ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Հանրապետականից էլ, Նժդեհից էլ». Է. Շարմազանով

26.07.2017 22:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Հանրապետականից էլ, Նժդեհից էլ». Է. Շարմազանով

Պարզվում է` արեւմտամետ որոշ շրջանակների խիստ ցավեցրել է այն, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հայտարարել է, թե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին այլընտրանք չունի: Ավելին` այն բխում է ՀՀ ազգային եւ պետական շահերից: Եվ որեւէ այլ հակափաստարկ չգտնելով` վերջիններս սկսել են հակասություն փնտրել իշխող Հանրապետական կուսակցության եւ նժդեհյան գաղափարախոսության միջեւ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց Է. Շարմազանովի հետ:

«Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…». Ռուզան Ասատրյանն ահազանգում է

«ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՄԻ՛ ԽԵՂԱԹՅՈՒՐԵՔ»

– Էլի եմ կրկնում` ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն արդարացված է եւ, ըստ իս, ու ոչ միայն իմ կարծիքով` այն այլընտրանք չունի: Դրա վառ ապացույցը գլոբալ առումով այն կոնսոլիդացիան է այդ հարցի շուրջ, որ կա թե՛ հայ հասարակության, թե Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի մեջ: Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցմանը 131 պատգամավորից ընդամենը 7-ն է դեմ քվեարկել: Եվ ՀԱՊԿ-ի անդամակցումն էլ այլընտրանք չունի: Մեր նման երկիրը պետք է այս կամ այն բլոկի անդամ լինի` կա՛մ պետք է լինի ՀԱՊԿ-ի անդամ, կա՛մ ՆԱՏՕ-ի: Այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը` Թուրքիան է: Այսինքն` այլընտրանքը ո՞րն է, կոչ են անում մտնել ՆԱՏՕ՞, թուրքերի հետ էլ ախպերությո՞ւն անել: Կամ կոչ են անում ԵԱՏՄ-ից հրաժարվել, մտնել Եվրամիություն, իսկ ԵՄ-ն մեզ գրկաբաց սպասո՞ւմ է: Եվրամիությունը հիմա չգիտի իր նոր անդամների հետ ինչպես վարվի, թող բացեն Ռիգայի հռչակագիրը կարդան, կհասկանան: Ինչեւէ, այդ հիստերիկ արձագանքները տարբեր փոքր խմբերի կողմից է արվում, եւ չեմ կարծում, թե դրա շուրջ մեծ աղմուկ կա:

ՀՀԿ-ականներին ուղղված հիմնական քննադատությունը մասնավորապես այն է, թե ինչպես է ստացվել, որ հակառուս Նժդեհի հետեւորդները դարձել են ռուսական շահերի ջերմեռանդ պաշտպաններ եւ օրական հարյուր անգամ անարգում են Նժդեհի հիշատակը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մեղադրել իշխանություններին Նժդեհին անարգելու մեջ` ոչ այլ ինչ է, քան տգիտություն: Նույնիսկ չէի էլ արձագանքի նման տգետ արտահայտություններ անողներին, սակայն մտահոգիչ է, երբ իրենց փոքրիկ, կասկածելի շահերի համար սկսել են շահարկել Նժդեհի անունը` փորձելով նրան ներկայացնել հակառուս, Ռուսաստանի դեմ պայքարի առաջամարտիկ, հայ-ռուսական հարաբերություններին խիստ ընդդիմադիր: Մեր հասարակությունը կարող է ամբողջությամբ տեղյակ չլինել, ուստի` կմանրամասնեմ` ես` որպես պատմաբան, որպես մարդ, որն ուսումնասիրել է Նժդեհի գործերը, կարող եմ խորհուրդ տալ բացել Նժդեհի «Հատընտիրը» (1946 թվական) եւ տեսնել, թե սեւով սպիտակի վրա Նժդեհն ինչ է ասում «Ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը» հոդվածում (էջ 478): Մեջբերում եմ` «Ցեղակրոնի` հայի բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է»: Սա է Նժդեհի կարծիքը: Եվ դրանից հետո Նժդեհն այդ հարցի շուրջ նոր կարծիք չի արտահայտել: Այստեղ հակառուսականությունը որտե՞ղ է, որ մեղադրում են` Նժդեհի պատիվը անարգելու մեջ: Ուրեմն` իրենց կեղտոտ հաշվարկների մեջ Նժդեհի անունը թող չտան, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ չգցեն: Նժդեհը ոչ միայն հակառուս չի եղել, ոչ միայն դեմ չի եղել հայ-ռուաական բարեկամությանը, այլ հենց իմ բերած օրինակով կողմ է արտահայտվել այդ բարեկամությանը: Նման տգետ արտահայտություններ անողներին կոչ եմ անում` հեռո՛ւ մնացեք Նժդեհի անունը շահարկելուց, առավել եւս պատմական փաստերը մի՛ խեղաթյուրեք:

«Չի կարելի ամեն ինչ իջեցնել այսքան ցածր մակարդակի»

«ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՂԱՆԱԼԸ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ»

Ի դեպ, հակառուսական կոչեր, ելույթներ, վերլուծություններ սկսվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը այցելեց «Ելք» խմբակցությանը` աջակցության ակնարկով, որին էլ հաջորդեց «Ելքի» պատգամավորների կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին կոչերը...

– Նախ` «Ելք» դաշինքը պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել, որ իրենք կոչ են անում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ նույնիսկ գործընթաց են սկսել, այլ եղել է «Ելք» դաշինքի մի քանի առանձին ներկայացուցիչների կարծիք: Նախորդ խորհրդարանում մի կուսակցություն սկսեց նման գործընթաց, եւ դուք տեսաք, որ խորհրդարանի հավանությանը չարժանացավ: Իհարկե, ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ, սակայն այս հարցում հայաստանյան քաղաքական էլիտայի` ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական մեծամասնության կարծիքն ամրագրված է քվեարկությամբ: Եվ ով ինչ ասում է, պետք է նաեւ այլընտրանք առաջարկի: Ընդ որում` խոսքս միայն «Ելք» դաշինքի մասին չէ: Գոնե, «Ելք» դաշինքի գործընկերներից նման տգետ համեմատություն չեմ լսել, թե Նժդեհին անարգում ենք, մինչդեռ անընդունելի է որոշ իբրեւ «քաղաքագիտական», հասարակական շրջանակների կողմից նման մոտեցումները: Պարզապես, չի՛ կարելի:

Ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերություններում չե՞ք տեսնում նաեւ թերացումներ, որին շատ կոնկրետ անդրադարձավ ՀՀ նախագահն իր հարցազրույցում, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը առավել կոշտ նշեց, որ ռուսական կողմի բացատրությունները` Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում եւ համոզիչ չեն:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի անուններ ՔՊ-ում դեռ չեն քննարկվել

– Դաշնակցային հարաբերություններ ունենալը չի նշանակում, որ պետք է ամեն ինչ հարթ լինի, եւ որեւէ քննարկման հարց չկա: Եվ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին է բնորոշ, այլ նաեւ բոլոր հարաբերություններին: Օրինակ, Գերմանիան եւ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն դաշնակիցներ են, բայց կան հարցեր, որտեղ նրանք ունեն տարբեր կարծիքներ` նույն Փարիզյան պայմանագրից դուրս գալը: Կամ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները, լինելով դաշնակիցներ, մի շարք առանցքային հարցերում ունեն տարբեր կարծիքներ, կարող եմ այս շարքը շարունակել: Այնպես որ, նույնը վերաբերում է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին: Դրա համար պետք է կարողանալ դրական եւ բացասական կողմերը ծանրութեթեւ անել: Իհարկե, Ադրբեջանին զենքի վաճառքը ինչպես մեր նախագահը նշեց, մեր հարաբերությունների ամենացավոտ կողմն է: Բայց, միեւնույն ժամանակ, մենք ունենք հայ-ռուսական հարաբերությունների բազում ստացված եւ հաջողված օրինակներ` ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքագիտական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հումանիտար ու մշակութային ոլորտում: Եվ եթե դնենք կշեռքին` դրական ու բացասական կողմերը` նույն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների, անհամեմատ դրականն ավելի մեծ է: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, այլ այն, թե երբ ասում են` այս կառույցից դուրս գանք, այլընտրանքը ո՞րն է: Ընդունում եմ, որ մենք բազմակարծություն ունեցող երկիր ենք, եւ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, որը հարգում եմ, բայց դրանց կողքին հայտնվում են անհեթեթություններ, որը կարող է անտեղյակ քաղաքացու համար լինել փաստ, ուստի` մեր պարտավորությունն է լույս սփռել իրականության վրա եւ ասել, որ ճիշտը սա է: Մեկը կարող է սրա կողմնակիցը լինել, մյուսը` նրա, բայց մենք համայնք չենք, պետություն ենք, իսկ միջպետական հարաբերություներում նեղանալը կատեգորիա չէ: Պետք է կարողանաս բանակցային սեղանին քո պետական շահն առաջ տանել, ինչն էլ արվում է այս տարիների ընթացքում:

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՈՒՐԻՇ ՍԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

Այդուհանդերձ, տեսնո՞ւմ եք կոնկրետ միտում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները: Օրինակ, վերջերս ՌԴ Պետդումայի խոսնակ Վ. Վոլոդինի կարծիքը` ռուսերենին Հայաստանում պետական կարգավիճակ տալու վերաբերյալ, ավելի մեծ աղմուկ բարձրացրեց, քան այն, որ ԱՄՆ-ի, Եվրոպական պետությունների դեսպանները, այդ թվում` հենց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ժամանակ առ ժամանակ խառնվում են Հայաստանի ներքին գործերին:

ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին

– Հանրապետականները նույն ձեւով խիստ արձագանքել են ինչպես Սվիտալսկու հայտարարությանը, այնպես էլ Վոլոդինի առաջարկին, եւ ոչ թե մյուսների նման` պատերի տակ, այլ հենց ուղիղ իր ներկայությամբ: Իհարկե, Վոլոդինի ասածը չէր բխում մեր դաշնակցային հարաբերություններից, եւ դա այն հարցը չէ, որ մենք պետք է քննարկենք: Հայաստանում կա ու կմնա միակ պետական լեզուն` հայերենը, ընդ որում` ֆիքսենք, որ հանրապետականներն են ամենաառաջինը արձագանքել այդ առաջարկին: Ես` մամուլում, ԱԺ նախագահն ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը` հենց տեղում, եւ այդ թեման փակվել է: Իսկ այն ուժերը, ովքեր սուր են ճոճում, առավոտից իրիկուն ինքնիշխանության մասին են խոսում, թե այն վտանգված է, բա էդ ո՞ւր էին, երբ տարբեր մարդիկ Հայաստանի ներքին գործերին էին միջամտում: Մեկը ԼԳԲՏ դրոշ է բարձրացնում, մյուսն ասում է` փողը տվել ենք, պիտի երաժշտությունն էլ պատվիրենք, բա այդ ժամանակ ինչո՞ւ չէին արձագանքում: Այդ մարդկանց մի բան ունեմ ասելու` ձեռքներդ հեռո՛ւ պահեք Հանրապետականից էլ, Նժդեհից էլ: Մեզ մի՛ սովորեցրեք` ինչ է ինքնիշխանությունը եւ պետական շահը: Եթե կա հարց, որը մեր պետական եւ ազգային շահերին դեմ է, մենք որեւէ բանով կաշկանդված չենք: Լինելով հայ-ռուսական հարաբերությունների ջերմ պաշտպան` շատ հանգիստ ու քաղաքավարի ասում ենք, որ մենք դրա հետ համամիտ չենք, եւ այդ հարցը չի կարող քննարկվել: Նույն կերպ վարվում ենք բոլորի հետ` լինի  ամերիկյան, եվրոպական, թե իրանական ուղղությունը: Իսկ այդ հիստերիկ կոչերը, արձագանքները, թե մենք այս ուղղությունն ենք սիրում, դուք` այն, մեկընդմիշտ շեշտում եմ` մեր առաջին եւ վերջին սերը Հայաստանն է, ուրիշ սեր չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА