ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լավ կլիներ, որ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին»

30.09.2017 00:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լավ կլիներ, որ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին»

ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը, որը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տապալվեց՝ ունենալով ընդամենը մեկ կողմնակից: Իսկ բուն ԵՏՄ-ից դուրս գալու «Ելքի» մյուս նախագիծը, որի զեկուցողն էր նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, առհասարակ չքննարկվեց զեկուցողի բացակայության պատճառով կամ շնորհիվ: Թե արդյոք սա մշակված մարտավարություն էր «Ելքի» կողմից ՝ օրակարգում պահել ԵՏՄ-ից դուրս գալու թեման, սակայն հետեւողական չլինել իրենց իսկ նախաձեռնության մեջ, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

«ՀՆՉԱԾ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՇԱՏ ԽՈՍՈՒՆ ԷԻՆ ԵՎ ԾԱՆՐԱԿՇԻՌ»

– Չեմ կարող նման մեկնաբանություն տալ, համենայնդեպս, ցանկություն չունեմ անդրադառնալ մեր ընդդիմադիր գործընկերների տակտիկական քայլերին: Իրենք, երեւի, ինչ-որ հաշվարկներ ունեին եւ հնարավոր է հարմար են գտել, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կներկայացնի իրենց փաստարկները, քան Էդմոն Մարուքյանը, կամ էլ այլ դրդապատճառներ կային: Ուղղակի, կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին: Ամեն դեպքում, կարծում եմ՝ ովքեր դիտել են համացանցում հանձնաժողովի նիստի ամբողջական տեսագրությունը, կփաստեն, որ բավականին հետաքրքիր ընթացավ: Հնչած հակափաստարկները` թե ինչու չպետք է նման ժամանակավոր հանձնաժողով լինի, ինչում է դրա անտրամաբանականությունը եւ ոչ նպատակահարմարությունը, ըստ իս, շատ խոսուն էին եւ ծանրակշիռ՝ ի տարբերություն այն փաստարկների, որոնք փորձում էին առաջ քաշել եւ ներկայացնել՝ որպես ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն: Եվրասիական տնտեսական միությունում մենք ունենք տնտեսական շահեր, ինչու ոչ, նաեւ քաղաքական շահեր: Միեւնույն ժամանակ, ԵՏՄ անդամ պետությունների հետ ռազմական դաշնակիցներ ենք, գտնվում ենք սերտ ռազմական փոխգործակցության մեջ: Այս երկու կառույցների՝ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի, լոկոմոտիվն, ըստ էության, Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցն է:

«ՄԵՐ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԵՆՔ ԹԵ՛ ԱՍԻԱՅՈՒՄ, ԹԵ՛ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»

Արդյոք այսպիսի նախագծեր հենց այս շրջանում առաջ բերելը որեւէ կերպ կարելի է դիտարկել նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն պայմանագրի համատեքստում:

– Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Եվրոպական միության հետ նոյեմբերին ստորագրվելիք փաստաթուղթն այլ թեմա է, եւ այստեղ որեւիցե խնդիր չեմ տեսնում: Սա մեր փոխլրացնող քաղաքականության շարունակական դրսեւորումն է: Մենք փոքր երկիր ենք` ոչ շատ մեծ հնարավորություններով, հետեւաբար մեր շահերն ունենք թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում: Արդեն ասացի, թե ինչ հետաքրքրություն ունենք ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում եւ դրան զուգահեռ հետաքրքրված ենք նաեւ Եվրոպական միության հետ, ինչու ոչ, նաեւ ՆԱՏՕ-ի հետ բարեկամական լավ հարաբերություններ ունենալով: Բայց սա չի նշանակում, որ դրանով նսեմացվում է մեր շահերը, մեր փոխկապակցվածությունը ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում: Էլի եմ կրկնում՝ «Ելքի» նախաձեռնությունը տրամաբանական ոչ մի կապ չունի Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրելու կամ չստորագրելու հետ:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 – Ի դեպ, Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրմանն ընդառաջ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս իրեն վերապահել է Հայաստանի ուսուցչի դերն ու շեշտել, թե պատշաճ ժամանակին սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքները, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը… Ի՞նչ կասեք այս մասին:

– Պյոտր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ: Ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել: Եթե անգլերեն է ասվել եւ անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել: Այս դեպքում տնային աշխատանքը մի փոքր վիրավորական է հնչում, բայց անգլերենում homework-ը ոչ թե միայն տնային աշխատանքի իմաստն ունի, այլ այսպես ասած քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է պարտավորությունների իմաստով: Ամեն դեպքում, լավ կլիներ թե՛ թարգմանիչները, թե՛ ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց արտահայտություններում կոռեկտությունը պահեին, որովհետեւ նման տարըմբռման խնդիր կարող է առաջանալ: Հասկանում եմ, որ «տնային աշխատանք» արտահայտությունն այս դեպքում ինչ-որ երեխայական, հեգնական նշանակություն ունի, բայց եթե խոսքը պարտավորությունների մասին է, բնական է, որ որպես բանակցող կողմեր` ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Եվրամիությունը ստանձնում են պարտավորություններ: Ավելին՝ մինչեւ այդ պարտավորությունները չկատարվեն, բնականաբար, վիզաների ազատականացում չի լինի: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթին, ապա չեմ կարծում, թե Սվիտալսկին կարող էր նկատի ունենալ այն, որովհետեւ դրա բանակցություններն ավարտված են, եւ մնում է միայն ստորագրման փուլը: Հետեւաբար, այդտեղ պարտավորություններ կատարելու կամ չկատարելու ոչ մի խնդիր չկա: Իսկ վիզաների ազատականացման հարցը, որը բանակցային փուլում է գտնվում կամ դեռ չի էլ սկսվել, այդտեղ, բնականաբար, փոխադարձ պարտավորություններ պետք է լինեն, եւ դրանք պետք է երկկողմանի կատարվեն, որ այդ գործընթացը տեղի ունենա:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА