ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զորախումբը տարածաշրջանում կայունության ապահովման լրջագույն գործոնի կվերածվի»

19.07.2017 19:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Զորախումբը տարածաշրջանում կայունության ապահովման լրջագույն գործոնի կվերածվի»

ՌԴ Պետական դուման նախորդ շաբաթ, ընդ որում` միաձայն, վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռեւս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը, որը կնքվել է 5 տարով եւ ունի 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգելու հնարավորություն: Այս շաբաթ համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ որոշման նախագիծն արդեն ՀՀ կառավարության օրակարգում է, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:

Ի՞նչ է ակնարկում ԱՄՆ նախագահը

«ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՈՐՊԵՍ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԵՐԱՇԽԻՔ»

Պարոն Ջամալյան, Ձեր գնահատմամբ` այս համաձայնագիրը ի՞նչ հավելյալ լծակներ կարող է ավելացնել ՀՀ սահմանների պաշտպանության առումով:

– Մեր երկրի առջեւ ծառացած սպառնալիքները բազմաբնույթ են. կան տեսանելի, հստակ ուրվագծվող եւ պոտենցիալ սպառնալիքներ: Ըստ այդմ` մենք պետք է ունենանք անվտանգության ապահովման միջոցների լայն դիապազոն: Եվ քանի որ թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ռուսաստանի համար այդ սպառնալիքների զգալի մասը ընդհանուր է, ապա հայ-ռուսական համատեղ զորախումբն այդ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համարժեք միջոցն է: Անկասկած, զորախումբը տարածաշրջանում կայունության ապահովման լրջագույն գործոնի կվերածվի:

Համաձայնագրի անհրաժեշտությունը որոշ փորձագետներ բացատրում էին նրանով, որ այն, ինչ չի անի ՀԱՊԿ-ը` որպես մեր անվտանգության երաշխավոր, կանի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Արդյո՞ք համամիտ եք այս մտքի հետ:

– Այդ տեսակետը տրամաբանական եմ համարում: Անշուշտ, զորախումբը հանդես է գալու որպես մեր երկրի անվտանգության հավելյալ երաշխիք: Ավելին` արտաքին սպառնալիքների չեզոքացման հավելյալ երաշխիքների ստեղծումը միշտ ակտուալ է լինելու մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Այդուհանդերձ, բնավ չթերագնահատելով միացյալ զորախմբի դերը` եղել եւ մնում եմ այն տեսակետին, որ մեր երկրի պաշտպանության գործում պետք է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին:

«ՍԽԱԼ Է ԶՈՐԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԸՆԿԱԼԵԼ` ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»

Ի դեպ, տեսակետներ կան, որ միացյալ զորախումբը, որի հրամանատարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը, միեւնույնն է, չի կարող գործել առանց ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանի: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք սա:

Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է. Դավիթ Տոնոյան

– Սկզբունքորեն սխալ է զորախմբի ստեղծումն ընկալել` որպես նվեր մեր երկրին: Համատեղ զորախմբի ստեղծումն ածանցյալ է մեր երկու երկրների հեռահար շահերի համընկնումից, ընդհանուր սպառնալիքների առկայության ընկալումից: Ըստ այդմ` զորախմբի կիրառման հարցերը միջպետական պայմանավորվածությունների առարկա են: Միեւնույն ժամանակ, սկզբունքորեն կարեւոր է ընդգծել հետեւյալը. հայ-ռուսական ռազմական դաշինքն անհրաժեշտ է երկու կողմերին էլ: Կողմերից որեւէ մեկն ավելի շահագրգռված չէ այդ դաշինքի առկայությամբ, քան մյուսը: Հետեւաբար, համատեղ զորախումբը, որն այդ փոխադարձաբար անհրաժեշտ դաշինքի արդյունքն է, պետք է կիրառվի երկու կողմերի կենսական շահերին համահունչ: Կարծում եմ` զորախմբի կիրառման իրավահավասարության հետ կապված խնդիր չկա:

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՏՐԱՆՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»

Արդյոք, ըստ անհրաժեշտության, միացյալ զորախումբը կարող է դերակատարություն ունենալ արցախյան սահմաններում:

– Մեզ համար կան անվտանգության ապահովման առաջնահերթություններ, որոնք մեր դաշնակիցներին հայտնի են: Հարկավոր է հաշվի առնել, որ «մեծ պատերազմի» դեպքում ռազմագործողությունները չեն սահմանափակվելու միայն արցախյան թատերաբեմով: Ըստ այդմ` սկզբունքորեն չեմ բացառում զորախմբի դերակատարությունը լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման դեպքում, այլ հարց է, թե որտեղ եւ ինչ տեսքով կլինի այդ դերակատարությունը: Մեզ թույլ տանք համարձակ ենթադրություն. Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, քանզի առանց Արցախի ներկա տարածքի, չի կարող լինել կենսունակ հայոց պետականություն: Ուստի` հավանական է, որ զորախումբը կիրառվի այնպես, որ հնարավոր դառնա ՀՀ ռազմական ներուժի լիարժեք ընդգրկումն Արցախի սահմանների պաշտպանությանը: Այլ կերպ ասած` որպեսզի հնարավոր լինի արցախյան թատերաբեմում կենտրոնացնել ագրեսորին արագ եւ վճռական պարտության մատնելու համար անհրաժեշտ ուժեր: Վերը նշվածը զորախմբի կիրառման սցենարներից մեկն է միայն, պարզապես լինելով սեփական ուժերին ապավինելու կողմնակից` ես դեմ եմ որեւէ արտաքին ուժին մեր պետականության անվտանգության հարցում վճռորոշ դերակատարություն վերագրելուն, անգամ, երբ խոսքը դաշնակից արտաքին ուժի մասին է: Վտանգավոր եմ համարում մեր հանրության շրջանում արտաքին պաշտպանի պատրանքի ստեղծումը: Դաշնակից արտաքին ուժը կարող է միայն հավելյալ դերակատարություն ունենալ: Արցախի պաշտպանության բանակը երկու ադրբեջանական ագրեսիա ետ մղելով` Արցախի սահմանները նախ հաստատելով, ապա վերահաստատելով` ապացուցել է իր մարտունակ ուժ լինելն ու ՀՀ Զինված ուժերի հետ միասին ունակ է հուսալիորեն պաշտպանել մեր երկիրը: Պարզապես, հավելյալ աջակցությունն այդ գործում երբեք ավելորդ չէ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան

«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ»

Առհասարակ, այս փուլում ինչպե՞ս կգնահատեք սահմանային իրավիճակը, եւ դրանից ելնելով` ինչպիսի՞ն պետք է լինեն մեր առաջիկա ռազմաքաղաքական քայլերը:

– Սահմանին իրավիճակի ապակայունացումն ունի ցիկլային բնույթ` լարվածության փուլին հաջորդում է հարաբերական անդորրի փուլը, որի տեւականությունն ուղիղ համեմատական է հակառակորդի կորուստների մասշտաբներին. որքան ավելի մեծ են կորուստները, այնքան ավելի երկար է հարաբերական անդորրի փուլը: Ըստ այդմ` պետք է օգտագործել ցանկացած առիթ, եւ հակառակորդին հնարավորինս մեծ վնաս հասցնելով` վաստակել անդորրի հերթական ժամանակահատվածը: Իսկ լայն առումով` պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Անշուշտ, մեր զինանոցում հեռահար խոցման միջոցների առկայությունն իր զսպող դերը կատարում է: Սակայն, միանգամայն հավանական է, որ հակառակորդը դիմի լոկալ բնույթի, կարճատեւ ու սահմանափակ ուժերի եւ միջոցների ընդգրկմամբ` մարտական գործողությունների: Ահա այս սցենարին է հարկավոր պատրաստ լինել: Ես վստահ եմ, որ թե՛ Բաքվի կառավարող վերնախավի, թե՛ ադրբեջանական հանրության մոտ ագրեսիվ նկրտումները տեղի կտան միայն այն դեպքում, եթե իրենք նախահարձակ գործողություններին հետեւանքով նոր տարածքներ կորցնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА