ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջավախքում հայապահպանության խնդրի մասին խոսելը նույնն է, որ այդ մասին Արարատի մարզում խոսեն»

20.09.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ջավախքում հայապահպանության խնդրի մասին խոսելը նույնն է, որ այդ մասին Արարատի մարզում խոսեն»

Այսօր կավարտվի «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, որի արդյունքների եւ ջավախքյան խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց համաժողովի մասնակիցներից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՎԱԶԳԵՆ եպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ հետ: Ըստ նրա, այն, որ աշխարհի հայերը հավաքվում են մի հարկի տակ, արդեն լավ է:

Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

– Կարեւոր է, որ հավաքվում ենք, մեկս մեկի հետ ենք զրուցում, թարմացնում ենք մեր հարազատությունը, ընկերությունը, իրար փորձառությունից ենք տեղյակ լինում, իսկ մնացյալ արդյունքները կախված են մեզանից: Վերջին հաշվով յուրաքանչյուրս մեր տեղում պետք է աշխատենք եւ, բնական է, որ նման հավաքները տալիս են նոր էներգիա, նոր շունչ, նոր զգացումներ: Ավելին` միշտ նկատել ենք, որ նման համաժողովներից հետո` համայնքային գործիչները վերադառնում են, կարծես, մի նոր շնչով եւ ուզում են անել նոր, հետաքրքիր գործեր, որի մասին լսել են համաժողովի ընթացքում եւ պարտավորություններ են ստանձնել: Այնպես որ, բոլոր առումներով համաժողովը համարում եմ դրական:

– Սրբազան հայր, համաժողովի թեմատիկ ուղղություններից մեկն էլ հայապահպանության հիմնախնդիրներն էին: Արդյոք այս խնդիրը ծառացած է նաեւ Ջավախքի առջեւ:

– Ինձ համար շատ տարօրինակ է խոսել Ջավախքում հայապահպանության մասին: Ջավախքում հայապահպանության խնդրի մասին խոսելը նույնն է, որ այդ մասին Արարատի մարզում խոսեն: Հետեւաբար, Ջավախքում հայապահպանության հարցը պետք է դուրս գա օրակարգից, այսօր Ջավախքն ունի զարգացման խնդիր, սոցիալական հարցեր, որովհետեւ օր օրի ինչ-որ մի բան փոխվում է:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: 

– Ջավախքը գյուղատնտեսական, անասնապահական շրջան է, եթե կամաց-կամաց այնտեղ ներդրումներ լինեն, վերամշակման գործարաններ լինեն, ժողովուրդը կկարողանա իրացնել իր ապրանքը, կսկսի հարստանալ, լավ ապրել: Եվ շատ անգամ մարդիկ չեն էլ ցանկանա արտագաղթել Ջավախքից, որովհետեւ այդ միջավայրն իրենց հարազատ է: Պետք է մտածենք, թե ինչ խորհուրդներ տանք մեր գործարարներին, որ Ջավախքում, թեկուզ փոքրիկ ֆաբրիկաներ բացեն, որպեսզի աշխատատեղեր բացվեն, եւ գյուղացուն էլ հնարավորություն տրվի` իր ապրանքը արտահանել: Մնացածը, Աստծուն փառք, ամեն ինչ լավ է: Ընդամենն օրեր առաջ եմ եղել Ջավախքում` Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալիբեկյանի հետ, այնտեղ էին նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, որոնք ներկա գտնվեցին Դադեշ գյուղի եկեղեցու վերաօծման արարողությանը, մի մեծ տոնախմբություն եղավ: Իսկ կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ եւ տեղի պատգամավոր Հենզել Մկոյանի եւ Բաբկեն վարդապետի համատեղ ջանքերի շնորհիվ` Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ամբողջ բակը բարեկարգվեց եւ գեղեցկացավ: Այսինքն` Ջավախքն այսօր իր ուրույն ձեւով աշխատում է:

– Ջավախքում մշտապես արդիական է հայկական դասագրքերի խնդիրը, ի՞նչ կասեք այս մասին:

– Այս տարի արդեն դասագրքերը ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով տեղ են հասել, հիմա արդեն բաժանվում են: Այնպես որ, կամաց-կամաց խնդիրները լուծվում են, եւ կյանքն իր հունով ընթանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА