o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ԿՀԱՐՎԱԾԵ՞Ն ՔՐԴԵՐԻՆ

27.09.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ ԿՀԱՐՎԱԾԵ՞Ն ՔՐԴԵՐԻՆ

Այսպիսով՝ իրաքյան քրդերի անկախության հանրաքվեն իր ավելի քան 90 տոկոսանոց դրական արդյունքով կայացած փաստ է: Եվ ինչքան էլ որ իրաքյան Քուրդիստանի ղեկավարները հայտարարեն, թե հանրաքվեն միայն անկախության հարցով բանակցային մեկնարկ է նշանակում, ու մյուս կողմից ինչքան էլ որ համաշխարհային առանցքային ուժերն ու շահագրգիռ պետությունները հայտարարում են, թե չեն ճանաչում այդ հանրաքվեն, մեկ բան հաստատ է՝ միայն հանրաքվեի փաստն արդեն իսկ լրջագույն զարգացումներ է խոստանում ոչ միայն Մերձավոր Արեւելքին, այլ նաեւ՝ հարեւան տարածաշրջաններին ու թերեւս՝ նաեւ մեզ:

Սիրիայում ռազմական գործողություններ անող Թուրքիան թող զորակցություն չսպասի մեզնից․ Մակրոն

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵՑ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Բայց մինչ հնարավոր զարգացումներին հասնելը, նախ ֆիքսենք այն իրավիճակը, որը ձեւավորվեց քրդերի քվեարկությունն ավարտվելուն պես: Ամենասպասվածը, իհարկե, Իրաքի արձագանքն էր, հաշվի առնելով, որ բավական է պաշտոնական Բաղդադն ակնարկեր, որ պատրաստ է հաշտվել հանրաքվեի արդյունքների հետ, որ կարելի կլիներ քրդերի անկախությունն ընդունել որպես կայացած փաստ: Այն առումով, որ հանրաքվեն միանգամից կդառնար միջազգային օրենքի առումով անխոցելի, եւ ԱՄՆ-ն ու Իսրայելն անարգել կկարողանային քաղաքական բոլոր հարթակներում մինչեւ վերջ առաջ տանել Քուրդիստանի ստեղծման գործընթացը: Ընդ որում, վաղուց կար տեղեկատվություն, որ ամերիկյան եւ հատկապես՝ իսրայելյան տարբեր պատկան գործիչներն ու հատուկ ծառայություններն ամեն կերպ փորձում էին համոզել, անգամ պարտադրել Բաղդադին՝ ճանաչել հանրաքվեն: Կային նաեւ տեղեկություններ, որ մյուս կողմից էլ Թուրքիան եւ հատկապես Իրանն ամեն կերպ «տակից» սատարում էին նույն Բաղդադին, որ վերջինս իրեն միայնակ ու թույլ չզգար եւ կարողանար դիմակայել ամերիկաիսրայելյան կոշտ ճնշումներին: Արդյունքում, Բաղդադը դեռ մինչ հանրաքվեն էր հայտարարել, որ չի ընդունելու այն եւ քվեարկությունից հետո նույնպես վերահաստատեց՝ ոչ միայն չի քննարկում այդ հարցով բանակցել քրդերի հետ եւ նույնիսկ հանրաքվեի հետ կապված որեւէ բան քննարկել, այլ այդ գործընթացը համարում է հակասահմանադրական: Իսկ վերջինը շատ կարեւոր է՝ իշխանությունը համարում է, որ խախտվել է պետության սահմանադրական կարգը, այսինքն՝ ոչ թե կարող է, այլ պարտավոր է դրա դեմ բոլոր քայլերը ձեռնարկել: Այդ թվում՝ դիմել ռազմական միջամտության եւ պետք եղած դեպքում նույնիսկ դրսից ռազմական օգնություն խնդրել:

Հանրաքվեից հետո, ինչպես եւ սպասվում էր, չփոխվեց նաեւ իրաքյան Քուրդիստանի անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի դիրքորոշումը: Դա հասկանալի է. նախ՝ իրաքյան Քուրդիստանի ստեղծումը միանգամից կգերակտիվացնի Թուրքիայի մոտ 15 եւ Իրանի մոտ 8 միլիոնանոց քրդական համայնքները ¥համեմատության համար նշենք, որ Իրաքի քրդերի թիվը գնահատվում է 7 միլիոն մարդու կարգի¤ եւ Քուրդիստան պետության աջակցության դեպքում նրանց պայքարը կդառնա շատ ավելի էֆեկտիվ: Եվ ամենակարեւորը՝ ակնհայտ է, որ Քուրդիստանը ¥չմոռանանք նաեւ դրա ընդլայնվելու պոտենցիալի մասին¤ միանգամից կվերածվի ամերիկաիսրայելյան ռազմաքաղաքական հենակետի, ինչը հիմքից կփոխի Մերձավոր Արեւելքի ներկայիս ողջ աշխարհաքաղաքական դիմագիծը: Ընդ որում, հարեւանությամբ ունենալով այնպիսի մահացու թշնամիներ, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան, Քուրդիստանը շատ երկար ժամանակ իր այդ հենակետային ֆունկցիայից, այսինքն՝ ԱՄՆ-ի տանիքի տակ մնալուց հրաժարվել հազիվ թե կարողանա: Չմոռանանք նաեւ, որ Քուրդիստանը հիմնվում է Իրաքի ամենահարուստ նավթային տարածքներում: Այսինքն, այս գործընթացը նաեւ իր էական էֆեկտը կունենա էներգետիկ համաշխարհային շուկաների վրա, եւ այդ տեղաշարժը նույնպես ԱՄՆ-ի օգտին է լինելու:

ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ

Մի խոսքով, Քուրդիստանը Իրանի եւ Թուրքիայի համար նաեւ երկարաժամկետ կտրվածքով է մահացու վտանգ, ու պատահական չէ, որ Թեհրանն այն համարում է երկրորդ Իսրայել: Կարճ ասած, հանրաքվեից առաջ սկսված եւ անմիջապես հետո ծայրահեղ կոշտության հասած Թեհրանի ու Անկարայի ռեակցիան պարզապես չէր կարող չլինել: Ուստիեւ՝ ներկայիս ամբողջ խնդիրն այն է, թե նախ՝ Քուրդիստանի դեմ հանդես եկող ուժերը մինչեւ ո՞ւր կարող են հասնել, պատրա՞ստ են ռազմական սցենարին: Եվ մյուս կողմից՝ նման զարգացումներին պատրա՞ստ են նաեւ Քուրդիստանին աջակցող ուժերը: Բաղդադը թեեւ չհապաղեց հայտարարել, որ պատրաստ է զորք մտցնել քրդաբնակ գոտի, սակայն հասկանալի է, որ դրա հնարավորությունը չունի: Նախ՝ իրաքյան բանակը շարունակում է մնալ ամերիկյան ազդեցության տակ: Երկրորդը, կաշկանդված են «Իսլամական պետության» հետ դեռ շարունակվող պատերազմով: Եվ մյուս կողմից ԱՄՆ-ը քրդերին ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ մինչեւ ատամները զինեց, ու հիմա քրդական ուժերը կարող են ամենաքիչը հավասար հնարավորություններով դիմակայել իրաքյան բանակին: Նաեւ հաշվի առնենք, որ անկախությունն այսքան մոտ տեսնող համաշխարհային քրդությունը մեկ մարդու պես կհամախմբվի իրաքյան Քուրդիստանի շուրջ, ինչը նշանակում է, որ իրաքյան բանակն ինքնուրույն ոչինչ անել չի կարող: 

Եվ, իհարկե, պատահական չէր իրաքյան եւ թուրքական բանակների համատեղ զորավարժանքները, որի մեկնարկը տրվեց Քուրդիստանի սահմաններին՝ հանրաքվեի ավարտվելուն պես: Մինչ այդ, քրդական տարածքների հարեւանությամբ զորավարժություններ էր սկսել նաեւ Իրանը, որի ժամանակ նույնիսկ մի քանի քրդական գյուղերի հարվածներ հասցվեց: 

Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով. «Կոմերսանտ»-ի անդրադարձը երկրում սկսված անկարգություններին

Այսինքն՝ Թեհրանն ու Անկարան, անշուշտ, հստակ գիտակցում են, որ եթե չհաջողվի էս գլխից խեղդել Քուրդիստանի ստեղծման բոլոր հեռանկարները, վաղն արդեն դա հնարավոր չի լինի: Իհարկե, հենց այսօր քրդերն էլ անկախ Քուրդիստան չեն հռչակի, դա անիմաստ է, միայն կվատացնի վիճակը: Բայց ահա ոչ միայն քրդերի կողմից, այլ նաեւ՝ ԱՄՆ-ից լսվեցին ակնարկներ, որ խնդիրը պետք է տեղափոխել քննարկումների փուլ: Հասկանալի է՝ ինչքան այդ քննարկումները շարունակվեն, այնքան Քուրդիստանը դե-ֆակտո կկայանա, որից հետո արդեն խնդրի ռազմական լուծումը պարզապես կբացառվի: Ընդ որում, ԱՄՆ-ն, ավելի շուտ՝ Իսրայելն ամեն պահի կարող է ճանաչել Քուրդիստանը, նրա հետ ռազմական դաշինք կնքել, զորքեր տեղակայել ¥այնտեղ այս պահին էլ ամերիկյան զորք կա¤: Եվ այդ դեպքում Թուրքիայի եւ Իրանի ռազմական միջամտությունն արդեն կնշանակի հարված նաեւ ամերիկաիսրայելյան զինուժին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:  

Մի խոսքով, եթե առաջիկա օրերին Իրաքի իշխանությունների խնդրանքով Անկարան եւ Թեհրանը զորք չմտցնեն իրաքյան քրդաբնակ տարածքներ, Քուրդիստանի դե-ֆակտո կայացումը եւ դրանից սպասվող  հեռանկարները կդառնան գործնականում անխուսափելի: Իսկ հարվածելու դեպքում Իրանն ու Թուրքիան շատ հնարավոր է որ ստիպված լինեն նաեւ բախվել իրենց երկրների 8 եւ 15 միլիոն քրդերի հետ, որոնք, ի դեպ, կոմպակտ բնակվում են իրաքյան Քուրդիստանի սահմանների հարեւանությամբ: Բայց մյուս կողմից էլ՝ ներկայումս քրդերին ցուցաբերվող ամերիկյան օժանդակությունը շրջապատված լինելու պատճառով չի կարող մասշտաբային լինել: Կարճ ասած,  հենց սա է Քուրդիստանին հարվածելու ամենահարմար պահը:

ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻՆ  ՎՆԱ՞Ս Է ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ

Սակայն այս պատմության մեջ դեռ քիչ տեսանելի է մնում ռուսական, ասենք՝ նաեւ սիրիական գործոնը: Մերձավոր Արեւելքի կենտրոնում Քուրդիստան անվանմամբ ամերիկյան ռազմական հենակետի ստեղծումը հասկանալի է, որ Մոսկվային հազիվ թե ոգեւորի: Բայց նաեւ չմոռանանք, որ ռուսներն ճանաչել են նույն սկզբունքով անկախություն հռչակած Աբխազիան եւ Հյուսիսային Օսեթիան, ինչպես նաեւ՝ իր կազմ է վերցրել նույնպիսի հանրաքվեով Ուկրաինայից բաժանված Ղրիմը: Այսինքն՝ քրդական հանրաքվեին բացահայտորեն դեմ արտահայտվելը Մոսկվային մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում...

Չնայած, մեծ հաշվով դեռ հարց է, թե Քուրդիստանն իրո՞ք վնաս է Մոսկվային: Նախ՝ Քուրդիստանի թեման ԱՄՆ-ի հետ  պայմանավորվածությունների բավականին լայն դաշտ է բացում, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի հետ կապված: Երկրորդը. Քուրդիստանը խանգարում է Իրանի եւ Թուրքիայի չափից դուրս հզորացմանը, միաժամանակ նրանց պարզապես պարտադրելով՝ էլ ավելի կենտրոնանալ ռուսական վեկտորի ուղղությամբ: Վերջապես, առանց այդ էլ հիմա նույն տարածքներում՝ Իրաքում ամերիկյան վերահսկողություն է, եւ Քուրդիստանի ստեղծումն այդ առումով բան չի փոխում: Չնայած, այս դեպքում արդեն Բաղդադն է լրջագույն խնդիրներ ունենում Իրաքը մասնատած ամերիկացիների հետ, այսինքն՝ իր հերթին է մեծացնելու ռուսական վեկտորի վրա արվող շեշտադրումները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА