Ներկայացված հաշվետության վերաբերյալ ելույթներն Ազգային ժողովում բաժանվեցին երկու թեւի` «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը որոշեցին հանդես գալ ամենաընդդիմադիր դիրքերից, իսկ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ հիմնավորում էին, թե ինչու ստացվեց այդպես: Ակտիվ քննարկման, Սեւանից ջրառի, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

ԸՆԿԵՐ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԵՆ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ, ԱՅԼ ԽՆԴԻՐ Է` ՄԵԶ ԳՈՀԱՑՐԵ՞Լ Է, ԹԵ` ՈՉ»

–Պարոն Բաղդասարյան, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բավական մեղմ ընդունեց: Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ այսօր նույն ԲՀԿ-ականները «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում սվիններով են ընդունում 2016-ի բյուջեի կատարողականը, որը հիմնականում հենց Հ. Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքն է:

– Չեմ ուզում անձնավորել, այլ պարզապես ուզում եմ հիշեցնել, որ իրենք նաեւ մասնակիցն են եղել այդ ծրագրի իրականացման: Իհարկե, տեմպերը թույլ են եղել, բայց այդտեղ, բնականաբար, աշխատանք կատարվել է, եւ, համենայնդեպս, գնահատականը այնպիսին է, որ կառավարությունը կատարել է կատարողականը: Այլ խնդիր է` մեզ գոհացրե՞լ է, թե` ոչ, եւ այդ իսկ պատճառով 2017 թվականին կառուցվածքային տեսանկյունից մի փոքր մեր մոտեցումները փոխել ենք: Իհարկե, պետք է հետեւություններ անենք` ե՛ւ 2016, ե՛ւ նախորդած տարիների բյուջեներից եւ ամեն ինչ դիտարկել համեմատության դաշտում: Մենք ունեցել ենք ոլորտներ, որտեղ կարողացել ենք պահպանել կայունություն, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, տնտեսական ու ներքին ցնցումներից: Մինչդեռ այդ ամենն իր ազդեցությունն ունենում է: Տնտեսությունը նուրբ է, իսկ բացասականը` զգայուն, եւ ամեն ինչ միանգամից երեւում է: Իսկ դրականը, որը թեպետ դանդաղ է ընթանում, բայց կա, անմիջապես չի երեւում, կամ չեն ցանկանում տեսնել:

– Ի դեպ, ընդդիմախոսները 2016 թվականի ներքին ցնցումներին գրեթե չանդրադարձան, չնայած նրան, որ Հայաստանը նախորդ տարի վերապրել էր ապրիլյան պատերազմ, հուլիսյան ահաբեկչան դեպքեր... Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրենք էլ շատ գիտեն այդ ներքին ցնցումների մասին: Պարզապես, սա պատրվակ էր` քննադատելու եւ իշխանության նախաձեռնած գործերը ձախողելու, բայց այդ ճանապարհով որեւէ արդյունքի չեն կարող հասնել:

«ՊԱՐԶԱՊԵՍ, ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ»

–Երկրորդ ընթերցմամբ երեկ ընդունվեց Սեւանա լճից 100 միլիոն խմ ջրառի վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որին, ի տարբերություն բյուջեի կատարողականի, կողմ էր «Ծառուկյան» դաշինքը: Արդյոք սա պայմանավորված է անձնական շահերով, որ ընդդիմադիր խմբակցությունը հանկարծ որոշեց այս հարցում կառուցողական մոտեցում ցուցաբերել: 

Միքայել Մելքումյանը Ծառուկյանի գազանանոցի մասին

– Չեմ կարծում, որովհետեւ իրենք բոլորն էլ հասկանում են, որ այդտեղ խոսքը շուրջ 130 հազար բնակչության առջեւ ծառացած 40 հազար հեկտար տարածքի ոռոգման խնդրի մասին, ինչն անհրաժեշտություն է: Իսկ Սեւանի մակարդակի բարձրացումը դինամիկ գործընթաց է, եւ մինչեւ 2030 թվականը կունենանք ջրի մակարդակի բարձրացման 6 մետրանոց նիշ: Այդ զարգացումն արդեն իսկ ընթանում է, այնպես որ, հասցնելու ենք: Բոլորն էլ հասկանում են այս ամենը, ուղղակի, շահարկման առարկա են դարձնում:

– «Ելք» խմբակցությունն այս օրենքի հակասամանադրականությունը որոշել է վիճարկել Սահմանադրական դատարանում, ինչի համար պատրաստվում են պատգամավորներից համապատասխան ստորագրությունների քանակ հավաքել...

– Է՜հ... Ուրիշ հարց ունե՞ք:

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ»

–Անդրադառնանք նաեւ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանում տիրող զարգացումներին: Հակառակորդը կրկին հարձակման փորձ արեց, պատասխանն էլ չուշացավ մեր կողմից: Ձեր գնահատմամբ` ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը` թե՛ սահմանում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ:

– Պետք է նույն ձեւով շարունակենք: Միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի, որովհետեւ գործ ունենք անկանխատեսելի թշնամու հետ, որն ամեն օր, ամեն գիշեր կարող է սադրանք անել: Մենք գործ չունենք պարկեշտ կողմի հետ, որը կարողանում է իր խոսքը պահել, Ադրբեջանի գործն ու խոսքը չեն համապատասխանում` վերցրած Սանկտ Պետերբորգի եւ Վիեննայի պայմանավորվածություններից ընդհուպ 1994 թվականի պայմանագրային կետերը: Այդ իսկ պատճառով էլի եմ ասում` ամեն ինչի պետք է պատրաստ լինենք:

– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամբիոնից մեղադրանք հնչեցրեց, թե այն, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության աչքին «զոհ» երեւալ, պատճառն է, որ ապրիլյան պատերազմից հետո հետեւողական չեղանք` Թալիշի խաղաղ բնակիչներին եւ մեր զինվորներին ԻԼԻՊ-ի ոճով խոշտանգման, փոքրիկ արցախցու սպանության դեպքերի փաստերի հիման վրա համապատասխան գործընթացները զարգացնելով: Կա՞ այստեղ թերացում:

– Այն, ինչքանով պետք է, շատ բաց ենք աշխատել, ե՛ւ մամուլի, ե՛ւ միջազգային հանրության հետ, ու որեւէ բան չենք թաքցրել: Այլ խնդիր է, որ Ադրբեջանն այսօր այլ ոճով է աշխատում: Իսկ եթե պարոն Մարուքյանը գտնում է, որ բարձրաձայնումը քիչ է, ինքը միշտ հնարավորություն ունի եւ կարող է բարձրաձայնել:

Գագիկ Ծառուկյանը դիմել է կառավարություն՝ տարկետման միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА