ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միջազգային տրիբունալը պետք է որոշում կայացնի` ձերբակալել Ալիեւ անունով ագրեսոր նախագահին»

20.09.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Միջազգային տրիբունալը պետք է որոշում կայացնի` ձերբակալել Ալիեւ անունով ագրեսոր նախագահին»

90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ նույնպես այս օրերին մասնակցում է Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ` ինչպես համաժողովի, այնպես էլ մի շարք այլ ռազմաքաղաքական հարցերի շուրջ:

«Ոչ թոշակավորում են, ոչ օգնում, ոնց ապրեմ» . Ազատամարտիկը ծայրահեղ վիճակում է 

«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՕԳՆԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

– Պարոն գեներալ-լեյտենանտ, ի՞նչ կասեք «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասին, որն արդեն թվով 6-րդն է:

– Այս համաժողովն ինձ համար ունի պատմական նշանակություն: Ես հրավիրված եմ որպես Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցիչ եւ միաժամանակ ներկայացնում եմ նաեւ Ռուսաստանի ցամաքային զորքերի վետերանների խորհուրդը: Այս համաժողովը, քանի որ կապված է Հայաստանի եւ Սփյուռքի հետ, անչափ կարեւոր է, որովհետեւ մենք աշխատում ենք համաշխարհային մասշտաբով հենց Հայաստանի հետ մյուս երկրների եղբայրության, համագործակցության ամրապնդման ուղղությամբ` լինի քաղաքական, տնտեսական, մշակութային, թե, ինչու ոչ, ռազմական առումով: Իհարկե, այս ամենը դեռ շատ խորքային չէ, բայց պետք է փորձենք ինչ-որ կերպ իրականություն դարձնել այս առաջադրանքը, որովհետու Հայաստանը մեր հայրենիքն է, եւ որտեղ էլ լինենք, պարտավոր ենք օգնել եւ պաշտպանել Հայաստանին:

– Իսկ ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում այս համաժողովից:

– Ասել, թե ահա հենց հիմա մենք մեծ արդյունքներ կգրանցենք, բնականաբար, ճիշտ չէ: Բայց այստեղ կարելի է ակնկալել վիթխարի ընկերություն, փոխըմբռնում, ինչպես համաժողովի առաջին օրն իր խոսքում շատ լավ նշեց Արամ Ա կաթողիկոսը: Պետք է այնպես անել, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը մասն է հայ մեծ ժողովրդի եւ պետք է այնտեղ, որտեղ էլ լինի, պահպանի հայ ժողովրդի արժանապատվությունն ու ցուցաբերի անհրաժեշտ փոխգործակցություն: Սա է կարեւորը:

«ԹՈՂ ՄԵՐ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ, ՀԵՏՈ ԽՈՍԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

– Անդրադառնանք նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին. ինչպես գիտեք, ժամանակ առ ժամանակ փորձ է կատարվում սեպ խրել երկու ռազմավարական դաշնակիցների միջեւ: Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված:

– Կարծում եմ` հարաբերությունները լարվում են այն ժամանակ, երբ Ռուսաստանը հերթական անգամ ագրեսոր պետությանը` Ադրբեջանին զենք է վաճառում: Իհարկե, Ռուսաստանն ասում է, թե դրանք կոմերցիոն աշխատանքներ են եւ դրա համար է գնում այդ քայլին, բայց նույն ՌԴ նախագահ Վ. Պուտինը վերջերս ելույթ ունեցավ եւ ասաց, որ կոնֆլիկտային տարածաշրջաններում զենք չի՛ կարելի վաճառել: Մինչդեռ Ռագոզինը (ՌԴ փոխվարչապետ) եւ այլ պարոնայք վաճառում են, որն, ըստ իս, աննորմալ երեւույթ է: 

Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները

– Ի դեպ, առաջիկայում սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը: Արդյոք տեսնո՞ւմ եք հնարավորություն` Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման:

– Որպես պրոֆեսիոնալ ռազմական գործիչ, ես լինեի նախագահի տեղը, չէի գնա հանդիպման այդ ագրեսոր նախագահի հետ, որի անունն Ալիեւ է: Նա անընդհատ հարձակողական դիրքերից է հանդես գալիս, անդադար խոսում է այն մասին, որ Արցախը ադրբեջանական տարածք է, չի կատարում Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս դեպքում ինչի՞ մասին խոսել նրա հետ, փոխզիջումների՞: Նախ թող մեր Շահումյանը վերադարձնեն, հետո խոսեն հնարավոր փոխզիջումների մասին: Ի՞նչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, երբ այսօր նույն այդ ագրեսոր պետությունը կարող է հարձակվել նաեւ Իրանի վրա` Ադրբեջանի հյուսիսային հատվածը ազատագրելու պատրվակով: Էլ չեմ ասում, որ, ըստ նրանց, Երեւանն էլ է իրենցը, Դերբենդն էլ, Թիֆլիսն էլ: Միջազգային տրիբունալը պետք է որոշում կայացնի` ձերբակալելու Ալիեւ անունով ագրեսոր նախագահին, բայց, դժբախտաբար, ոչ ոք քայլեր չի ձեռնարկում: Ասել եմ ու էլի կրկնում եմ` Հայաստանը պետք է  բանակցի ՌԴ-ի հետ, որովհետեւ բոլշեւիկյան բյուրոն 1921 թվականի հուլիսի 5-ին վերցրեց Ղարաբաղ անունով երկիրը Խորհրդային Հայաստանից եւ տվեց նոր-նոր ստեղծված Ադրբեջան անունով թուրքական երկրորդ հանրապետությանը: Ստացվում է` ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար... Արցախն իրավունք ուներ դուրս գալ Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА