ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչքան Հայաստանում ավելի շատ լինեն ռազմաբազաներ, այնքան ավելի լավ հենց ՀՀ-ի համար»

21.07.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ինչքան Հայաստանում ավելի շատ լինեն ռազմաբազաներ, այնքան ավելի լավ հենց ՀՀ-ի համար»

Երեւանում է ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ, որի հետ էլ առիթ ունեցանք զրուցելու հայ-ռուսական հարաբերությունների եւ դրա հետ առնչվող մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ: Ի դեպ, ուշագրավ էր այն, որ մշտապես ռուսաստանյան շահերից ու հետաքրքրություններից հանդես եկող քաղաքագետը` այս անգամ անկեղծորեն նշեց, որ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո` իր համար դժվարացել է հայաստանյան լրատվամիջոցների հետ շփվելն ու հարցերին պատասխանելը:

Պատվիրատուների վերջին թիրախը բանակն է

«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԼՈՒՐՋ ՍԽԱԼ, ԻՆՉՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է»

– Գիտեմ, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը շատ լուրջ խնդիր է դարձել հայ-ռուսական հարաբերությունների համար, եւ դեռեւս  նախորդ տարի Մոսկվայում Արտաքին գործերի նախարարության իմ ընկերներին ու փորձագիտական շրջանակներին ասել եմ, որ առաջ ավելի հեշտ էր ելույթ ունենալ Հայաստանում: Ժամանակին խոսում էի այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, որ այստեղ կա ռուսական ռազմաբազա, եւ այս ամենը ոչ մի կերպ չէր հակասում Հայաստանի անվտանգությանը: Մինչդեռ այսօր ստացվել է այնպես, որ Ռուսաստանի կողմից զենքի այսպիսի քանակի ներդրումը տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանում, ստեղծել է որոշակի բալանսի խախտում: Ընդ որում` այդ բալանսի խախտումն ակներեւ է բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր շատ են ցանկանում ե՛ւ Հայաստանի հետ պահպանել ընկերական հարաբերությունները, ե՛ւ Ադրբեջանի: Այստեղ տեղի է ունենում լուրջ սխալ, ինչն անհանգստացնող է: Իհարկե, չմոռանանք, որ ապրիլյան պատերազմից հետո` Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով կայացվեց որոշում, որ տարածաշրջանում զենքի տրամադրման բալանսի խախտումը պետք է ուղղել, որից հետո էլ տեղի ունեցավ լուրջ զենքերի տրամադրում Հայաստանին: Լիահույս եմ, որ կողմերի միջեւ զինանոցի բալանսի խախտում այլեւս չկա, բայց, ամեն դեպքում, այստեղ անհրաժեշտ է կոնկրետ վերլուծություն:

– Պարոն Միհրանյան, բայց այսքան ժամանակ հենց Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ասում էր, որ զենք է վաճառում կամ տրամադրում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին, որպեսզի կողմերի միջեւ ապահովի հավասարությունը...

– Իրենք այլ բան են ասում` ե՛ւ Վ. Պուտինը (ՌԴ նախագահ), ե՛ւ Ս. Լավրովը (ՌԴ ԱԳ նախարար), ե՛ւ Դ. Ռոգոզինը (ՌԴ փոխվարչապետ), ե՛ւ ընդհանրապես` բոլորն ասում են, որ այդպես է թելադրում զենքի համաշխարհային շուկան` եթե մենք չվաճառենք, ուրիշները կվաճառեն: Ուրեմն` ավելի լավ է մենք, քան` մյուսները, քանի որ այսպես գոնե կիմանանք, թե ինչ զենքի են տիրապետում, ինչ քայլեր կարող են անել, որպեսզի հետո հնարավոր լինի պաշտպանել մեր դաշնակցի շահերը: Այնպես որ, այստեղ հարցը հավասարակշռությունը պահպանելը չէ: Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ոչ թե, որ պահպանի հավասարակշռությունը, այլ որպեսզի եկամուտ ստանա: Որքան էլ ասվածը ցինիկ է հնչում, բայց այս մասին բազմիցս ասել է նաեւ Դ. Ռոգոզինը, որի մասին վստահ եմ` հիշում եք: Վաճառել են ու պիտի վաճառեն եւ այստեղ կարող է լինել մեկ ռադիկալ որոշում` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք միջնորդ պետությունների միջեւ ձեռք բերվի պայմանավորվածություն, որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան չպետք է զենք վաճառեն այս տարածաշրջանում` հաշվի առնելով, որ այն կոնֆլիկտածին է: Բայց անգամ այս դեպքում հնարավոր չէ արգելել ողջ աշխարհին, այդ թվում` Պակիստանին, Թուրքիային, Իսրայելին, որ զենք չտրամադրեն կամ վաճառեն Ադրբեջանին: Այսինքն` որքան էլ ցավալի է ընդունել, հանուն Հայաստանի կազմակերպել նման գործընթաց` հնարավոր չէ:

Սա սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին. (տեսանյութ)

«ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԳՏԱԾ` ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՆԵՑԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ»

– ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի համաձայն` արգելվում է զենք վաճառել ագրեսոր պետությանը: Գուցե սրա՞ վրա է պետք ուշադրություն դարձնել, որպեսզի այն զսպաշապիկ դառնա Ադրբեջանին զենք վառաճողների համար:

– Հարցն այն է, որ տարանջատել, թե ով է ագրեսորը, ով` ոչ ագրեսորը,  կարող է միայն անվտանգության խորհուրդը: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշակի սանկցիաներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք կհամարվեն ագրեսոր: Բայց, ցավոք, Ադրբեջանի նկատմամբ այդպիսի տարանջատում չկա, եւ դրա համար էլ զենքի վաճառքը օրինական ճանապարհով իրականացվում է:

– Այդուհանդերձ, որքա՞ն կարող է շարունակվել, միեւնույն ժամանակ, երկու աթոռին նստելու ՌԴ քաղաքականությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:

– Քաղաքականության մեջ շատերը միանգամից նստում են մի քանի աթոռի: Հետեւաբար, կարելի է նստել ոչ միայն երկու, այլ երեք եւ ավելի աթոռների վրա, եթե դու, իհարկե, չես ընկնում: Սա է հենց համաշխարհային քաղաքականության էությունը: Ամեն դեպքում, նախորդ տարվա պատերազմից հետո` ես լրջագույն ամբիոններից հայտարարել եմ եւ հիմա էլ ասում եմ` նոր գործընկեր չգտած` կարող ենք կորցնել ունեցած գործընկերոջը, ուստի` պետք է զգույշ լինենք կտրուկ մոտեցումներից:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՈՒՄԲՆ ԻՀԱՐԿԵ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԼՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ»

– Հենց երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռեւս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը: Ձեր գնահատմամբ` այն ի՞նչ հավելյալ լծակներ կավելացնի Հայաստանի պաշտպանության համար եւ արդյոք կարող է դերակատարություն ունենալ նաեւ Արցախում: 

– Ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում եւ ընդհանրապես` ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը, կարծում եմ` կարեւոր գործոն է Հայաստանի անվտանգության համար: Ըստ իս, հայ-ռուսական միացյալ զորախումբն իհարկե կունենա իր ազդեցությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա: Չեմ ուզում գուշակություններ անել այս հարցում, բայց եթե ինչ-որ երկրի տարածքում կա զենք եւ հնարավորություն` այն կիրառելու, ապա դրանք կարող են միշտ էլ գործի դրվել այնտեղ, որտեղ այդ պետությունը բախվում է վտանգների եւ խնդիրների հետ: Փոքրիկ հուշում անեմ` որոշ ժամանակ առաջ Մոսկվայում` ԱԳՆ-ին մոտ կանգնած շրջանակներում, տարածված էր մի հիմար գաղափար, թե Հեյդար Ալիեւը եկել է Ադրբեջանի իշխանության եւ իր համար պետք է ապահովել փոքրիկ պատերազմ, որից հետո Հայաստանի հետ կկնքի պայմանագիր, կճանաչի Ղարաբաղը եւ այլն: Իսկ հետո այդպիսի գաղափարները  բերեցին նրան, որ ադրբեջանական կողմը սկսեց հարձակվել, մինչդեռ Հայաստանին զենք ոչ ոք չէր մատակարարում: Այդ ժամանակ ես իրավիճակին լավ ծանոթ էի` թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից: Արդյունքում Մոսկվայում որոշում ընդունվեց, որ հիմար գաղափար էր Հայաստանին զենք չմատակարարելը, եւ հնարավորություն տալ Ադրբեջանին իրագործել ոչ մեծ անցումային պատերազմ: Այդ ժամանակ հարեւան երկրից (Վրաստան)` Ախալքալաքի ռազմաբազայից ամբողջ զենքը բերվեց Հայաստան եւ կիրառվեց, ինչն էլ բախտորոշ եղավ, եւ 1994 թվականին կնքվեց զինադադար: Ինչո՞ւ եմ այս ամենն ընդգծում, որպեսզի պատկերացում կազմեք, որ ինչքան Հայաստանում ավելի շատ լինեն ռազմաբազաներ եւ զենք, այնքան ավելի լավ հենց Հայաստանի համար:

Միացյալ Նահանգները, հնարավոր է, ավելացնի Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА